Հրաչ Զարդարյան

Հրաչ Զարդարյան
Հրաչ Զարդարյան

Աղբյուր` Հրաչ Զարդարյան, Մեր կյանքը: Երևան, 1982թ.

Իդեալի ձգողականությունը

1.

Սփյուռքի արտասովոր պայմանները յուրաքանչյուր ինքնատիպ գրողին օժտել են իսկապես անկրկնելի մի ճակատագրով, որն անբաժանելիորեն կապվել ու մերվել է նրանց ստեղծագործությանը։ Հնարավո՞ր է արդյոք Շուշանյանի կամ Որբունու, Համաստեղի կամ Սյուրմելյանի արձակը անջատել նրանց կենսագրությունից։ Սփյուռքահայ գրողի գրականությունը և կյանքը դարձավ անբաժանելի մի բան, միմյանց լրացնող և հարստացնող։

Որքան որ ընդհանուր էին ազգային ողբերգության ծանր հետևանքերը յուրաքանչյուր տարագիր հայի համար, նույնքան եզակի և անկրկնելի էր սփյուռքահայ յուրաքանչյուր մտավորականի ճակատագիրը։ Օտար միջավայրը, օտար քաղաքակրթությունը ոչ միայն անծանոթ, չյուրացված ապրելակերպ ու մտածելակերպ էր առաջարկում, այլև պահանջում էր մտային ուժերի, հոգևոր կարողությունների անվերջ բացահայտում, անհատի անկրկնելի ու նոր մի էություն։ Դաժան քննության էր ենթարկվում ոչ միայն ազգային նկարագիրը, այլև, բարոյական, հոգևոր կարողությունները, ուստի պատահական չէր, որ սփյուռքահայ յուրաքանչյուր նշանավոր գրող աչքի էր ընկնում նախ և առաջ իր յուրօրինակ ճակատագրով և շեշտված անհատականությամբ։ Բայցևայնպես, սփյուռքահայ գրականության հիմնադիր սերնդի ներկայացուցիչների մեջ ամենահետաքրքիր կենսագրությունը, թերևս, Հրաչ Զարդարյանինն է։

Գրողի կենսագրությունը կազմվում է ոչ միայն կյանքի հետաքրքիր և, ինչու ոչ, նաև անհետաքրքիր փաստերի շարանից, ոչ միայն կենցաղի միալար հոսքի կուտակումներից։ Նրա ճակատագիրն ըմբռնելու, երբեմն էլ վերծանելու համար չափազանց կարևոր է ծանոթանալ այն միջավայրին, որի մեջ ապագա գրողի դեռևս «անբարբառ» հոգին օրեցօր հարստանում է գեղեցիկով, ճշմարիտով և բարիով։ Այդպիսի միջավայրում է սկսվել Հրաչ Զարդարյանի կենսագրությունը։ Խոսքը տանք իրեն՝ գրողին։ Իր նամակներից մեկում (13 հունիսի, 1981) նա գրում է. «Ահա մեկ քանի գիծ, քիչ մը շատ րոպեի քմայքին, իբր կենսագրական։ Ծնած եմ նախահայրերուս քաղաքը՝ Խարբերդ, 1897, հունվար 16-ին։ Հետո հետևած հորս աստանդական կյանքին։ Խարբերդեն ելլելե վերջ, տարի մը, մոտավորապես մնացինք Իզմիր, ուր Ռ. Զ. (Ռուբեն Զարդարյան՝ Հրաչ Զարդարյանի հայրը, նշանավոր արևմտահայ գրող, խմբագիր, մանկավարժ և հասարակական գործիչ — Ա. Թ.) տեղվույն ագգային վարժարանին տեսչությունը ստանձնեց… Երբ Մանիսայեն մեկնեցանք Իզմիր, ամբողջ ժողովուրդը բարի ճանապարհ մաղթելու եկած էր։ Եվ կարտասվեր իրենց «տեսուչեն» զրկվելու հեռանկարովը։ Ես մանկապարտեզի մանուկներեն մին էի։ Մոտավորապես տարի մը վերջ, նախազգալով մոտալուտ փոթորկի մը պայթումը, փոխադրվեցանք Ֆիլիպե (Պուլկարիա)։ Հոն Ռ. Զ. սկսավ հրատարակել «Ռազմիկ» թերթը (շաբաթը երկու թիվ)։

