Համաստեղ

Հայու ոգին

Նյու Յորք, 1966 թվական: Հայ գրասերների հավաքատեղի դահլիճը սկսեց փոթորկվել ծափերից: Արդեն բեմ էր բարձրանում Համաստեղը: 70-ամյա հոբերլյարը, հայու ոգին կրող «գեղապատշաճ Համաստեղը»: Ի՞նչ է ասել նա իր հոբելյանին.

  • Ձեր ծափերը ինձ չեն ուղղված, այլ հայ ժողովրդին…

Այո, համաստեղները բոլոր օրերին ասում են այն, ինչ պետք է ասեն: Հարկավ, հավաքվածներից շատերը գրողի խոհերը մտովի հիշելով են հայացքով ուղեկցել նրան դեպի ամբիոն: Այսօր էլ, մի՞թե, սրտից սիրտ չեն անցնում գրողի ներքոհիշյալ տողերը.

 «Քանի՜-քանի՜ անգամներ մեր թշնամիներուն կողմէն քանդուեցան Հայաստանի սահմանները, և սակայն չի կրցան քանդել այնսահմանները, որ քարտեզի պես մեր հոգիներու մեջ գծուած են: Եվ վա՜յ այն ժողովրդին, որ չունի այդ հոգեկան գծերը իր մեջ:

Վա՜յ անոր, որ չունի հոգեկան Հայաստանը: Բանակները չեն, որ կը պահեն ազգ մը: Հզօր բանակներ ունեցող ազգեր չկան այսօր: Անոնք, որոնք հայ ժողովրդի ժամանակակիցները եղած են և յաճախ արշավեր են Հայաստան:

Մենք պահեցինք մեր գոյությունը, և կարելի է ըսել՝ մենք չի պարտուեցանք և նույնիսկ յաղթեցինք բանակներուն մեր ոգեկան ուժով ու մեր մշակույթով»:

Գիտեմ, ընթերցող բարեկամ, համակ ուշադրություն ես, ուստի շատ եմ ուզում այս մտորումներին ավելացնել քնարերգուի ժամանակների թավալումների մեջ սիրելի մնացած «Հայու ոգին» բանաստեղծությունից առանձին տող-պատկերներ.

…Մի՛ հարցընէք, ի՞նչ է, ու՞ր է,
Ուրկէ՞ կու գայ Հայու ոգին…

…Ան եկած է Աւարայրի մեր յաղթական պարտութենէն,
Շէն Անիի հազար ու մի գմբէթներէն,
Ու հազար մի զանգակներու ղօղանջներէն:

…Մեր լեզու՛ն է աեւաբոյր, որ թէ՛ մարմին, թէ՛ հոգի է,
Կը բաշխուի որպէս նշխար, որպէս հաղորդ ու նկանակ:
Կը բաշխուի որպէս մարմին, որպէս գինի,
Գինի ու մաս՝
Հայու ոգին:
…Ինչ ալ ըսենք, բայց դեռ քիչ է,
Ի ՞նչ է իրաւ հայու ոգին:

…Ձեր հոգւոյն մէջ պիտի գտնէք
Ձեր լեռներուն ու ժայռերուն մէջ թաքնուած,
Արձագանքի պէս թաքնուած
Հայու ոգին:

Անհնարին է, որ այդ օրը չհնչեր այս բանաստեղծությունը, իսկ եթե հնչել է, կարելի է պատկերացնել, թե ինչպես է դահլիճը որոտում ծափերից ու մեկեն քարանում: Բոլորի աչքի առաջ հողմահար կաղնու պես տապալվում է Համաստեղը. «Հանգավ բեմի վրա, որպեսզի ապրի իր կերպարների նման, իբրև մի Աստվածաշնչյան աղե արձան»:

Դա ի սկզբանե հաստատել է ինքը՝ Համաստեղը: Դեռ 1933-ին իր մասին գրելով. «Հակառակ երկար տարիներ Ամերիկայի մէջ ապրած ըլլալուս՝ երկիրը, գիւղը երևակայութիւն ըլլալէ աւելի իմ մէջ նկարագիր դարձած է:

