Կոմիտաս (Սողոմոն Սողոմոնյան)

Կոմիտաս
Կոմիտաս

ԿՈՄԻՏԱՍ, Կոմիտաս վարդապետ [Սողոմոնյան Սողոմոն Գևորգի, 26.9(8.10).1869, Քյոթահիա (Կուտինա, Թուրքիա) – 22.10.1935, Փարիզ, թաղված է Երևանի Կոմիտասի անվ. զբոսայգու պանթեոնում], կոմպոզիտոր, երաժշտագետ, երգիչ և խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր: 1881-ին Քյոթահիայի առաջնորդական փոխանորդ Գևորգ վրդ. Դերձակյանը որբացած պատանուն բերել է Էջմիածին և ուսման տվել Գևորգյան ճեմարանում, որտեղ գեղեցիկ ձայնի և երաժշտական ցայտուն ունակությունների համար հատուկ ուշադրություն է դարձվել նրա երաժշտական դաստիարակությանը:

Վաղ հասակում, Սահակ Ամատունու ղեկավարությամբ հիմնովին ուսումնասիրել է եկեղեցական երաժշտության տեսական ու գործնական հիմունքները, հայկական նոտագրությունը, հեղինակավոր աղբյուրներից գրի առել հնագույն հոգևոր եղանակներ: Միաժամանակ սկսել է ժողովրդական երգեր հավաքել, ուսումնասիրել և ստեղծագործական փորձեր կատարել: 1893-ին ավարտելով ճեմարանը` նշանակվել է երաժշտության ուսուցիչ և Մայր տաճարում խմբավար: 1894-ին ձեռնադրվել է աբեղա, 1895-ին դարձել է վարդապետ և ստացել Կոմիտաս անունը (ի պատիվ Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի): Նույն տարվա աշնանը Թիֆլիսում ուսանել է Մ. Եկմալյանի մոտ, 1896–99-ին ուսումը շարունակել և ավարտել է Բեռլինում` Ռ. Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում և Արքունական համալսարանում: Կոմիտասը Միջազգային-երաժշտական ընկերության (ՄԵԸ) հիմնադիր անդամներից է, ընկերության հավաքներում հանդես է եկել հայ երաժշտության մասին զեկուցումներով, ներկայացրել ժողովրդական երգեր և դրանց սեփական մշակումները: Վերադառնալով Էջմիածին` 1899-ից շարունակել է գիտական, ստեղծագործական, մանկավարժական աշխատանքը, ճեմարանի քառաձայն երգչախմբով համերգներ տվել Էջմիածնում, Երևանում, Թիֆլիսում և Բաքվում: Մեծ հաջողությամբ 1906-ին Փարիզում ներկայացրել է (Ֆրանսիայի «Լամուրյո» համերգային ընկերության երգչախմբով) հայ ժողովրդական և հոգևոր երգերի իր մշակումները: 1907-ին Ռ. Ռոլանի հրավերով Սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոցում դասախոսություններ է կարդացել հայ երաժշտության վերաբերյալ: Փարիզում տպագրվել է Կոմիտասի 12 երգերից կազմված ստեղծագործությունների առաջին ժողովածուն (1907): Կոմիտասը համերգներ է տվել նաև Շվեյցարիայում (Ցյուրիխ, Ժնև, Լոզան), դասախոսել Վենետիկի Մխիթարյան միաբանությունում: 1910-ին Էջմիածնի վանական միջավայրն իր գործունեության համար նեղ նկատելով` տեղափոխվել և մշտական բնակություն է հաստատել Կ. Պոլսում: Այստեղ կազմել է 300 հոգուց բաղկացած «Գուսան» (1912-ից` «Հայ գուսան») բազմաձայն երգչախումբը, բազմաթիվ համերգներ տվել Կ. Պոլսում, Ադաբազարում, Պարտիզակում, Ալեքսանդրիայում, Կահիրեում և այլուր: Մամուլում նշվել է Կոմիտասի արվեստի նշանակությունը ոչ միայն հայերի, այլև Արևելքի այլ ժողովուրդների երաժշտության զարգացման համար: 1913-ին Կոմիտասը Պոլսի «Ազատամարտ»-ում տպագրվել է «Հայն ունի ինքնուրույն երաժշտություն» հրապարակախոսական բնույթի փայլուն հոդվածը: 1914-ին Փարիզում Կոմիտասը հայկական ժողովրդական և հոգևոր երաժշտությանը նվիրված մի քանի զեկուցումներ է կարդացել ՄԵԸ կոնգրեսում, արժանացել Եվրոպայի առաջատար երաժշտագետների բարձր գնահատանքին:

