Տիգրան Կամսարական

Տիգրան Կամսարական

Տիգրան Կամսարական Խաչատուրի (1866, Կ. Պոլիս – 1941, հունվարի 4, Վիշի, Ֆրանսիա), հայ արձակագիր, արևմտահայ ռեալիստական գրական դպրոցի հիմնադիրներից, հասարակական գործիչ: 1884-ին ավարտել է Կ. Պոլսի Արամյան երկսեռ վարժարանը: Թարգմանական և ինքնուրույն գործերը տպագրվել են Կ. Պոլսի «Լույս», «Գիտական շարժում», «Արևելք», «Մասիս» պարբերականներում, հաճախ Օվքիտե, Ասեղ, Նետ, Փյունիկ, Հայկակ և այլ ծածկանուններով:

1888-ին լույս է տեսել նրա «Վարժապետին աղջիկը»՝ հայ գրականության արևմտահայ հատվածի առաջին ռեալիստական վեպը: Երկը նորարարական է իր կոնֆլիկտով ու գեղարվեստական համակարգով, և դա առիթ տվեց վիճելու ժամանակակից գրական մեթոդի, գաղափարական նպատակասլացության, տիպականացման և գեղարվեստական այլ որակների մասին: Վեպի մասին գրվեց երկու տասնյակից ավելի հոդված: Այնուհետև Կամսարականի ստեղծագործության առաջատար ժանրերը դարձան նովելն ու գեղարվեստական քրոնիկոնը: «Հարո», «Հովկուլը» և «Ընկուզին կողովը» («Մասիս», 1892) նովելներում գեղարվեստական ընդհանրացման ուժով Կամսարականը բացահայտել է բռնապետական հասարակակարգի պայմաններում մարդու օտարման հասարակական-քաղաքական ու հոգեբանական արմատները, ուրվագծել դրա հաղթահարման ուղիները: 1895-ին տեղափոխվել է Եգիպտոս: Կրթա-մանկավարժական հարցեր շոշափող «Դյուցազնական», «Անհրաժեշտ անցագիրը» և այլ քրոնիկներին զուգահեռ ստեղծել է «Գողացված հաճույքը», «Ածուխի տեղ», «Վիրավոր փառքը» նովելները, «Ցավին երկվորյակները», «Քու «հայր մեր»-դ» արձակ բանաստեղծությունները: 1910-ին, Միքայել Կյուրճյանի հեղինակակցությամբ, գրել է «Փրկանքը» ռեալիստական դրաման, որը բեմադրվել է Եգիպտոսում, Կ. Պոլսում, Բաքվում, Փարիզում: Կամսարականը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել գրական-գեղագիտական հարցերի նկատմամբ: «Խաչատուր Պատվելին» (1891), «Եղիա Տեմիրճիպաշյան» (1892), «Ալֆոնս Տոտե» (1893) դիմանկարներում, «Ո՛րն է իրական վեպը» (1888), «Հայ գրականության ձգտումը» (1891), «Ռուսահայ և թրքահայ» (1912) և բազմաթիվ այլ հոդվածներում հանդես է եկել ռեալիզմի և ժողովրդայնության կրքոտ պաշտպանությամբ: 1919-ին Կամսարականը տեղափոխվել է Փարիզ:

Leave a Reply