Երկար տարիներ արտասահմանի մէջ աքսորականի մը պէս ապրած եմ: Չգիտեմ՝ կարօ՞տն է, թէ՞ արիւնի կանչը, որ հեռաւորութեան մէջ այն հողին, երկնքին նախշուն գոյներ տված է  ու խոշոր իմաստ դրած է շող միջոցէն անցնող կապոյտ ճանճի բզզունին մէջ: Աւելի լաւ է, որ մարդ իր ապրած կեանքին մէջ բանաստեղծութիւն դնէ, քան երևակայե ու գրի առնէ: Մեծ հաճոյքով պիտի ուզէի կոչնակի հաւատքով արթնանալ, արևով աշխատիլ, աքաղաղի ձայնէն ժամերը ճշդել, դաշտի կանանչին վրայ պառկիլ, պառկիլ կռնակի վրայ, դիտել թռչունին անցքը, զգալ խոտին բարկ հոտը ու միջոցին լուռ խորհուրդը: Օ՜, արդէն սկսա նախշ բանիլ բառերով»:

«Նախշ բանիլ բառերով»: Ահա Համաստեղը: Այսպես էր նա մտնում իր մանկության ու պատանեկության աշխարհը, Փերչենճ գյուղը, որի լեռները, հոգսաշատ մարդկանց, եկեղեցիները պահեց իր հոգու աչքերի մեջ: Ուրեմն, ճակատագիր էր, որ 1913-ին ԱՄՆ տեղափոխված Համբարձում Կելենյանը՝ Համաստեղը, Խարբերդի Փերչենճ գյուղը նկարագրելու հուզումների մեջ, իր 70-ամյակի հանդիսության ժամանակ պիտի ավանդեր հոգին, երբ Նյու Յորքի գրասեր հայ հասարակությունը հավաքվել էր պատվելու, մեծարելու ամերիկաներում հայրենի եզերքն ապրեցնող գրողին:

«Մեծ էր վիշտը և իրականությունն անժխտելի,- գրում է «Ազատ օր»-ը,- որովհետև հետեղեռնյան շրջանի հայ ժողովրդին տարագիր բազմությունները, աշխարհի ո՛ր ծագին ալ հայտնված ըլլային, հայրենի իրենց արմատներուն և ազգային հիշողության տեր կանգնելու ամենէն հարազատ և վավերական կանչը ստացան Համաստեղի գրականութենէն,- շարունակում է «Ազատ օր»-ի թղթակիցը,- «Տարեց, թե պատանի, հայրենամերձ գոտիները ընկած, թե հեռավոր ափեր տարտղնված հայու բեկորները իրենց սրտին երգը, մտքին լույսը և հայկականության համն ու հոտը գտան Համաստեղի բանաստեղծություններուն և պատմվածքներուն մեջ: Սիրեցին և կապվեցան անոր և, իրարահաջորդ սերունդներով, հայ գրականության ամենէն ժողովրդական տաղանդի պատվանդանին արժանացուցին Համաստեղը»:

Համաստեղի «Բնաշխարհիկ գրականության» հերոսը, Օշականի բնութագրմամբ՝ «հայրենի եզերքին, հող ու ջրին ձուլված գյուղացին է»[3]: Նա է Համաստեղի գեղագիտության առանցքում, այդ նրա շնորհիվ է Համաստեղը համազգային դիմակայության ոգով կառուցում իր գրականությունը, ջանալով, որ արթուն մնա «էրգրի» հիշողությունը: Սա մեր գրական մշակույթի այն հունն է, որը ըստ գրականագետների, միասնաբար բացեցին ու խորացրին Մնձուրին, Բակունցը, Հրանտ Մաթևոսյանը, գյուղագրության մեր մյուս մեծերը:

Յուրաքանչյուրը երջանիկ ու յուրովի ողբերգական: Իսկ Համաստեղը նրանց շարքում առավել  ողբերգական էություն է, որովհետև այն աշխարհը որ պատկերում է գրողը, այլևս չկա…մահվան աշխարհն է արդեն: Կարո՞ղ է վերապրել հայ գրողը «մահը» այնպես, որ ասես «կենդանի իրականություն» ընկալվի, ընկալվի՝ ինչպես Հ.Օշականը կասեր՝ «Հայ գրականությունն /իբրև/ հայրենիք», այն էլ՝ ուղղակի իմաստով, ոչ թե փոխաբերական: Մեկնաբանության ահա այս ելակետին համարժեք, Համաստեղի արձակի մեջ հայտնվում է «գյուղը» իբրև գեղարվեստականի և պատմականի միասնության ոլորտ…

Ահա ողբերգական այս հարցադրման միջով է անցնում սփյուռքյան իրականությունը, սփյուռքյան գրողը, ով ունի գրական իր օրինաչափությունները, մեկնաբանության իր հանգրվանը և առանցքային հարցադրումները[5]: Համոզվելու համար Համաստեղի ուղեկցությամբ մտնենք Խարբերդ, Փերչենճ գյուղ.

