Ռուբեն Մելիք (Մելիք Մինասյանց)

Ռ. Մելիքը (Մելիք Մինասյանց) ծնվել է 1921 թ. Փարիզում, հայրը պարսկահայ է, մայրը՝ թիֆլիսահայ։ Ավարտել է Սորբոնի համալսարանը։ Բանաստեղծական առաջին ժողովածուն՝ «Աշխարհի համերաշխությունը» վերնագրով, լույս է ընծայել 1946 թ.։ Այնուհետև հրատարակել է տասնհինգ ժողովածուներ, որոնցից առանձնանում են հատկապես «Մադամ Լորելեյ» (1949 թ.), «Քրիստափոր Կոլումբոս» (1952 թ.), «Լինչ» (1954 թ.), «Ուր արյուն է հոսել» (1955 թ.), «Միացյալ երգը» (1960, 1967 թթ.), «Թափոր» (1984 թ.):

Ռուբեն Մելիքն արժանացել է մի շարք հեղինակավոր գրական մրցանակների, ինչպես օրինակ՝ «Միացյալ երգ» (երկրորդ ժողովածուն) գրքի համար 1967 թ. արժանացել է ֆրանսիական Ակադեմիայի Պիեր դը Ռընյե և Անտոնեն Արտո մրցանակներին։ 1976 թ. ստացել է Ֆրանսիայի գրողների միության մրցանակը, իսկ 1986 թ. նրան շնորհվել է Հայաստանի Գրողների Միության Մեսրոպ Մաշտոցի անվան մրցանակը։

Ռ. Մելիքը, չնայած ապրել և ստեղծագործել է Փարիզում, մոտ է եղել վերջին երեսուն-քառասուն տարվա գրական նորություններին ու ավանգարդիստական շարժումներին, իր ստեղծագործական նախասիրություններով ավելի հակված է դեպի դասական բանաստեղծությունը, նկատվում է ֆրանսիական Պլեադի (16-րդ դար) և կլասիցիզմի ազդեցությունը։ Նրա պոեզիայում հայկական մոտիվներ չեն նկատվում, չնայած բանաստեղծը լիովին տիրապետում է հայերենին, մշտապես մոտիկ է Սփյուռքի՝ մասնավորապես ֆրանսահայ մշակութային շրջանակներին և` ամենակարևորը, սերտ կապերի մեջ է Խորհրդային Հայաստանի բազմաթիվ գրողների ու մշակութային գործիչների հետ։

Ռ. Մելիքի պոեզիան բազմիցս թարգմանվել և հրապարակվել է ռուսերեն և հայերեն։ 1978 թ. Երևանում լույս տեսավ նրա՝ «Մարմին, ինձնով կենդանի» ժողովածուն՝ Աբրահամ Ալիքյանի թարգմանությամբ։ Գրքի ներածականում բանաստեղծը գրում էր. «Ահա իմ պոեզիան, այս գրքի շնորհիվ, միավորվում է իմ բնաշխարհին, հայկական աշխարհին։ Իրականանում է երիտասարդական մեծ իղձերիցս մեկը՝ վերադառնալ հայրենի տուն, վաղ թե ուշ, այս կամ այն ձևով, վերադառնալ և իր տեղն ունենալ հարազատ օջախում»։

Սա միայն գեղեցիկ հայտարարություն չէ, քանզի «վերադարձի» ձևերից մեկը կարող ենք համարել նրա եռանդուն գործունեությունը՝ Ֆրանսիայում հայ բանաստեղծությունը թարգմանելու և տարածելու դժվարին առաքելության մեջ։ Արժե հատկապես առանձնացնել «Հայ բանաստեղծության» ստվարածավալ անթոլոգիան ֆրանսերենով (1975 թ. Փարիզ, «Էդիտոր ֆրանսեզ ռեունի»), որը կազմվեց ու լույս տեսավ գերազանցապես Թուբեն Մելիքի ջանքերով։

Աղբյուր` Օտարալեզու հայ գրողներ, Երևան, 1989թ.:

Leave a Reply