Ազատության հռչակումին՝ Ֆելիպեեն վերադարձանք Պոլիս, ուր, այս անգամ, «Ռազմիկին» հաջորդեց, այլապես կարևոր, նորոգչական ոգիով, «Ազատամարտ» օրաթերթը, շաբաթօրյա գրական հավելվածով մը։ Այդ շրջանին ես կհաճախեի Կեդրոնական վարժարանը։ Շատ քիչերու տրված մենաշնորհ։ Ահա մեկ քանի պերճախոս անուն ուսուցչական կազմեն. Ռ. Զարդարյան, Հրանտ (Մելքոն Կյուրճյան), Դուրյան Սրբազան, Ե. Անտրեասյան (գրաբարի մոլեգնած սիրահար), Կուրտիկյան, Ռ. Սևակ (Զվիցերիայեն նոր վերադարձած)՝ գեղեցկադեմ և մեծապես հրապուրիչ, որուն սիրահարվեցան մեկ անգամեն Պոլսո գեղեցկուհի հայուհիները։

Կվերհիշեմ հավետ անմոռանալի դեպք մը։ Ֆիլիպեի եկեղեցիին առջև տարածված մեծածավալ բակը։ Ամպիոն մը, Ռ. Զարդարյան և… խրոխտ դեմքով անծանոթ մը, երբ հայրս իր բացման խոսքը վերջացուց, հայտնեց թե՝ Պարույրը ոչ այլ ոք էր, եթե ոչ իր մոտ բազմած Պարույրը, հայ ժողովրդի պաշտելի հերոսը՝ Անտրանիկը, բացառիկ հայտնություն մը։ Խելահեղ ծափահարության մը փոթորիկը փրթավ մոլեգնորեն, որ չէր ուզեր դադրիլ։ Մարդիկ մեկ րոպեեն մյուսը, կերպարանափոխված, մագնիսացած էին։ Նոր հոգի մը կթևածեր իրենց էության մեջ։

Կեդրոնականի տարիներն էին, իրենց ուսուցչական բացառիկ կազմովը, որ նպաստեցին նկարագրիս կազմավորությանը։ Երբ Փարիզ անցանք՝ հաճախեցի Lycee st. Louis, ուրկե ստացա պաքալորիայի վկայականս։ Անկե հետո հետևեցա կանոնավորապես Սորպոնի գրականության դասընթացքին, իբր ազատ ունկնդիր։ Կպահեմ այս առթիվ ստացած վկայագիր մը»։

Ինքնակենսագրական այս դրվագները առավել քան համոզիչ ցույց են տալիս այն մթնոլորտը, որն, ինչպես ինքը՝ գրողն է ասում, «նպաստեցին նկարագրիս կազմավորմանը»։ Այդ մթնոլորտի մեջ ծնված մտավորականներից մի քանիսը կարողացան փրկվել ապրիլի 24-ի «անվերադարձ մեկնումի գիշեր»–ից, դրանցից մեկն էր նահատակ մտավորական Ռուբեն Զարդարյանի որդին՝ Հրաչ Զարդարյանը, որը գուցե դեռ շատ երիտասարդ էր այդ զարթոնքի մասնակիցներից մեկը համարվելու համար, բայց արդեն բավական հասուն էր՝ կենդանի վկայի, անմիջական ականատեսի իրավունքի համար։ Եթե այս փաստերին ավելացնենք, որ Հր. Զարդարյանը սովորել է նաև Ներսիսյան դպրոցում և Գևորգյան ճեմարանում, ապա պատկերն ավելի ամբողջական կդառնա։ Իսկապես բացառիկ բախտ է՝ նշանավոր գրողի ընտանիքում ծնվելով, նրա արժանավոր որդին լինելով, միաժամանակ տեսնել, լսել, աշակերտել դարասկզբի հայ մշակույթի գրեթե բոլոր մեծերին: Ազնվական ծնունդը կրթվում, հղկվում և հարստանում էր մտքի և արվեստի, ազգային բարձրաթռիչք ոգու մի անկրկնելի մթնոլորտում։ Ի տարբերության սփյուռքահայ գրողների մեծագույն մասի, որոնք գաղթօջախներում միայն կարողացան կանոնավոր կրթություն ստանալ և հաղորդակցվել մեծ մշակույթներին, Հր. Զարդարյանը գրականություն էր մտնում՝ իր մեջ ունենալով դարասկզբի և նախապատերազմյան ազգային ոզու կազմավորման և բարձրագույն դրսևորման եթե ոչ մասնակցի, ապա ամենամոտիկ վկայի իրավունքը, իր հետ նոր կազմավորվող գրականություն էր բերում այդ տարիների մնայուն և արժեքավոր նստվածքները։ Ահա թե ինչու Հր. Զարդարյանի ստեղծագործական կենսագրությունը (ինչպես և գրականությունը) արմատապես տարբերվում է սփյուռքահայ մյուս գրողների կենսագրությունից, քանզի, եթե սփյուռքահայ գրականության հիմնադրումը միաժամանակ գրական ուսումնառություն էր (բառիս ուղղակի իմաստով), և գրողների մեծ մասն էլ՝ թեկուզ վաղ հասունացած, բայց պատանեկությունից նոր դուրս եկած երիտասարդներ էին, ապա Հր. Զարդարյանը իր հետ բերում էր արևմտահայ և արևելահայ, ռուս և համաշխարհային գրականության հրաշալի իմացություն, տիպար մտավորականի կրթություն և դաստիարակություն, կազմավորված ճաշակ և կայուն աշխարհայացք։ Եվ, չնայած, ի տարբերություն իր մի շարք սերնդակիցների, նա իր ճակատագրով էր ապրել քսաներորդ դարի մեր ազգային զարթոնքը, ազգային ողբերգությունը և դրան հաջորդող ծանր տարիները, նրա գրական էջերը չեն կրում հուսալքության, կյանքի դաժան անակնկալների անողոք կնիքը, հայացքների և կողմնորոշումների վայրիվերումները, որոնցով լի են Շուշանյանի և Շահնուրի էջերը։ Եվ բնական է, որ Հր. Զարդարյանի լավագույն երկը՝ «Մեր կյանքը» վեպը, սփյուռքահայ արձակի բնորոշ արտադրանքը լինելով, միաժամանակ իր վիպական-ոճական առանձնահատկություններով նկատելիորեն առանձանում է նույն տարիների սփյուռքահայ վեպերից։ Եվ պատճառը միայն այն չէ, որ թվում է, թե հասուն և վաստակաշատ վիպասանի գործ ես կարդում, այլ հեղինակի կենսափորձի, ապրած կյանքի յուրատեսակ հանրագումարը և վերլուծումը, խորտակված իդեալների վերակենդանացման այն հուսահատ փորձը, որը, թերևս, միակն էր սփյուռքահայ արձակի այդ տարիների համապատկերի մեջ և որը դասական ողբերգության ինչ-ինչ շեշտեր էր հաղորդում վեպին։