«Զարմանալի մտերմություն մը կար,- գրում է Համաստեղը,- սուրբերու, աստղերի և գյուղացիների միջև, ես հիմա կը տարուեմ ասելու, որ այդ գյուղի երկինքը ուրիշ էր, ուրիշ էին նաև գյուղացիները: անցած են երկար, երկար տարիներ և դեռ թարմ կերպով կ՛հիշեմ քարաշէն կամուրջներին շարակնոցին այն էջը, որի վրա ձէթ թափած էր, ինչու չէ, նաև գյուղի աղջիկները, որոնք կջերմացնէին ու թև կուտային մեր առաջի երևակայութեան»:

Համաստեղը, այսպիսով, շարունակելով ինքնապատումը, նշում է, որ իր գրական «հորիզոնը»… հեռավոր կապույտ լեռները չէին, որի իմաստը միակողմանի-սոսկական կլիներ, այլ «հայ գրականությունը, որը կուգար Կովկասէն ու Պոլսէն»: «Այն օրերին տիրական էին Վարուժան, Սիամանթո, Րաֆֆի, Ահարոնեան, Իսահակեան, մեր Խարբերդի մեծ վարպետ Թլկատինցին և փափկաճաշակ Զարդարեանը…»:

«Նոր եզրակացություններ պեղելու, ինքնատիպ դառնալու ձգտումը ինձ տարած էր այնքան հեռու,- գրում է Համաստեղը,- գետնէն վեր՝ կապույտ թռչունի մը փնտռտուքին…եթէ այն կապոյտ թռչունը, որ կը փնտրէի կեանքեն դուրս, չտեսնէի կեանքին մեջ»: Իսկ կյանքը Փերչենճն էր, Փերչենճը՝ Համաստեղը:

«Համաստեղի արձակը, -ընդգծում է գրականագետ Սուրեն Աբրահամյանը,- ընդգրկում է իր մեջ հայ գյուղաշխարհը, ուր ընկալվում է աշխարհը՝ գյուղ, և, գյուղը՝ աշխարհ »:

Ե՛վ Համաստեղը, և՛ կենսագիրներն են վկայում, որ գրողի առաջին պատմվածքը լույս է տեսել 1921 թվականին «Շէն գիւղի հին օրերէն» խորագրով, 1922-ին՝ «Աստղական սայլը», «Զոհը Կար Ամուն էր», «Չալոն», «Տափան Մարգարը»: 1924-ին Բոստոնում «Գյուղը» խորագրով Համաստեղը հրատարակեց իր առաջին գիրքը՝ ընդգրկելով նաև «Միջոն», «Երնեկ այն օրերուն», «Վարդան», «Աղավնիներ» և այլ պատմվածքներ: Համաստեղյան արձակի ներքին կշռույթը՝ ըստ մեկնաբանների, կառուցվածքային զուգադրության իմաստով, ձգտում է միֆականին-հեքիաթին-առասպելին: Միաժամանակ փաստելով, որ վերլուծողները, տարվելով պատմականության, իրապաշտություն-գաղափարախոսություն հակադրամիասնությամբ, աչքաթող են արել համաստեղյան այս «սկիզբը»: Համաստեղի արձակի համակարգում այս առումով կարևոր նշանակություն ունի «իրականության առասպելաբանությունը», օրինակ՝ «Աստղական սայլը» պատմվածքում: Ուստի այս համակարգի մասին խոսելիս նշենք հետևյալը,- շարունակում է գրականագետ Սուրեն Աբրահամյանը,- առասպելն իր գործառությամբ գեղարվեստական ավելի խոր տպավորությունների է ձգտում իբրև պատում: Այն ավելին է երբեմն: Բայց «ճեղքվում», փլվում է այդ աշխարհը. «տեսա ցեղիս որբերը մերկ», մերկ մարմնի…խելագար վազքեր: Այդ «գյուղի սահմաններն էին.- արևելքին Ս. Օվան լեռան ուսերի վրա նստող արևը, արևմուտքին՝ վերջալույսի ներկը՝ դեռ նոր ցանված բամբակների վրա…Հեքիաթ էր իմ գյուղը… այգիների ճամփան»… ինչպես պատմեմ իմ գյուղի բարությունը հեքիաթային, աղջիկները իմ գյուղի, արշալույսը, վերջալույսը, սերը, քենը, հարսանիքն ու պարը… կալը, կտուրը, ցանն ու ցանքը, ցուլն ու ցորանն իմ գյուղի…»:

