Լևոն-Զավեն Սյուրմելյան

Լ.-Զ. Սյուրմելյանը ծնվել է 1907 թ. Տրապիզոնամ։ Յուրօրինակ ճակատագիր է ունեցել։ Փոքրուց եղել է հայկական շրջանակներում։ 1915 թ. զրկվել է ծնողներից և ապաստանել տարբեր որբանոցներում (Երևան, Նոր Բայազետ, Ղարաքիլիսա)։ Սովորել է Արմաշի երկրագործական վարժարանում և այդ վարժարանի հետ ներգաղթել Հանրապետական Հայաստան և մեկ տարուց ավելի ապաստան գտել Նոր Բայազետի որբանոցում։ Այնուհետև, ընկերների հետ, 1921 թ. գարնանը, փախչում է Թբիլիսի. այնտեղից Բաթում, իսկ հետո Պոլիս։

Այս ուղևորությանը մասնակցել է Վազգեն Շուշանյանը, որը հետագայում բոլոր այս դեպքերը նյութ է դարձրել իր լավագույն վեպերից մեկի` «Սիրո և արկածի տղաքը»-ի համար: Լ.-Զ. Սյուրմելյանը սովորել է Պոլսի Կեդրոնական վարժարանում, որտեղից ուղարկվել է ԱՄՆ, շարունակելու ուսումը Կանզաս Սիթիի երկրագործական քոլեջում:

Լ.-Զ. Սյուրմելյանը որոշ առումով սփյուռքահայ գրականության հիմնադիրներից է: 1924թ. հրատարակվեց նրա «Լույս Զվարթ» բանաստեղծությունների ժողովածուն: Պատանեկան լավատեսությամբ գրված այս գիրքը փորձ էր Մեծ Եղեռնի արհավիրքներից հետո ոգեշնչելու ժողովրդին, ապրելու կամք էր դա, ապագա տեսնելու և ստեղծելու պատրաստակամություն: Պատանու գրական փորձերի մեջ շատերն էին մեծ ապագա տեսնում, այդ թվում և Վահան Թեքեյանը, սակայն Լ.-Զ. Սյուրմելյանի հետագա գրական գործունեությունը հիմնականում պիտի ծավալվեր անգլերենով և ամերիկյան անդաստանի մեջ: Նրան մեծ համբավ բերեց «Ձեզ եմ դիմում տիկիններ և պարոններ» (1945թ. հայ հրատ, 1980թ., առաջաբանը Վ. Սարոյանի) ինքնակենսագրական վեպը: Այս վեպը թարգմանվել է աշխարհի մի շարք լեզուներով` իտալերեն, շվեդերեն, գերմաներեն, չեխերեն, հունգարերեն և այլն: Լավ ընդունվեց նաև հաջորդ վեպը` «98.6»-ը, ևս ինքնակենսագրական բնույթ ունի:

Լ.-Զ. Սյուրմելյանը մեծ աշխատանք է տանում հայ գրականությունը և արվեստը անգլերենով ներկայացնելու համար: Նա անգլերեն թարգմանել և հրատարակել է «Սասնա ծռեր» (1964թ. ԱՄՆ և 1966թ. Անգլիա) ազգային էպոսը և հայ ժողովրդական հեքիաթների ժողովածու` «Անմահության խնձորներ» (1968թ. ԱՄՆ և Անգլիա) վերնագրով: Երկու գրքերն էլ հրատարակվեցին ՅՈՒՆԵՍԿՈ-ի հովանավորությամբ` ԽՍՀՄ ժողովուրդների գրականության մատենաշարով: Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Լ.-Զ. Սյուրմելյանը նաև հեղինակ է գրականության տեսության լայն տարածում ունեցող մի դասագրքի` «Գեղարվեստական ստեղծագործության տեխնիկա, չափի զգացողություն և խենթություն»: Լ.-Զ. Սյուրմելյանն արժանացել է Հայաստանի գրողների ու Ժուռնալիստների միությունների Խաչատուր Աբովյանի անվան մրցանակին (1983թ.):

Leave a Reply