2.

«Մեր կյանքը» լույս է տեսել 1934-ին։ Մինչ այդ լույս էին տեսել Շահան Շահնուրի «Նահանջը առանց երգի» (1929), Վազգեն Շուշանյանի «Ամրան գիշերները» (1930) և Զարեհ Որբունու «Փորձը» (1929)։ Հր. Զարդարյանի վեպը Նիկողոս Սարաֆ յանի «Խարիսխեն հեռու»–ի (1932) հետ գալիս էր փակելու այն շղթան, որ սկսվեց որպես ազգային «Նահանջի» հուսահատ տագնապ և հասնելով իր ավարտին՝ հնչեց որպես «Նահանջի» պատճառներից մեկի՝ օտարության ընդունման և հաղթահարման առաջարկ։

Հր. Զարդարյանի վեպը առանձնանում է նաև իր տեսակով, այն կարելի է անվանել «ընտանեկան վեպ», սակայն առանց մեկ գործող անձի՝ ընտանիք առանց հոր։ Ասես Օտյանի և Շիրվանզադեի վեպերի մի արտասովոր խառնուրդով՝ նոր իրականության մեջ ծնված մի երկ ես կարդում։ Ահա, թերևս, հիմնական և առաջին տարբերությունը սփյուռքահայ մյուս վեպերից՝ ազգային-սոցիալական նոր կեցության զննումը ավանդական շրջանակի մեջ։ Հիմնական գործող անձերն են՝ մայրը և երկու որդիք։ Հետաքրքրական մանրամասն, հայրը բացակայում է ոչ այն պատհաոով, որ զոհ է գնացել թուրքական վայրագություններին։ Մենք նրա մահվան մանրամասներն իմանում ենք իմիջիայլոց ասված, քանզի մինչ այդ, մինչև Եղեռնը, նա արդեն դարձել էր թուրքերի զոհը՝ կորցնելով իր մարդկային արժանապատվությունը, դառնալով կատարյալ պատուհաս իր ընտանիքի գլխին։ Հայրը բացակայում է վեպում, բայց ներկա է նրա թողած «ժառանգությանը»՝ վատության, ցածրության ոգին, որն իր հետքն է թողել որդիների ճակատագրի մեջ։ Իսկ վերջիններս, հրաշքով փրկվելով, կարողացել են պահպանել իրենց միասնությունը (ի տարբերություն Զ. Որբունու «Փորձը»–ի ընտանիքի, որի թե՛ բարոյական, թե՛ ֆիզիկական քայքայման ականատեսն ենք դառնում)։ Սակայն այս մի ընտանիքը կարծես բարեհաջող հաղթահարել է բոլոր դժվարությունները և նույնիսկ փոքրիկ բարգավաճումի օրինակ է դարձել։ Ավագ եղբայրը՝ Արսենը, մի փոքրիկ, բայց կայուն և համեմատաբար շահավետ գործի տեր է։ Փոքր եղբայրը՝ Տրդատը, փաստորեն կիսով չափ հայ է, կիսով չափ ֆրանսիացի ու փայլուն հեռանկարների տեր և, վերջապես, երջանիկ ծերությունը վայեյող մայրը։ Սակայն այս արտաքին բարեկարգության տակ թափանցել է ահավոր կործանման որդը։ Վեպն սկսվում է միանգամից՝ այս կործանման առաջին ազդանշանով, տագնապողը մայրն է. «Նորեն է առեր, ի՞նչ պիտի ընենք, Արսեն, տղաս… ի՞նչպիտի ընենք»։