Արժեքներ, որոնցով հպարտ էին ու անպարտ Տափան Մարգարը, կամ Փիլիկ աղբարը, Միջոն, Օվանը, Ղուկասը, Չալո շունը… Համաստեղի տիպարները…Ովքե՞ր էին նրանք, մինչ օրս էլ հարցնում են ու քննում գրականագետները, հավաստելով, որ դժվար եղավ Համաստեղի կերպարների ճակատագիրը, որ նրանք «տրոհված» են և «օտարվում են» հոգեաշխարհով, քաղաքակրթության միջնորմով: Գրողի վերհուշը գրողի տագնապն է:

…Չպատահի, որ մի «պատահար էլ» ճեղքի նրա ներսի «հին օրերի» երազը: Այդ կենսատու  ճառագայթներով են սնվում Համաստեղի հետ ամերիկաներում, եվրոպաներում ապրող կերպարները, հետևաբար՝ Համաստեղն ինքը…

Ամերիկայի մեջ էլ նա Ծոփաց աշխարհում էր, Խարբերդում: Մտովի դիտենք «Հայաստանի լեռներու սրնգահարը» դրաման. «ինձ էնպէս կը թուի, որ էդ սրինգին ձենը իմ ամբողջ մարմինիս մէջ է: Ես շատ տխուր պիտի ըլլամ, եթե էդ սրինգի երգը դուրս գայ ու կորսուի»: Սակայն բռնի տեղահանվածներից մեկը իրավացիորեն հարցնում է. «Դուն ըսէ, Մարթա, Ամերիկայի, Մեյնի Ֆարմերուն մէջ ո՞ր տեղէն հայկական լեռներու սրինգ»:

Մարիամի հարցումին ի պատասխանում է Մարթան. «Կ՛երևի, իրաւ երազի մէջ է եղեր»:

Մարիամ- Գիտես, Մարթա, երազի մէջ էդ տեսակ բաներ կը պատահին: Մեր Մարգարը միշտ ալ երազ մը ունի պատմելիք…:

Գրիգոր- ինչպէ՞ս թէ երազ: Կքալեմ, մտիկ կընեմ, կըխօսիմ Չալոյին հետ, ձեն կուտամ Մարիամին, զիս կը գտնէ արթուն:

Մարգար- … Ես կ՛երթամ երկիր ինքզինքս կգտնեմ էն գիւղերու փողոցներուն մէջ, ուր վարժապետութիւն ըրած եմ…»[11]:

Օտար քաղաքների օտար ճանապարհներին, 15 թվականից մազապուրծներն իրենց հետ քարշ են տալիս անխուսափելին. Մարդու երազի կորուստը, որը հողոտ, ցողոտ, արևոտ վերհուշ է հոգսաշատ օրերի ու էլի շատ բաների մասին:

Մեծ Եղեռնին հաջորդած սփուռքացման շրջանի շարունակվող ողբերգության արտացոլանքն է համաստեղյան դրաման, ուր առկա են համաշխարհայնացման իրողությունները հոգևոր արժեքների, այն է՝ երազի կորուստը: Ուրեմն իրական աշխարհից դուրս է փնտրածը: Համաստեղի սրնգահարը չմարող նվագներով մինչ օրս և հետայսու հայի ոգին արթուն պահելու առաքելությունն ունի: Եվ հիշողությունը 15 թվականի:

«Ազգային փլուզման, կորուստների ու ցավի արձագանքողներից մեկն էլ դեռևս 1913-ին Երկրից հեռացած Համաստեղը եղավ, ում առաջին գրական փորձերը, որ չափածո էին, ամենաուղղակի կերպով անդրադարձնում են նախճիրը»,- գրում է իր «Եղեռնի անդրադարձերը Համաստեղի ստեղծագործություններում» գրականագետ Արծրուն Ավագյանը.

