Վազգեն Շուշանյան

Վազգեն ՇուշանյանՎազգեն (Օնիկ) Շուշանյան (1903-1941)
Ծնվել է Արևելյան Թրակիայի Ռոդոստո գյուղաքաղաքում։ 1915-ին, նախակրթարանը նոր ավարտած Շուշանյանը, ամբողջ ընտանիքով, բռնում է աքսորի երկար ու ձիգ ճանապարհը (Գոնիայից մինչև Դեր-Էլ-Զոր): Շուշանյանը տեսնում է հարազատների մահը, զրկվում բոլորից։ Որբ պատանին արաբական տարբեր վայրերում, ապա Կիլիկիայում կատարում է ամեն տեսակ աշխատանք։

Պատերազմի ավարտից հետո վերադառնում է Ռոդոստո, ապա անցնում Պոլիս, 1919-ին մտնում է Արմաշի երկրագործական վարժարանը։ Վարժարանի հետ նա 1920 թ. տեղափոխվում է Արևելյան Հայաստան, լինում է Երևանում, Նոր Բայազեդում, Թիֆլիսում ու Բաթումիում, ապա նորից անցնում է Պոլիս։ Թափառումները նրան տանում են Նյու-Յորք, Ւզմիր, կրկին Պոլիս։ Ի վերջո` 1922 թ. Ֆրանսիա։ Սովորում է կաթնային գործի ու երկրագործական վարժարանում ու բարձրագույն դպրոցում։ 1930-ից աշխատում է տարբեր գավառներում, 1940-ին հաստատվում է Փարիզում։

1920-ականների սկզբում սփյուռքահայ մամուլում Շուշանյանը մի քանի ծածկանուններով հանդես է գալիս բանաստեղծություններով, սակայն շուտով անցնում է արձակին։ 1925 թ. լույս է տեսնում նրա «Սիրո և արկածի տղաքը» վեպը, ապա մամուլում և առանձին՝ ուրիշ արձակ գործեր («Գարնանային», «Ամռան գիշերներ», «Հին երգի կտոր մըն էր», «Ճերմակ Վարսենիկ», «Առաջին սեր», «Սիրո և մեղքի պարտեզ», «Ներքին դաշտանկար», «Տենդեր», «Ալեկոծ տարիներ» և այլն)։

1966-ին Երևանում լույս է տեսել Շուշանյանի երկերի «Երկիր հիշատակաց» խորագրով ժողովածուն, իսկ 1983 թ. «Ճերմակ Վարսենիկ» և «Մթին պատմություն» վեպերը մեկ գրքով։

Leave a Reply