Րաֆֆի Քեպապճյան

Արձակագիր և թարգմանիչ Րաֆֆի Քեպապճյանը (Կանտյան) ծնվել է 1945-ին Կ. Պոլսում: Տեղի Պեզազյան նախակրթարանը ավարտելուց հետո հաճախել է գերմանական վարժարան: 1964-ի աշնանը անցել է Արևմտյան Գերմանիա և գերմանական պետական կրթաթոշակով քիմիա ուսանել Գյոտինգենի համալսարանում: Այժմ ապրում է Հաննովերում, աշխատում իբրև ուսուցիչ:

1973-79 թվականներին ստանձնել է գերմանական երկրների հայ միությունների կենտրոնական կազմակերպության մշակութային բաժնի վարիչի պարտականությունը: Հայ և գերմանական միությունների և հիմնարկների կազմակերպած միջոցառումների ժամանակ բազմաթիվ անգամ ելույթներով հանդես է եկել հայ մշակույթի, գրականության տարբեր հարցերի շուրջ:

Սփյուռքի մի շարք հանդեսներում ու թերթերում տպագրել է ինքնուրույն ու թարգմանական գործեր: Հրատարակել է պատմվածքների երկու ժողովածու` «Խորտակված քառյակը» և «Առյուծները», երկրորդը` պոլսահայ նկարչուհի Քրիստին Սալերիի ձևավորումով: Հայերենից գերմաներեն է թարգմանել Շահան Շահնուրի մի շարք երկեր, որոնց որոշ մասը հաղորդվել է Բրեմենի ռադիոկայանով: Առանձին գրքույկով լույս է տեսել Պարույր Սևակի «Երգ երգոցը», պլակատի ձևով տպագրվել են Դանիել Վարուժանի «Կակաչներ» և «Միջօրե», Պարույր Սևակի «Ազատություն», Զահրատի «Հերոսամարտ» բանաստեղծությունները: Թարգմանել է նաև Գրիգոր Նարեկացիի, Հովհաննես Թումանյանի, Եղիշե Չարենցի, Ակսել Բակունցի, Գուրգեն Մահարիի, Սերո Խանզադյանի, Զարեհ Խրախունիի և այլ հեղինակների գործերից: Բնագրերից հայերեն է թարգմանել Գուտֆրիդ Բենն, Ֆրանց Կաֆկա, Թ.Ս. Էլիոտ:

Սփյուռքահայ գրականություն, Երևան, «Խորհրդային գրող», 1989թ.
Կազմեց և առաջաբանները գրեց` Ստեփան Թոփչյանը

Leave a Reply