Գրիգոր Պըլտյան

Ֆրանսահայ գրականագետ և բանաստեղծ Գրիգոր Պըլտյանը ծնվել է 1945-ի հունվարի 10-ին, Բեյրութում: Նախ հաճախել է թաղային Թորգոմյան վարժարանը, ապա, 1956-ից «Նշան Փալանճյան» ճեմարանը, որն ավարտել է 1964-ին: Երկու տարի հետևել է Բեյրութի ֆրանսիական համալսարանի գրական բաժինը` միաժամանակ զբաղվելով ուսուչցությամբ: 1967-ի սեպտեմբերին մեկնել է Փարիզ` ուսանելու, հաճախել է Սորբոնի փիլիսոփայության դասընթացներին:

1974-ին ստացել է փիլիսոփայության դոկտորի տիտղոս, ավարտաճառ ունենալով «Մարտիկ Հայդեգերի գեղագիտության զանցումը» թեման: Նույն տարիներին հայագիտություն է ուսումնասիրել նաև Փարիզի Արևելյան լեզուների ինստիտուտում:

Շուրջ տաս տարի` 1976-ից 1986-ը զբաղվել է լրագրությամբ ֆրանսիական մամուլում, 1978-ից մասնակիորեն արևմտահայ և սփյուռքահայ գրականություն դասախոսելով Արևելյան լեզուների ինստիտուտում, իսկ 1987-ից լիաժամ գրաբար ու հայ հին գրականություն` լիոնի Աստվածաբանական ֆակուլտետում: Գրական առաջին փորձերը սկսել է պատանության տարիներին: 1966-ին Գրիգոր Շահինյանի և Հարություն Քյուրքչյանի հետ Բեյրութում հիմնել է «Ահեկան» գրական-գեղարվեստական հանդեսը, որն էական դեր է կատարել լիբանանահայ գրական նորոգման գործում: Հանդեսում Գրիգոր Պըլտյանը հրատարակել է բանաստեղծություններ և գրականագիտական ուսումնասիրություններ: Բանաստեղծական առաջին գիրքը` «Տեղագրություն քանդվող քաղաքի մը համար» (1976) արձագանքում էր լիբանանյան պատերազմի ողբերգությանը:

Ապա լույս են տեսել «Հատվածներ սենյակի մասին» (1978), «Objects et dehris» (երկլեզու` հայերեն և ֆրանսերեն, 1978), «Հակաքերթված» (1979), անգլերեն թարգմանություն Ռ. Սեթյանի («Հատվածներ հոր»(1979), «Վայրեր» (1983), «Մանտրաներ» (1986):

1980-ին Բեյրություն հրատարակվեց նրա գրականագիտական ուսումնասիրությունների ժողովածուն` «Տրամ» խորագրով, այնուհետև, «Գրիգոր Նարեկացի լեզվի սահմաններուն մեջ» (Վենետիկ, 1985) և «Կրակե շրջանակը»` Դանիել Վարուժանի մասին (Անթիլիաս, 1988): Բացի այդ, մամուլում հոդվածներ ունի հայ դասական և ժամանակակից մի շարք գրողների մասին. ոչ միայն սփյուռքահայ, այլև ֆրանսիական և անգլիական մամուլում: 1987-ին Գրիգոր Պըլտյանն ընտրվել է ֆրանսահայ գրողների ընկերակցության վարչության նախագահ:

Սփյուռքահայ գրականություն, Երևան, «Խորհրդային գրող», 1989թ.
Կազմեց և առաջաբանները գրեց` Ստեփան Թոփչյանը

Leave a Reply