Լուիզա Ասլանյան-Լաս

Լուիզա Ասլանյան (ԼԱՍ) (1906—1945)
Ծնվել է Իրանի Թավրիզ քաղաքում։ Սովորում է տեղի Արամյան և Կենտրոնական դպրոցներում, ապա Թիֆլիսի ռուսական իգական գիմնազիայում, որն ավարտելով վերադառնում է ծննդավայր։ 1923-ին ամուսնու հետ բնակություն է հաստատում Փարիզում։ Առաջին իսկ տարիներից եռանդուն ձևով մասնակցում է ֆրանսահայ գրական կյանքին, մամուլում տպագրում չափածո և արձակ ստեղծագործություններ, դառնում է ֆրանսահայ գրողների միության անդամ։

1936 թ. Լասը անդամագրվում է Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությանը, ծավալում հասարակական լայն գործունեություն։ Տարբեր շրջաններում գրավոր ու բանավոր ելույթներ է ունենում, պրոպագանդում սովետական երկրի, Խորհրդային Հայաստանի նվաճումները, նպաստում կապերի սերտացմանը։ Ղեկավար աշխատանքներ է տանում Ֆրանսիայի «ՀՕԿ»–ի և «Ֆրանսահայ ժողովրդական միություն» կազմակերպություններում։

Ֆաշիզմի լծի տարիներին մյուս կոմունիստների նման ընդհատակում, հայկական դիմադրության շարքերում Լասը ակտիվ պայքար է մղում օկուպացիոն զորքերի դեմ։ 1944 թ. հուլիսի 26-ին գեստապոն ձերբակալում է նրան։ Նա պայքարը շարունակում է նաև ֆաշիստական ճամբարում, ուր և 1945-ի մայիսին նրան գազախեղդ են անում։

Ֆաշիստական ճամբարում է զոհվում նաև նրա գաղափարական ընկերը՝ ամուսինը՝ իրավաբան Արփիար Ասլանյանը, որը Ֆրանսիայի կոմկուսի անդամ էր և ակտիվորեն մասնակցում էր հայրենասիրական կազմակերպությունների աշխատանքներին ու հակաֆաշիստական պայքարին։ 1920-ականի կեսերից ֆրանսահայ մամուլում լույս են տեսնում Լասի ստեղծագործությունները։ Նա աչքի է ընկնում արդեն առաջին պատմվածքներով։ («Դրամներիս հավաքածուն», «Երկաթե գինեվաճառը», «Լիճը», «Գծից դուրս», և այլն), իսկ 1936-ին լույս ընծայած «Հարցականի ուղիներով» վեպը նրան լայն ճանաչում է բերում։ Ճամբարային օրերից մնացին նրա վերջին արյունոտ էջերը՝ «Մալա» պոեմը և «Գործարանում» բանաստեղծությունը։

Ասլանյանի պատմվածքների գիրքը «Գծից դուրս» խորագրով, լույս է տեսել հետագայում Բեյրութում, իսկ «Հարցականի ուղիներով» ծավալուն հատորը (վեպը և պատմվածքները) Երևանում, 1959 թվականին։

Leave a Reply