Սարգիս Վահագն

Աղբյուր` Սարգիս Վահագն, Արմատներ: Պատմվածքներ: Երևան, 1981թ.

Սարգիս Վահագնը՝ Սարգիս Գաբրիելի Փաթափությանը ծնվել է 1927 թվականին Բեյրութում, նրա չքավորական թաղամասերից մեկում՝ Հյուղավանում, կոշկակար– արհեստավորի ընտանիքում։ Սովորել է Բեյրութի Աբգարյան վարժարանում, ապա Սահակյան դպրոցում, որից հետո հաճախել է ֆրանսիական Լիցե Լայիկ և առևտրահաշվապահական երկրորդական վարժարան։

«Այս բոլորեն սակայն սորվեր եմ գիտելիքներ միայն: Իսկական զարգացումս սկսեր է ինքնաշխատությամբ, ընթերցումներով։ Կանուխեն սկսեր եմ սիրել գրականությունը, որովհետև ծնողքես ինձի ներշնչված վճիտ, անապակ հայրենասիրությունը կրցեր եմ հագեցնել միայն ու միայն գրականությամբ։ Անոնց մեջեն ինձի փոխանցվեր են մեր փառավոր ու ողբերգական անցյալը, մեր հայրենի բնությունը՝ Արարատը, Սևանը, և մեր լուսաշող ներկան։ Իսկ պատանեկությունս ինքը ճաշակեր, ըմբռներ ու վերլուծեր էր արդեն կյանքի դառնությունները հյուղավաններուն։ Ասոնք, երկու պատճառներ նաև՝ կանուխեն զիս մղելու ինքնամփոփումի և խորհրդածության…»։

1953 թվականին էր, որ նրա առաջին պատմվածքը լույս տեսավ «Գրական Շրջանակի»՝ «Ժողովածու Գրականության և Արվեստի» պարբերականում։ Կյանքում բարդվեց մի սիրելի հոգս ևս, սփյուռքում հայ գրող լինելու հոգսը։ «Անապահով առօրյա, լեցուն տնտեսական մտմտուքներով և ժամանակի անհաշիվ վատնում ի գին համեստ ապրուստի։ Գրել՝ այս ամենքեն գողցված ժամերուն, հաճախ առանց կենտրոնանալու» գրել է Սարգիս՝ Վահագնը։ Գրել է իր մասին, բայց բնութագրել նաև սփյուռքահայ գրողի կացությունն ու կեցությունը։ Ակամայից հիշում ես սփյուռքահայ գրականության խոշորագույն գրողներից մեկի՝ Հակոբ Մնձուրու հարցը. «Ուրեմն ինչո՞ւ կգրենք…», և իր իսկ տված պատասխանը… «Որովհետև չենք կարող չգրել, կուգան…»։

Սարգիս Վահագնը նույնպես յուրովի է պատասխանել. «Բայց անկարելի է նաև չգրել, որովհետև գրելը ոչ ֆանթեզի է մեզի համար և ոչ ալ ժամանց։ Այլ՝ պայքարի ձև մը, ընդվզում մը մեզ շրջապատող տգեղություններուն և անարդարություններուն դեմ։ Տակավին կհավատամ գրելով հայրենասիրության ակտ մը կատարած ըլլալ, ուժերուս ներած չափով սատարել մեր ոսկեղենիկ լեզվի պահպանման ու տարածման։ Ի՞նչ փույթ, թե քիչ է թիվը մեր ընթերցողներուն։ Բայց գոնե ունինք այն հավաստիքը, թե ունինք հայրենիք մը, որ կհասկնա մեր կացությունը և մեր կողքին է միշտ»։ Ասված է ճիշտ ու խոր համոզմամբ, որի փաստերը առկա են նրա գրականության մեջ։ Պատմվածքներ, որոնք լույս են տեսել «Ժողովածու Գրականության և Արվեստի», «Հանդես Մշակույթի», «Անի», «Շիրակ» և «Նոր Գիր» առաջադիմական պարբերականներում և 1969 թվականին ամփոփվել «Մատանիներ» խորագրով ստվար մի ժողովածուի մեջ։ Գիրքը, ի դեպ, շահել է նաև գրական մրցանակ։