Արիու՜ն, արիու՜ն թափեցին,
Արիուն արցունք թափեցինք,
Լըճակին մէջն արիունի
Գիրկ գիրկ աստղեր քաղեցին:
Երթանք, ընկեր, այգիին
Գինին փրփուր կ՛արիունի.
Երթանք շանթին, վրէժին,
Երթանք ուժին հայրենի:

Սպանդ, եղեռն և հետևանք: Ամայացած երկիր: Տարգիր ժողովուրդ: Գրողական ողջ ներքինով Համաստեղը հիշողություն է ու քայլող պատմություն: Վկա ու զոհ, ինչպես իր «Զոհը Կար Աման էր» պատմվածքի հերոսը: Ավերիչ ալիքը նրան օտար ափեր է նետել, դեմ հանդիման կանգնեցրել մարդակուլ մի անծանոթ իրականության առջև: Նա տարագրյալի սրտմաշուկը ջանում է փարատել հայրենի եզերքի ու կենդանական աշխարհի վերհուշներով: Արտաքնապես տգեղ դիմագծերով այդ մարդու սիրտը լեցուն է անցած օրերի պատմություններով, Վանքի ճանապարհի, Սևքարի, Պաղակնի ջրերի, բերրի դաշտերի, ոսկիացող ցորենների քաղցր հիշատակներով: Նրա հոգում, ինչպես «Հայաստանի լեռներու սրնգահարը» դրամայի հերոս Գրիգորի ունկերում, հար արթուն է հայոց աշխարհի դաշտ ու լեռան հրաշք սրնգի կանչող ձայնը: Համաստեղի բոլոր հերոսներին, կարծես, այդ ձայնն է արթուն պահում: Իսկ, եթե մեկնումեկը մոռանա, թե որտեղ է գտնվում ու տրվի երազներին, ապա «Հեղ մըն ալ, յանկարծ… քը՛րդ, քը՛րդ… գործավորներեն իրար անցան ու գտան մարմնի կտորներ անիվներուն փաթթուած»: Զոհը Կար Ամուն է, ում ապրած ազնիվ կյանքն ու երազանքները հանդուրժելի չէին ո՛չ նրան վտարած, ո՛չ էլ ընդունած մարդկանց համար:

Ցեղասպանության անամոք ցավը սերնդից սերունդ է անցնում: Համաստեղի խոսքով «կդղրդա սիրտս» բազմահնչյուն արձագանքներով, կը լեցնե հոգիս…»

Խոսքը ներսում կուտակվող «Զրույց շունի մը հետ» պատմվածքի մասին է: Տպավորիչ է Կարո Սասունու բնութագրումը. «Հայրենիք» օրաթերթի 1965 թվի համարներից մեկում Համաստեղը վկայում է, որ ինքը 1929-ին ճամփորդություն է կատարել դեպի Մերձավոր Արևելք և Լիբանանից մեկնել է Դեր Զոր ու տեսել իր գրականության մեջ վերակենդանացած տիպերի…«հազար հազարով» ոսկորները: «Ավելի մտերմացած» իր ժողովրդի տխրությունների հետ, հայ ողբերգությունը լռելյայն կրելով իր հոգու խորքում՝ մի փոսի միջից նա իր հետ է վերցրել փղոսկրի գույն ստացած մի գանգ, որի հետ «ճամփու ընկեր» ու «մտերիմ» է դարձել. «Եթէ միայն գիտնայի անունը այդ գանկին…,-գրում է Համաստեղը,- Իմ յուզուած երեւակայութեանս մէջ անուններ եկան շարքով ու այդ անունները մարմին առին…Ես նոյնիսկ իմացայ անոնց ձայները»: Գրողը Մահտեսի Արութի՞ ձայնն էր, որ լսում էր, ում հափշտակված աղջիկների մեջ գեղեցկությունը ծաղիկի պես կաճեր, Մակար Վարժապետի՞նը, ում գրատախտակը լի էր Շիրակացու թվերով, Տեր Թաթիկի՞նը, ում ձայնի մեջ խունկ կար ու երգում էր հրեշտակի ձայնով, Մարուքենց Ատոմի՞նը, որ թիկնեղ հողագործ էր ու Հայաստանի հողն էր հերկում, ռանչպար Կարոյի՞նը, որ իր արտին այցելության էր գնացել: Նրանց բոլորի, բոլորի կյանքը խորհրդանշող այդ գանգը գրողի հոգում ապրել ու շնչել է, զրուցել ու Համաստեղին մղել գրելու կյանքի հավաստի հիմքեր պարունակող իր լավագույն գործերից մեկը:[13] Ավելացնեմ, գրել է արյունով, սիրով, սիրով, որ և՛ կյանք, և՛ մահ արժե և մեկ անուն ունի՝ Հայրենիքի պաշտամունքը:

Հայրենիքը նրա համար սրբավայր էր,- գրել են գրականագետները,- Այդպես էլ նա չհաշտվեց որպես զբոսաշրջիկ Հայաստան գալու մտքին: Թեև ունեցավ հնարավորություն: Սակայն եկավ և Համաստեղի ժամանակը: Նա իր գրով, իր «նախշ բանիլ բառերով» գրական ժառանգությամբ վերադարձավ Հայրենիք ու բնակվեց հաստատուն:

«Վստահ եմ, որ հին հունական դյուցազունին նման, եթե կռնակս Հայաստանի հողին տամ, նոր ուժ պիտի ստանամ»[14],- գրում է Համաստեղը Մահարուն ուղղված նամակներից մեկում:

«Պատմվածքների առաջին երկու գրքերով, որ հայտնվեցին 1924 և 1929թթ. («Գյուղը», «Անձրևը»)արդեն Համաստեղը հարմարավետորեն և հավասարի իրավունքով տեղավորեց այն սեղանի շուրջ ուր բազմած էին հայոց արձակի մեծերը: Անցյալի ու ներկայի: Համաստեղի կողքին էին նրա հոգեկից Ակսել Բակունցն ու Ստեփան Զորյանը, Վահան Թոթովենցն ու Գուրգեն Մահարին»,- գրում է Վազգեն Գաբրիելյանը վկայակոչելով Կարո Սասունուն. «Համաստեղ վերադարձած էր» Մերձաւոր Արևելք կատարած «շրջապտոյտէն», եղել էր Դեր-Զորում, «շիկացած անապատին մէջ, ուր գերեզման չկար և որպես շիրիմ՝ գանկերու կոյտերը պիրի դիմաւորէին այս ողբերգակ ճամբորդը», և «ողբերգութիւնը լռելեայն կը կրէր իր հոգիին խորը»: Եվ ահա՝ «Օր մը վերստին իրար կը գտնէինք Պոսթընի պարտէզի մեղծի ծառերուն տակ,- հիշում է Սասունին,- Համաստեղի դէմքին վրայ ողբերգութիւն  մը կը թրթռար:

-Բանաստեղծութիւն մը սիրտս կը դղրդե,- ըսավ Համաստեղ,- ու անուն չեմ կրնար տալ այն նիւթին, որ համերգի մը բազմահնչիւն արձագանքներով կը լեցնէ հոգիս:

-Երբ երկունքէ բռնուած ես, բան մը կը ծնի, մաղթենք,- ըսի զուարթօրէն»:

Մի քանի ամիս հետո, երբ շրջանններից Սասունին կրկին Բոստոն է վերադառնում, «Հայրենիքի» խմբագիր Ռուբեն Դարբինյանից իմանում է, որ Համաստեղ նոր արձակ գործը շուտով լույս պիտի տեսնի: «Խորունկ ապրումներու և բանաստեղծական թռիչքի ինքնայատուկ ստեղծագործիթիւն մըն է»,- ասում է Ռուբենը:

«Ուրախացայ,- գրում է Սասունին,- որ Համաստեղ այդ երկունքէն ազատած է: Ծնած էր՝ «Զրոյց շունի մը հետ» գրությունը: Որ ցեղին սրտի մորմոքը կ՛երգեր»: Եվ երգեց. «արևին տակ խլրտացող երգը սերմին, երգը կամուրջին, առվին, ջրտուքին, երգը հողէ տուներուն…»: Այդ ոգով կառուցվեցին «Գյուղը», «Անձրևը» ժողովածուները, «Սպիտակ ձիավոր» վեպը, «Աղոթարանի» աղոթքները. «Քարվան չեմ ուզեր, ո՜վ մեծդ Ս.Սարգիս, ոչ թագ, ոչ պալատ: Տու՛ր ինձ ուժը բանակներուդ, տու՛ր ինձ ուժը քո ուխտավայր լեռներուդ, տու՛ր ինձ շնորհը քու ձիուդ, որ Սուգիկենց տան ես մշակ ըլլամ»:

Ամերիկյան լեռներից այն կողմ և շատ մոտիկ, հայրենի լեռների միրաժն է: Եվ տարագիրների մեջ կա՞ մեկը, որ չի լսում ներսում շարունակ ապրող ձայնը, երբ ուծացումի տագնապների մեջ 21-րդ դարի սերունդն, անգամ, անձրևոտ, հողոտ այն օրերից է գալիս: Եղել է չի եղել համաստեղյան հեքիաթից…

