Վահե Հայկ

Վահե Հայկ (Տինճյան) (1896—1983)
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բարբերդ քաղաքում։ Ս. Ստեփանոսի վարժարանից հետո հաճախել է տեղի հայտնի Եփրատ կոլեջը, այն ավարտել փայլուն առաջադիմությամբ։ 1915-ին մեկնում է Պոլիս ուսումը շարունակելու, սակայն, գավառացիների նկատմամբ հալածանքներից խուսափելով, մինչև պատերազմի ավարտը թաքնվում է մի հայի մոտ՝ ոմն Հայկի անձնագրով։ Այստեղից էլ նրա գրական անունը։

Պատերազմից հետո, որպես թարգմանիչ, ամերիկացիների հետ շրջում է տարբեր վայրերում ու գաղթակայաններում, ծանոթանում որբերի, այրիների կյանքին և այդ մասին պատմում մամուլին հանձնած իր առաջին գրություններում։

Առաջին գործերը բանաստեղծություններ էին, պատկերներ, պատմվածքներ, հոդվածներ։ Խստություններից ահաբեկված՝ ուրիշ մտավորականների հետ, նա հեռանում է Պոլսից, հասնելով Հունաստան, ապա ԱՄՆ, Բոստոնի համալսարանում հետևում է գրականության, պատմության և քաղաքատնտեսության դասընթացներին։ Ավարտելով համալսարանը հրավիրվում է խմբագրելու Կալիֆորնիայի «Նոր կյանք» (հետագայում՝ «Նոր օր») թերթը։ Կյանքի հետագա տարիներին հաստատվում է Կալիֆորնիայում, աշխատակցում է Սփյուռքի առաջադիմական մամուլին։ Որպես առաջադեմ գրող ու հասարակական գործիչ նա քանիցս հրավիրվել է Սովետական Հայաստան։

Մամուլում սկսել է տպագրվել 1920-ականի սկզբներից։ Առաջին ժողովածուն՝ «Հայրենի ծխան» վերնագրով, լույս է տեսնում 1930-ին։ Նույն՝ «Հայրենի ծխան» խորագրով նա հետագայում հրատարակում է պատմվածքների հինգ գիրք: Հայկը ծանոթ անուն է նաև իբրև պատմաբան ու բանասեր։ Լույս է ընծայել «1500-ամյակ Վարդանանք պատերազմին», «Հուշարձան Եոզկատ ցիներու», «Ֆրեզնոյի հայ գաղութը», «Խարբերդ և անոր ոսկեղեն դաշտը» և այլ պատմա-ազգագրական ուսումնասիրությունները։ 1975 թ. մի մեծադիր Հատորում Հայկը հավաքեց իր տարբեր բնույթի հոդվածները, գրական վերլուծությունները, տպավորությունները՝ «Լուսավոր դեմքեր մեր օրերուն վրա» խորագրի տակ։ Վ. Հայկի պատմվածքների մի փունջ լույս է տեսել Երևանում, 1960 թ. «Հայրենի ծխան» խորագրով։

Leave a Reply