Սարգիս Վահագնը խմբագրել է նաև «Նոր Սինեմա» ամսագիրը, գրել հոդվածներ ժամանակակից կինոարվեստի և կինոֆիլմերի մասին, զբաղվել թարգմանչական աշխատանքներով։

Ներկա հատորում ընդգրկվել են «Մատանիներ» ժողովածուից լավագույն պատմվածքների մի շարք և պատմվածքների մի ընտրանի, որոնք վերջին տասնամյակի արգասիք են։ «Տաղ վասն որոնման և գույնի» պատմվածքը, որով բացվում է «Մատանիներ» հատորը, յուրօրինակ նախաբանի բնույթ ունի, պատմվածք է ինքնորոնման ճանապարհին գտնվող երիտասարդ նկարչի մասին, որը Փարիզում, Լոնդոնում, Հռոմում գույնի ու լույսի իր սեփական ոճը գտնելու ապարդյուն փորձերից հետո գալիս է հայրենիք և նոր հասկանում, որ հայրենի հողն ու այդ հողի գիտակցումն է միայն, որ արվեստագետին կարող է պարգևել առավել խոր ու կայուն սեփական ոճ ու ինքնուրույնություն։

«Գտա՛, վարպետ, փնտրածս գտա ես» ճչում է հերոսը և կանգնած Մատենադարանի սանդղամատերին, զգում է, որ իր վաղվա կտավը արդեն կենդանություն է առնում, և ցարդ անհոգի թվացող գույները ստանում են նոր իմաստ։ Այդ բոլորը, իհարկե, վերաբերում էին նշված պատմվածքի հերոսին։ Սարգիս Վահագնը դեռևս հայրենիք ոտք չդրած էլ ուներ, զգում էր հայրենի հողի ուժը, նրա որոշիչ դերը սփյուռքահայ գրականության ու գրողի համար։ Նա հոգեկան անխզելի կապերով էր ագուցված հայրենիքի հետ։ Առաջին գրքից հետո Սարգիս Վահագնը երկու անգամ եղավ հայրենիքում։ Ինչ խոսք, այդ այցերից ստացված լիցքերը, նաև անցնող տարիների հետ, առավել առնականացրել և հասունացրել են նրա գրիչը» վկա սույն ժողովածուն։

Բազմազան է Սարգիս Վահագնի երանգապնակը, գունեղ ու այլազան են նրա հերոսները։ Ընդհանուր գծերով այդ հերոսները բաժանվում են երկու խմբի՝ այս աշխարհի «մեծերի» ու «փոքրերի»։ Սարգիս Վահագնը փոքրերի կողմն է, այն փոքրերի, որոնք նրա գրչի տակ դառնում են մեծատառով գրված Մարդ։ Գրում է պարզ, սահուն, անբռնազբոս ու անմիջական, ջերմ ոճով, թելադրված… «խղճի խայթե»։ Արդարև, նրա պատմվածքների մեծ մասը արդյունք է հենց «հաճախանք դարձած խղճի խայթի մը», ինչպես ինքն է խոստովանում «Վրեժը» պատմվածքում։ Մի գործոն, որ նախապայման է նաև գրականության համար։

Ներկա ժողովածուի լույս ընծայումը «Սովետական գրող» հրատարակչության կողմից մի անգամ ևս հաստատումն է այն ճշմարտության, որ Սփյուռքի գրականության համար կա «Հայրենիք մը, որ կհասկնա մեր կացությունը» և հերքումը այն տխուր փաստի, որ քիչ չէ, այլ բազմահազար «թիվը մեր ընթերցողներուն»։

Գեղամ Սևան

Leave a Reply