Առնողը, այսինքն՝ գողացողը, փոքր եղբայրն է՝ Տրդատը, որն աշխատում է ոսկերչի արհեստանոցում և այնտեղից «բլաթին կառներ: Ոչ մեծ քանակությամբ, մեկ կռամ։ Կռամ ըսածդ ի՜նչ է՝ փոշի .. Մինակ թե կռամը հարյուր քսան ֆրանքեն, նույնիսկ հարյուր տասեն, նույնիսկ հարյուրեն՝ տես թե ամիսը ինչ կընե»։ Պարզ և անսխալ թվաբանություն է, ապագա հարստության և հասարակական դիրքի կայուն գրավականներից մեկը, որի իրագործումը հասցնում ենք տեսնել վեպում։

«Առնելու» փաստը միանգամից երկու հակադիր սկզբունքների վրա է դնում եղբայրներին. «Երեսփոխան, նախարար, գործիչ, գրագետ, կառավարություն, օրենք, վարչասենյակ, ֆրանսիացի, անգլիացի, հայ, բոլորը, բոլորը կգողնան։ Պայքարի միահեծան օրենքը։ Ով որ կույր է, ոտքի տակ կերթա»,— ասում էր Տրդատը։ Ավագ եղբայրը հուսահատ փորձ է անում տարհամոզել նրան.

«— Վիքթոր Հյուկոն գիտես դուն։ Աշխարհը ամբողջ գլուխ կծռե անոր դեմ… Ժան Վալժանը կարդացեր ես… Տղա, Ժան Վալժանը միտքդ բեր… Որ մեկը ըսեմ։ Առ քեզի հայերեն… Ահա Զոհրապը»:

Այս ապարդյուն և վրիպած խրատը շարունակվում է մտովի և ավելի ճիշտ. «Ցավը հոն էր, որ այդ րոպեին, փրկությունը միմիայն գրքերեն ու հմտութենե կսպասեի։ Ուրիշ ատեն ալ պետք ունենալով, գիտցած էի արդեն, որ մեծ անջրպետ կա՝ մեկ կողմեն ընթերցումի մը, մյուս կողմեն ընթերցումին մտքերը գործածելի փաստեր դարձնելուն մեջ»։ «Բառերի կերակուրի» (Վ. Շուշանյան) և նոր իրականության հակասությունը սփյուռքահայ արձակի հիմնական թեմաներից էր, որ այս վեպում բավական նրբին է տրված և փաստորեն մեկ անգամ է ուղղակիորեն ասվում այդ «մեծ անջրպետի» մասին՝ առանց հրապարակախոսական սրության։ Սակայն որքա՜ն միամիտ, ժամանակավրեպ և նույնիսկ ծիծաղելի են թվում այս բարոյախոսությունները, որքա՜ն վտանգավոր է այդ «կենսափորձով» ապրելը վայրենի աշխարհում, ուր «բոլորը կգողնան»։ Բարոյախոս-Արսենի վիճակն առավել անհեթեթ է դառնում, երբ պարզվում է, որ ինքն էլ ինչ-որ մեղքեր ունի, գուցե ակամայից, առանց նկատելու մի չնչին գողություն էլ ինքն է արել։ Հեղինակն այս փաստով կարծես ուզում է ասել, որ գողությունը լռությամբ օրինականացրած աշխարհում գրեթե անհնար է հեռու մնալ արատից, նույնիսկ այն դեպքում, երբ որոշ անհատներ՝ Արսենի պես, շարունակ ձգտում են ներքին հարստությունների կատարելագործման։

Ի դեպ, այս կատարելագործումը Հր. Զարդարյանի գրականության հիմնական մտահոգությունն է։ Զ. Որբունին այս մասին գրել է. «Իր ընկերային, ազգային մտահոգություններեն վեր, այն, որ իր գործերուն մեջեն մեզի կներկայանա, մարդն է, որ կկռվի, որպեսզի հում, բիրտ, անտաշ մարդը ինքնածաղկումով հասցնե սրբության։

