Խորհրդային կինոյի գլուխգործոցները կցուցադրվեն Երևանում

Մայիսի 14-17-ը Երևանում՝ «Մոսկվա» կինոթատրոնում, ԱՊՀ մասնակից երկրների Հումանիտար համագործակցության հիմնադրամի աջակցությամբ կկայանա կինոփառատոն` «Հաղթանակը բոլորինն է» խորագրով։

Փառատոնի շրջանակում կցուցադրվեն խորհրդային ռեժիսորների՝ Հայրենական մեծ պատերազմի մասին լավագույն ֆիլմերը։

Ծրագրում ընդգրկված են ֆիլմեր, որոնք ստեղծվել են 20-րդ դարի 50-60-ական թթ. կինոստուդիաներում։ Փառատոնի շրջանակում հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու խորհրդային կինոյի այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են` «Թռչում են կռունկները» (1966), «Ձնծաղիկներ և էդելվեյսներ» (1981) , «Մանչուկի երգը» (1959), «Մահ չկա, տղերք» (1970), «Քայլում էին զինվորները» (1976), «Զինվորի հայրը» (1965)։

Նախատեսված են ցուցադրումներ Ուկրաինայում, Բելառուսում, Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում և Թուրքմենստանում։

«Հաղթանակը բոլորինն է» կինոփառատոնն առաջին հերթին սոցիալական նախագիծ է, որն ուղղված է աջակցելու Մեծ հայրենականի վետերաններին։ Բոլոր ցուցադրումների մուտքն անվճար է։

Նշենք, որ կինոփառատոնը կազմակերպել է «Սովէքսպորտֆիլմ» ընկերությունը։ Նախագիծը ֆինանսավորվում և իրականացվում է ԱՊՀ մասնակից երկրների Հումանիտար համագործակցության հիմնադրամի հովանու ներքո և աջակցությամբ։

Leave a Reply