Չշարունակե՞նք պնդել, որ Համաստեղն էլ Հայաստան աշխարհի սրնգահարն է, և իր երգը, որ իր ստեղծագործությունն է, կորցրած աշխարհի, հավերժ անմար կարոտի ախորժալուր մեղեդին է, հմայական կանչը:

Կենսագրական ուրվագծեր

«Իմ մանկական ու պատանեկան աշխարհը գյուղն է իր հեռավոր լեռներու սահմաններով, իր քարաշեն եկեղեցիներով, իր դպրոցով, իր հոգսերով, իր սուրբերով,որոնք գյուղի սահմաններեն ներս կապրեին»:

Ավազանի անունով Համբարձում Կելենյանը ծնվել է Խարբերդի Փերչենճ գյուղում, 1895 թվականին: Գյուղական դպրոցն ավարտելուց հետո Համաստեղը իր ուսումը ստացել է Մեզիրեի Կենտրոնական վարժարանում աշակերտելով հայ գյուղագրության հիմնադիրներից Թլկատինցիին և հայ բանաստեղծաշունչ արձակի վարպետ Ռուբեն Զարդարյանին, որոնք էլ Համաստեղի մեջ արթնացրին «նրբաճաշակ հայերենի» և գրականության սերը: Հետո ուսուցիչ էր հայրենի գյուղում, 1913-ին արդեն Միացյալ Նահանգներում միացավ պանդուխտ հորը, ապա ուսանեց Կոլումբիայի և Հարվարդի համալսարաններում: Մինչև կյանքի վերջը ապրեց բնօրրան Փերչենճում: Ապրեց Հայրենիքով: Եվ «արմենական հոգու համառ գիծերով» (Հ.Կ.) Նյու Յորքի բազմազգ մեծ մշակույթի խառնարանում Համաստեղը բյուրեղացրեց, փայփայեց տարագիր հայի տրտմաթախիծ հոգին, որպես ազգային արժեք ու ստեղծեց աշխարհացրիվ հայ հոգիները ջերմացնող, հայրենական կարոտի ճառագայթները ամենուր հասցնող համաստեղյան լույսի վարար մի ակունք: Օտար ափերում Համաստեղը ստեղծեց իր «Հայաստան» և իր տան պարտեզը մշակելը դարձրեց կյանքի վայելքներից մեկը:

Ըստ կենսագիրների, Համաստեղի գրական տունը դարձավ Բոստոնի «Հայրենիքը», որի էջերին լույս տեսան Համաստեղի առաջին բանաստեղություններն ու պատմվածքները: Իսկ 1922 թվականից, երբ Ռուբեն Դարբինյանի խմբագրությամբ սկսվեց «Հայրենիք» ամսագրի հրատարակությունը, «Համաստեղը» հանդեսի ամենից ընտրված ստորագրությունն էր:

Հայտնի է, որ դաշնակցության հավատավոր գործիչը իր լայնախոհությամբ և ազնիվ կեցվածքով սիրված ու հարգված էր նաև հակադաշնակցական շրջաններում, որովհետև հայրենական անապակ կարոտի իր շունչով ու ազդակներով նա հայ պահեց օտար ափերում ապրող «հայու խլյակները»: Դառնալով արժանավոր զավակը իր ժողովրդի. դասվելով հայ գրականության դասականների շարքում:

Ուստի, Համաստեղին մոտենալիս չդադարենք ընթանալ մեծն Հակոբ Օշականի սահմանած ճանապարհով: Հիշենք նրա մարգարեական խոսքը. «Մեր գրականությունը մեր Հայրենիքն է»: Համաստեղն էլ է համաձայն, որ աշխարհասփյուռ հայության համար գրականությունն, իսկապես, Հայրենիք է, այլ խոսքով՝ հայի հոգևոր հարստության հավաքական պատկերը»,- հաստատում է գրականագետ Մարգարիտա Խաչատրյանը իր «Համաստեղը գրականության մասին» հոդվածում: Տեղին է ընդգծել, որ Մարգարիտ Խաչատրյանը ոչ միայն հետևողականորեն քննել է Համաստեղի կյանքն ու գործը, այլև մեզանում կազմել է գրողի Ա, Բ, Գ հատորները: Գրականագետը հիշատակում է նաև «Ինչպես կգրեն մեր գրագետները» ընդհանուր խորագիրը կրող հարցարանին Համաստեղի պատասխանը. «Ամերիկայի մեջ ապրիլ ու տրամադրություն ճարել գեղեցիկ գրականություն ընելու բավական դժվար է: Երկաթներու աղմուկին մեջ ջութակի ձայն փնտրելու պես բան մըն է,- գանգատվում է նա, – Ինծի այնպես կթվի, որ մինչև հիմա ըրած աշխատանքներս ոտքի վրա ըրած եմ: Գլխավոր բաղձանքս եղած է լայն սրտեվ սեղանին վրա ծռիլ ու միայն գրականությունով մտահոգվիլ: Է՜հ, բոլոր հայ գրողներու անկարելի բաղձանքը այդ եղած է»:

Հարուստ են Համաստեղին նվիրված հուշապատումի էջերը, արտասովոր ու տպավորիչ են նրա հոդվածները, էսսեները, իսկ բանաստեղծություններն, ուղղակի, աղոթքի խոսքեր են:

Ի վերջո, անզուգական՝ պատմվածքներն ու վեպերը:

«Ինչ էլ գրեց Համաստեղը, նրա ծննդավայր Փերչենճ գյուղը հավերժ կոհակվեց գրողի արյան շրջապտույտում, դարձավ սրտի ու նյարդաշխարհի որոշիչ բաղադրատարրը, որից չազատվեց ու չձգտեց ազատագրվել,-գրում է գրականագետ Սերժ Սրապիոնյանը իր «Ավետիս Ահարոնյան-Համաստեղ» ուսումնասիրության մեջ, գուրգուրանքով ցոլացնելով Ավետիս Ահարոնյանի և Համաստեղի գրողական կապը: Բնօրրանից հեռացած երկու սփյուռքահայ գրողներ, ովքեր երկու հիմնախնդիր առաջրադրեցին՝ «նահանջի» շահնուրյան և կորուսյալ երկրի անհետացող գեղեցկությունների մահերգը: Վերջինս անվանվեց «Կարոտի գրականություն»,- գրում է Սերժ Սրապիոնյանը, շարունակելով,- Նրանց գրական գործերի բնորոշ կողմը՝ Հակոբ Օշականի խոսքով «Շնորհալի տրտմության մի թեթև մեգով քողարկված լինելն է»: Այլ կերպ, մի պարունակ, որ ամուր ու հաստատուն է պահում մեծ գրողի հմայական, չդադարող կանչը: Հայրենի եզերքի վերհուշների կանչը:

Հ.Գ. Համաստեղը… Տարաբախտ ու երջանիկ: Հայաստանի լեռներու սրնգահարը: Երանի նրան, ով ձայն է լսում, ով տեսնում է «հայու ոգին, որպես հաղորդ ու նկանակ…»: Հազար երանի:

Ես տեսա Համաստեղը…

Արփեն Մովսեսյան

Օգտագործված գրականություն

Ս.Աբրահամյան, Համաստեղ «Միջազգային գիտաժողովի նյութեր», Երևան 2008

«Բագին» ամսագիր, Բեյրութ, 1966թ.

Համաստեղ, « Հայաստանի լեռներու սրնգահարը», Երևան, 1989թ,

Ինքնակենսագրական, երկեր, Բեյրութ, Համազգային մատենաշար, 1966,

«Կյանք և արվեստ» տարեգիրք, 1933թ.

ԳԱԹ գ., Մահարեի ֆոնդ, N 226

«Համաստեղ, Մոռացված էջեր», Ա, Բ, Գ հատորներ, «Հայկական հանրագիտարան հրատ.», Երևան 2005

Միջազգային գիտաժողովի նյութեր, Երևան 2008, ներփակ էջ

Ս.Աբրահամյան, Համաստեղ «Միջազգային գիտաժողովի նյութեր», Երևան, 2008թ., էջ 28

Համաստեղ, ինքնակենսագրական, երկեր, Բեյրութ, Համազգային մատենաշար, 1966, էջ ժգ

Համաստեղ, « Հայաստանի լեռներու սրնգահարը», Երևան, 1989թ, էջ 37

«Հայաստանի լեռներու սրնգահարը», Երևան, 1989թ

«Բագին» ամսագիր, Բեյրութ, 1966թ.

ԳԱԹ գ., Մահարեի ֆոնդ, N 226

«Կյանք և արվեստ» տարեգիրք, 1933թ.

Leave a Reply