Գեղեցկությունը, հոգեկան պայծառությունը Հրաչ Զարդարյանի կետ նպատակին է։ Անոր կարոտովը կապրի, անոնց կարոտն է, որ զինքը արվեստագետ ըրած է։ Բայց ատոր կարոտը ինքնանպատակ չէ։ Որպեսզի ան կարելի ըլլա, հարկ է, որ ան ընդհանրանա։ Հասարակությունը, ուր ինքը կապրի, պետք է տանիլ գեղեցկության»:

Գեղեցկության կարոտը Հր. Զարդարյանի հերոսների մոտ բնածին արժանիք է և ոչ թե ձեռքբերովի, և սա է պատճառ դառնում նրա հերոսների դրամայի, նույնիսկ կործանման։ Ավելին, հասարակությունը ապրում է «գողության» օրենքով, ոչ գեղեցկության։ Այս ձգտումով ապրում են միայն որոշ անհատներ՝ հասարակության մահացող տեսակը։ Արսենս էլ այդ ձգտումն ունի. «Դանդաղորեն դեպի անհատական կատարելությունը երթալը՝ բավական էր որպես կյանքիս նպատակ»։

Դատելով Արսենի ինքնակենսագրական խոստովանություններից, նրա ժուժկալ ապրելակերպից և իսկապես սրբակենցաղ կյանքից, արդեն բավական քայլել է այդ ճանապարհով և կարծես ոչ ոք չի խանգարում նրա այդ ձգտմանը։ Սակայն հանուն ինչի՞ է այս ինքնակատարելագործումը։ Ճիշտ է նկատել Զ. Որբունին, որ այդ «կարոտն ինքնանպատակ չէ»։ Ահա թե ինչու է Արսենն այդպես մոլեգնորեն ձգտում, որ Տրդատն «այս խնդիրներուն մեջ… զգա ու հակազդե ինծի պես»։ Այսինքն՝ «ինքնածաղկումը» արժեք ու իմաստ ունի միայն այն դեպքում, երբ լույս է գցում շուրջինների վրա, նրանց էլ տանում դեպի բարին ու ճշմարիտը։ Եվ գուցե այս ազնիվ ցանկությունը իր արդար պտուղները տար, եթե դեմ հաներ մե պատնեշի՝ ավելի մեծ ու անհաղթահարելի, քան հասարակության ներսում գործող օրինաչափությունները, որոնք հենց սաղմի մեջ մեկուսացնում են Արսենի ավետարանական նկրտումները։ Իհարկե, մենք տեսնում ենք, թե նոր միջավայրը, նոր հարաբերություններն ինչպես են հղկում և իրենց կնիքը դնում Տրդատի բնավորության և ազգային–բարոյական նկարագրի վրա. «Եղբայրս տարօրինակ հակումով յուրացուցած էր այնքան ֆրանկական չափի զգացումը, որ պզտիկուց վարպետորեն կկիրառեր արդեն կյանքի մեջ»։ Սակայն ի՞նչն է պատճառը, որ «ֆրանսական չափի զգացումը» միայն Տրդատն է յուրացրել, ինչպե՞ս է պատահել, որ Արսենի բնավորությունը նոր միջավայրի «խմբագրմանը» չի ենթարկվել: Արդյոք պատճառը միայն ա՞յն է, որ կրտսեր եղբոր դեռևս չկագմավորված հոգեբանությունը ավելի դյուրությամբ է ենթարկվել այդ ազդեցությանը։

Գուցեև այդ պատճառով, սակայն, ավագ եղբոր վերհուշներում նաև ուրիշ պատճառներ ենք տեսնում։ Նրա հիշողության մեջ անջնջելիորեն պահպանվել են մանկության տարիները, հարբեցող հոր սանձարձակ կենցաղը, ամենօրյա ստորացումները թուրք պաշտոնյաների և սպաների առջն.. «հայրս զարհուրելիորեն պատուհասված էր… Մորս դժբախտությունը մարդոցմե կախված էր. հապա հորս դժբախտությո՞ւնը»։