Կոմիտասը մասնակցել է նաև թուրքական մշակութային կյանքին, Ստամբուլի Բայազետ թաղի «Թուրքօջախ» մշակութային կենտրոնի հատուկ հրավերով դասախոսել է 1915-ի ապրիլի 2-ի և 3-ի բացառիկ երեկույթներին, մեներգել և իր երգչախմբով կատարել իր իսկ ստեղծագործությունները, որոնք մեծ ընդունելություն են գտել: 1915-ի ապրիլի 24-ին թուրքական կառավարության կազմակերպած հայկական կոտորածն ընդհատել է Կոմիտասի բեղմնավոր գործունեությունը: Եղեռնի սարսափներն ապրելով և անձամբ կրելով աքսորի մղձավանջը` նա կորցրել է մտավոր հավասարակշռությունը և մինչև կյանքի վերջը (Փարիզի հոգեբուժական հիվանդանոցներում) չի ապաքինվել: Հիվանդության առաջին տարիներին զգալի տուժել է նաև նրա ձեռագիր ազգագրական և գիտական ժառանգությունը: Կոմիտասի բազմակողմանի գործունեության մեջ առավել կարևորը ստեղծագործությունն է և հավաքչական ու գիտական աշխատանքը: Ժողովրդական երգերը նա գրառել է գեղջկական կենցաղի ընդերքում, ժողովրդի պատմության ու հոգեբանության խոր իմացությամբ, ազգագրագետի վարպետությամբ, գեղագետի պահանջկոտությամբ և գիտնականի վերլուծական մոտեցումով:

Դրանք բազմաժանր են, հիմնովին երևան են բերում հայ ազգային ոճն ու լեզուն, արտահայտչամիջոցների բազմազանությունն ու ինքնատիպությունը: Կոմիտասի` երաժշտական ֆոլկլորի մի շարք հնագույն և բարձրարվեստ նմուշների հայտնաբերումը (հորովելների եղանակները, «Սասունցի Դավիթ» և «Մոկաց Միրզա» հնագույն վիպերգերը, միջնադարյան անտունիները, հոգևոր տաղերը) դիտվում է որպես պատմա-մշակութային խոշոր հայտնագործություն: Կոմիտասի հավաքած հայ գեղջկական երգերն ամբողջությամբ ներկայացնում են հայ ժողովրդական երգարվեստի անթոլոգիա: Նույնքան նշանակալից են Կոմիտասի ձայնագրած հայ հոգևոր երգարվեստի նմուշները, որտեղ նա հանդես է եկել որպես հայ հոգևոր երաժշտության առանձնահատկությունների խոր գիտակ` իր ձայնագրություններում երևան հանելով հազվագյուտ և մեղեդիական գեղեցկության առումով ինքնատիպ կոթողներ: Ուշագրավ են Գրիգոր Նարեկացու «Հավիկ», «Հավուն-հավուն», «Սայլն այն իջանէր», «Ահեղ ձայնս», Ներսես Շնորհալու «Ստեղծող մանկանց», «Աշխարհ ամենայն», Գրիգոր Գ Պահլավունու «Ով զարմանալի», Հովհաննես Երզնկացու «Այսօր ձայնն հայրական», Մխիթար Այրիվանեցու «Սիրտ իմ սասանի» տաղերի, ինչպես նաև շարականների և Պատարագի երգասացությունների ձայնագրությունները (հիմնականում ամփոփված են 1892-ին` Կուտինայում, 1893-ին Էջմիածնում կազմված և 1946-ին Փարիզում լույս տեսած «Տաղք և ալելուք Հայաստանեայց առաքելական ս. եկեղեցւոյ» ժողովածուներում): Այս նմուշների մի մասը Կոմիտասը հետագայում նաև դաշնավորել է: Կոմիտասն իր տեսական աշխատություններով փաստորեն դրել է հայ երաժշտական ֆոլկլորագիտության և միջնադարագիտության հիմքերը`կարևոր տեղ հատկացնելով ինչպես գեղջկական երգի, այնպես էլ հոգևոր երաժշտության քննությանը: Նա նկարագրել է ժողովրդական երգաստեղծագործության բուն զարգացումը, վերլուծել հայ ժողովրդի երգի տեսակներն ու հորինվածքային հատկանիշները:

Հոգևոր երաժշտությանը նվիրված ուսումնասիրություններում անդրադարձել է հոգևոր երգարվեստի կազմավորմանն ու պատմ. զարգացման պարբերացմանը, ժանրերին, հայ եկեղեցական ձայնեղանակների տեսությանը, մանրուսման արվեստին և խազաբանության հարցերին: Սկզբունքորեն կարևոր է նաև Կոմիտասի կողմից ժողովրդական և հոգևոր երաժշտության հիմքերի միասնության բացահայտումը: Կոմիտասի ստեղծագործությունը, որը գլխավորապես մեներգային և խմբերգային է, ամբողջովին սերում է ժողովրդական կամ հոգևոր երգարվեստի սկզբնաղբյուրներից: Դրանք քնարական սրտառուչ պատումներ են («Գարուն ա», «Քելեր, ցոլեր» ևն), երկրագործական աշխատանքը փառաբանող հիմներ («Լոռու գութաներգ», «Կալերգ և սայլ երգեր» ևն), սոցիալական կեցություն դրսևորող երգ-մենախոսություններ («Ծիրանի ծառ», «Անտունի» ևն), հայրենի բնությունը կամ ավանդական ծեսերը գեղարվեստորեն վերարտադրող ծավալուն տեսարաններ («Լուսնակն անուշ», «Արարատյան գիշեր», հարսանեկան, պարերգային և այլ շարերը): Կոմպոզիտորը դիմել է նաև այլ ժանրերի, եզակի են նրա «Դաշնամուրային պարերը», որտեղ կիրառված են տվյալ դարաշրջանի համաշխարհային երաժշտության համար նոր և խիստ ինքնատիպ միջոցներ ու հնարներ: Պահպանվել են նաև Կոմիտասի` Հ. Պարոնյանի խոսքերով «Քաղաքավարության վնասներ» կատակերգության, Հ. Թումանյանի խոսքերով «Անուշ» պոեմի և «Սասնա ծռեր» էպոսի հիման վրա գրված առանձին երաժշտական հատվածներ, օպերային էսքիզներ ևն:

Բացառիկ հետաքրքրություն են ներկայացնում Կոմիտասի հոգևոր գործերը` բազմաթիվ տարբերակներով, և հատկապես արական խմբի համար գրված վեհաշունչ «Պատարագը», որն ըստ էության ազգային մասնագիտացված երաժշտության կանտատային-օրատորիալ ժանրին պատկանող առաջին դասական նմուշներից է: Դրանց մեջ ցայտուն դրսևորվել է հոգևոր նյութի նկատմամբ ստեղծագործողի անհատականության զորեղ ներգործությունը, ներդաշնակության և մասնավորապես պոլիֆոնիայի մեջ մշակված ազգային երաժշտության և իր ժամանակի եվրոպական երաժշտագրության արտահայտչամիջոցների յուրօրինակ համադրումը: Կոմիտասի ստեղծագործությունն ու կոմպոզիտորական մեթոդը լայն հեռանկարներ են բացել ազգային երաժշտական արվեստի զարգացման համար` դնելով այն համաշխ. երաժշտության հունի մեջ, ինչպես նաև նկատելի ազդեցություն ունեցել արլ. այլ ժողովուրդների երաժշտության զարգացման գործում:

Կոմիտասի անունով են կոչվում Երևանի պետական կոնսերվատորիան, կամերային երաժշտության տունը, լարային քառյակ, պողոտա, զբոսայգի, Ստեփանակերտի երաժշտական դպրոցը ևն: Կոմիտասի արձաններ են կանգնեցված Երևանում, Վաղարշապատում և այլուր: Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

Leave a Reply