Նախագծի մասին

Նախագծի մասին

ՀՀ կառավարության 15 մարտի 2012 թվականի N 303-Ն որոշմամբ հաստատված «Տեղեկատվական և ուսուցողական կայքերի մշակման և սպասարկման ծառայություններ» ծրագիրի շրջանակներում մշակվել և գործարկվում է  ՀՀ սփյուռքի նախարարության էլեկտրոնային գրադարան ծրագիրը, որի նպատակն է համացանցում առկա հայերեն գրականության և հայալեզու ուսումնական ու գիտահանրամատչելի նյութերի բացը լրացնելը:

Սփյուռքում հայոց լեզվի պահպանման և տարածման խնդիրն օրակարգային է։ Սփյուռքահայության ստվար հատվածը չի տիրապետում կամ մասնակիորեն է տիրապետում մայրենի լեզվին։ Սփյուռքում հայալեզու տպագիր գրականության ոչ բավարար քանակը կարող էր լրացնել համացանցը, սակայն, ցավոք, հայերենով տեքստերի քանակությունը համացանցում չափազանց քիչ է, ինչը թե՛ Հայաստանի և թե՛ Սփյուռքի օգտվողներին հնարավորություն չի տալիս մնալու հայկական միջավայրում։ Շատ քիչ են հայկական էլեկտրոնային գրադարանները, ինչի պատճառով էլ սփյուռքի մեր հայրենակիցները, հատկապես նրանք, ովքեր չեն ապրում հայաշատ և խիտ բնակեցված համայնքներում, հիմնականում կտրվում են հայկական միջավայրից՝ հայկական մշակույթից, գրականությունից, արվեստից, ազգային արժեքներից։

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության էլեկտրոնային հայալեզու գրադարանի ստեղծումը մեկն է այն պայմաններից, որի առկայության դեպքում աշխարհի ցանկացած կետում գտնվող հայը, ցանկության դեպքում, կկարողանա ապրել և գործել վիրտուալ հայկական աշխարհում՝ հայկական տեղեկատվական, մշակութային, կրթական միջավայրում։  Էլեկտրոնային գրադարանում հաշվի են առնվել արևելահայերեն և արևմտահայերեն գրական ժառանգության առկայությունը, ժամանակակից և դասական ուղղագրությունները։

Էլեկտրոնային գրադարանի բաժինները մշտապես համալրվում  են Հայաստանի, Արցախի, Սփյուռքի դասական և ժամանակակից հեղինակների ստեղծագործություններով և աշխատություններով, հոգևոր, գիտական, ուսումնական  գրականությամբ: Տեղադրվում են  Հայաստան-Սփյուռք գործակցության, Սփյուռքի համայնքների պատմության, Հայոց ցեղասպանության, Արցախյան հիմնախնդրի, հայագիտության վերաբերյալ նյութեր: Գրա­դարանում հիմնականում տեղակայվում են այն գրքերը, որոնց կարիքն ունեն հատկապես մեր հայ­կական դպրոցները: Բացի գրքերից տեղադրվում են նաև տեսանյութեր, ձայնագրություններ, բառարաններ, հանրագիտարաններ:

Ակնկալում ենք մեր հայրենակիցների մասնակցությունն ու աջակցությունը՝ գրադարանը որակյալ գրականությամբ համալրելու և մասնագիտացված կազմակերպությունների խորհուրդներ ստանալու գործում:

Ցանկանում ենք հաճելի ընթերցումներ և հաճախակի վերադարձ մեր կայք:

Լավագույն մաղթանքներով՝
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

Leave a Reply