Այս հարցին հեղինակը ասես կիսապատասխան է տալիս, որը կարելի է ընդունել և որպես թուրքական իրականությունից բերած ազգային խաթարված նկարագիր («Վատությունը մալարիայի պես արյունիս մեջ կդաոնա… Դարձուցեր եք ծույլ, մոլի, խոզ…», — դժգոհում է Արսենը), և որպես մարդկային ցեղի վատության անուղղելի ժառանգականություն։ Առաջինի՝ ազգային խաթարված նկարագրի անխնա դատապարտումը կարդում ենք Շուշանյանի, Շահնուրի, Սարաֆյանի արձակում՝ իհարկե, ավելի անողոք և հրապարակախոսական սրությամբ ասված։ Երկրորդ թեզը՝ երկու եղբոր իրարամերժ դերերի բաշխումով միայն ենթադրվում է. առայժմ ուղղակիորեն խոսվում է միայն Արսենի առաքելության մասին. «Այս աշխարհի մեջ՝ ես զբաղում չունիմ… Մեկ հատ միայն, ջնջել այդ աչքերուն սևը, այդ դալուկը…»։ Փոքրիկ Տրդատին Արսենն այսպես է բացատրում, թե ինչ բան է ուժը, «…միտքդ պիտի դնես, որ երբ ուժեղ ըլլաս, մեկ բանի համար է՝ ուրիշներեն եկած հարվածը ստանալու համար»։ Իսկ տիկին Մարտիրոս պեյ Դավթյանը Արսենի մասին հեգնանքով ասում է. «Երբեմն սուտ Քրիստոսի հովեր առնելը կբռնե…»։ Եթե Արսենը Քրիստոսի (սուտ թե ճիշտ) առաքելությունն ունի, եթե ի ծնե իր մեջ ունեցել է ներդաշնակության, կատարելության անհագ ծարավը, ապա շուրջը այն մոլորյալ (դարձյալ ի ծնե) հոգիներն են, որոնց համար նա խաչվում է այդ կյանքում։

Հր. Զարդարյանն իր երկրորդ վեպի («Որբացող մարդիկ» 1953 թ., Փարիզ) առաջաբանում ավելի որոշակի է գրել այս մասին. «Ամեն մարդ կզգա, կճաշակե կյանքը, կառնե կյանքեն և արվեստեն այն և այնքան, որքան ի վերուստ և, ավա՜ղ, «ի վարուստ» վիսակված է իրեն»։

«Մարդ-աստվածը» Հր. Զարդարյանի համար միայն աստծո որդին չէ։ Այդպիսին լինելու համար բավական է ունենալ գեղեցիկի երազը, ինքնածաղկումի ձգտումը։ «Մեր կյանքը»-ի Արսենը բոլոր իրավունքներն ունի «Մարդ-աստված» համարվելու, սակայն նա էլ ստիպված է սահմանափակվել ոչ այնքան «ի վերուստ», որքան «ի վարուստ» տրվող հնարավորություններով. «Ինչ որ ալ պատահի,— ասում է նա մտորումների մեջ,— ինչպես որ այ պատահի, կա հասակի վերջնական և անհեղլի սահման մը… Սահման, որ հունտի մեջ գոյության ուներ անդառնալիորեն»։ Արսենին խանգարում է ոչ այնքան «հունտի» միջինը, որքան նոր իրականությունը, որի մեջ նրա կատարելության ձգտումները դառնում են ավելորդ, իրեն իսկ խանգարող մի բան: Նա, ճիշտ է, մինչև վերջ շարունակում է զոհաբերել իր անձը՝ խնամում է Երգեցիկին, որդեգրում Է փոքրիկ Տրդատին, բայց և ստիպված է ընդունել, որ իր բոլոր հույսերը այդպես էլ մնում են անկատար։ Մայրը ստիպված է հրաժարվել իր վաղեմի երազանքից, թե ավագ որդին «մեծ մարդ» կդառնա, մինչդեռ, ասես, չի նկատում, որ կրտսեր որդին՝ Տրդատն արդեն «մեծ մարդ» է դարձել, սակայն նոր ձևի, ոչ այնպիսին, ինչպես ինքն էր պատկերացնում։ Ճիշտ է նկատել սփյուռքահայ բանաստեղծ և գրականագետ Գրիգոր Պըլտյանր, որ «երկու եղբայրներուն համար ալ հարցը «մեծ մարդ» ըլլալն է։ Տրդատի համար ասիկա կնշանակե «առնել», Արսենի համար՝ «ուսանիլ»։ Թե՛ մայրը, թե՛ Արսենը իրենց երազանքների իրականացման ավանդական ընկալումն ունեն, Տրդատն արդեն ազատագրվել է այդ պատրանքներից, մինչդեռ ավագ եղբայրը դաստիարակվել է դարասկզբի, նախաեղեռնյան գաղափարներով ու հույսերով։ Նա դեռ հույս ունի, թե կվերականգնի իր «առաջին երիտասարդության» խանդավառությունը, հույս ունի, թե դա կապրեցնի իրեն այս նոր իրականության մեջ, սակայն վեպը վերջանում է հենց այս հույսերի վերջնական կործանումով. «Ես միշտ համոզված էի,— մենախոսում է Արսենը,— որ …պիտի վերագտնեի իմ առաջին երիտասարդությունս», բայց «Դավաճան կասկած մը հաստ ասեղի պես, սուր ու լուսավոր՝ մտավ սիրտս…»։ Վեպն ավարտող դաժան պատկերն ամեն ինչ ասում է. «Այսօր, սեպտեմբերի առաջին ցուրտ օրը, մտա սենյակս որ պատուհանին տակ, արևի խուրձի մը մեջ, թիթեռնիկներ՝ հինգ, վեց, յոթը, ինկեր են մեռած, կռնակի վրա, կողքի, բարակ ոտքերը ոմանք ծալլած, ոմանք պրկած, թև մը տարածած, թև մը ամփոփած։ Իրանները դեռ լեցուն են ու կակուղ։ Գույները իրենց օղակներուն վրա՝ թարմ երեկվա պես՝ երբ կթռչեին։ Երկուքը՝ կեցած պատրաստ, սավառնակներու պես միջոցը կդիտեն։ Դպա կոշիկիս քթովը՝ շրջեցան դիտապաստ»։ Ջարդի ու կոտորածի, տարագրության և գաղթի ճամփաներով օտարություն բերված ու փայփայված հույսերը և երազանքները որքա՜ն նման են այս թռչող, գեղեցիկ, զարդարուն, «լեցուն ու կակուղ», սակայն մեկօրյա կյանք ունեցող թիթեռներին՝ որ «կթռչեին», որ «կեցած պատրաստ, սավառնակներու պես», սակայն, արդես մեռած։

Հր. Զարդարյանի «Մեր կյանքը» ավարտում է նոր հերոսի, նոր խարակտերի այն որոնումները, որ սկսվեցին քսանական թվականների սփյուռքահայ վեպերում։ Դա մի որոնում էր, որ ավելի շատ կորուստն էր փաստում, քան նորի ստեղծումը։ Սերնդի հետ կործանվում էր մի ամբողջ գաղափարախոսություն, որով դաստիարակվել էին այդ պատանիները և երիտասարդները և որը դեռ շարունակվում էր մատուցվել որպես ազգի հոգևոր գոյության և զարգացման հիմնական ուղի։

Ֆրանսահայ արձակը իր ստեղծման մեջ գնում էր յուրատեսակ ապահերոսացման ճանապարհով, վեպերն ավելի շատ նկարագրում էին անցյալով «զինված» բնավորությունների տարրալուծումը, քան նոր դիմագծերի ձեռքբերումը։ Հր. Զարդարյանի վեպն իսկապես առանձնանում է իր նկատելի դասականությամբ։ Ինչպես արդեն ասացինք, Հր. Զարդարյանը մի շարք հանգամանքների բերումով կարողացավ ավելի սթափ վերաբերվել հայ և համաշխարհային դասական ժառանգությանը։ Ավելին, կա ընդգծված ակնածանք դեպի դասականությունը, և դա երևում է ոչ միայն նրա գեղարվեստական արձակում, այլև ամբողջ գրական գործունեության մեջ։ Եվ կարողանում է հմտորեն օգտվել այդ ավանդներից. «Մեր կյանքը» իսկապես դժվար կլիներ ստեղծել, եթե հեղինակը չունենար արևմտահայ արձակի, ինչպեսև Շիրվանգադեի, Սունդուկյանի, անգամ Պատկանյանի փորձը։ Բավական է հիշել միայն Մարտիրոս պեյ Դավթյան ընտանիքի նկարագրությունները։ Փարիզյան այս հայ բուրժուաները որքա՜ն նման, որքա՜ն հոգեհարազատ են ալիմյաններին, զամբախովներին ու փորսուղին ավագներին, հումորի, գրոտեսկի ինչպիսի՜ բռնկումներ կան, որ այդպիսի փայլ չէին ունենա, եթե չլիներ պոլսահայ երգիծաբանության դպրոցի արժանավոր շարունակությունը։ Եվ ֆրանսուհի Երգեցիկը որքա՜ն նման է Զոհրապի և Երուխանի դժբախտ հայուհիներին։ Ի դեպ, սա բավական հետաքրքիր կերպար է սփյուռքի արձակի մեջ։ Թվում է, թե իր գրական նախատիպն ունի՝ Նենեթը, սակայն միայն արտաքին նմանությամբ՝ հայի և ֆրանսուհու հարաբերություն։ Նենեթը և Պիեռոն միևնույն աղետի զոհերն են, մինչդեռ Էլիզ-Երգեցիկր ասես կամովին ընդունել է հայի դժբախտ ճակատագիրր և լույս աշխարհ բերել այդ դժբախտության գավակին՝ փոքրիկ Տրդատին։ Գրիգոր Պըլտյանն այսպես է գրում այդ հերոսի մասին. «Եվ երեխան, «օտարության երեխան», կբերվի տուն, կմտնե տան հին, ավանդական կլիմային մեջ, անհրաժեշտության մը պես։ Այս մուտքը օտարության մեջ ծնածին, օտարեն ծնածին, նշանն է պատմողին ինչպես մոր գերագույն գիտակցության՝ ընդունող վերջապես օտարը իբրև լինելության պարտադիր ու այլ եզր»։ Այո, պարտադիր, սակայն մի կարևոր նրբերանգով, փոքրիկ Տրդատը միայն օտարության ծնունդը չէ, այլև ավագ Տրդատի ապօրինի վայելքների արգասիքը, իսկ նրա որբությունն էլ հետևանք է այն բանի, որ հարագատ հայրը ուշիմ աշակերտի պես սերտել է նոր միջավայրի կանոնները։

Այնպես որ օտարությունը, դառնալով պարտադիր, իր հետ բերել է նաև ազգային կեցության մի նոր վիճակ։ Այդ պարտադրականությունը չպետք է դիտել որպես մի կրավորական վիճակ, որտեղ օտարությունը բացարձակ հաղթող է։ Այդ «եզրը» որքան անխուսափելի, որքան պարտադիր, նույնքան էլ միակն ու հիմնականն էր ագգային նկարագրի հարստացման և հոգևոր գոյության շարունակման համար։ Այս ճշմարտությունը, որը ողբերգական գույներով բացահայտվեց ֆրանսահայ արձակում, հետագայում` Զ. Որբունու հաջորդ վեպերի նյութը պիտի դառնար և գար հասներ մինչև Սփյուոքի գրական նոր սերնդիս։

Հր. Զարդարյանը հայտնի է ոչ միայն իր վեպերով ու պատմվածքներով, այլև սփյուռքահայ մամուլում տարածված բազմաթիվ հրապարակախոսական կրքոտ ելույթներով և գրականագիտական նուրբ ու խորազնին հոդվածներով, իսկ նրա «ժամանակ և խորհուրդք յուր» (1955 թ., 1 հ., Փարիզ) գիրքը փիլիսոփայական, բարոյախոսական, գրականագիտական և արվեստաբանական խորհրդածություններ են։ Մտքի այդ բյուրեղացումների մեջ մենք տեսնում ենք նրբաճաշակ, հմուտ արվեստագետին և մտածողին։ Գրական-փիլիսոփայական այս տեսակը, որը ժամանակի ընթացքում դարձավ ֆրանսիացի մտածողների և գրողների մենաշնորհը, պահանջում է ոչ միայն կյանքի հարուստ փորձ, բարոյական ստուգված և կայուն ավանդներ, արվեստի ու գրականության հարուստ գիտելիքներ, այլև բնածին արվեստագետի արտիստիկ և ազնվական նկարագիր, առանց որոնց նույնիսկ խելոք միտքը զրկվում է անկրկնելի ու թաքուն հմայքից, երբեմն նույնիսկ վերածվում առօրեական ճշմարտության։

Բնական է, որ Հր. Զարդարյանի խորհրդածություններն օրգանապես կապված են նրա արձակին և այն աստիճան, որ երբեմն նրա վեպերի խտացումներն ասես լինեն, ահա դրանցից մեկը, որը կարող է Հր. Զարդարյանի ստեղծագործության բանալին դառնալ. «Ամբողջ կյանքս անցուցի դիտելով Չարը, զարմանալով, տառապելով, որ չի չքանար կյանքեն սպառ–սպուռ…

Եթե այդ տառապանքին ետև, հակոտնյա բևեռումով չըլլար իտեալի ձգողականությունը, կանցնեի՞ կյանքս Չարի մեքենային անթիվ ու անհամար պտուտակները զննելով…»։

Իսկապես, Չարը Հր. Զարդարյանի վեպերում հզոր և միահեծան է, իսկ Բարու հաղթանակը, որ շարունակ սպասվում է, այդպես էլ չի երևում, բայց համակրանքի, մաքրության մի լույս միշտ սփռված է բարու հերոսների վրա, գուցե դրանից է ծնվում ազնիվ իդեալների այն ձգողականությունը, որ Հր. Զարդարյանի նույնիսկ պարտված հերոսներին դարձնում է համակրելի և անգամ սիրելի։ Իսկ մի՞թե գրականության նպատակը չէ ընթերցողին պահել վեհ իդեալի ձգողականության մեջ։

Ալեքսանդր Թոփչյան

Leave a Reply