Դանիել Վարուժան

Հայր, օրհնե՛
Հայր իմ, օրհնե՛. Ժամը հասավ. պիտ’­ երթամ.
Նոր կյանք մ’ինծի կը սպասե:
Պատանությունն ես թողուցի. Նոր արյուն
Երակիս մեջ կը վազե:

* * *

Հայր իմ, օրհնե՛. Դողդոջ ձեռքերդ գըլխուս դիր.
Թող մատերեդ կաթի վար
Աղոթքդ՝ եկած հոգվույդ պայծառ խորանեն:
Վերջին ժամն է. օրհնե՛. Հայր:

Սարսուռով ու երկյուղածորեն նա տրվեց իր մուսային: Ի վերուստ էր որոշված.

Տու՛ր, ով Մուսա, տու՛ր այդ քընարըդ բըռնած,
Պիտ՝ իմին սիրտս, իմին աշխարհս ըլլա ան՝
Ուր գաղափարն՝ պիտի բնակի զերդ Աստված…

Հավատավոր էր ու անթաքույց էր երդումը.

Անոր վըրա պիտի սիրտս քըրտընի,
Ինչպես կարմիր և սարսըռուն արշալույս
Մը՝ սեզերուն, հասկերուն վրա գարունի:

Դանիել Վարուժան բանաստեղծի բաղձանքն էր խոսել իր ժողովրդի հետ՝ Բրգնիկից մինչև… ուր հայեր կապրին: Աշխարհով մեկ ինքնաճանաչումի պետք ուներ հայությունը: Եվ հենց դրա համար էլ, ըստ Վարուժանի. «Պիտի մռընչեն զարհուրանքները կյանքին, երգերն անոր պիտի պատմեն սարսուռներ…»:

Դանիել Վարուժանը պայծառատեսի պես գիտեր, որ այս ճանապարհին նահատակվում են, որ «գերեզման մը է ապագան…»: Սակայն բանաստեղծը մեկնդմիշտ անհողդողդ է ու օրհնված բառի ու բանի խորանի առջև՝ տիեզերական իր աղոթքով.

…Ե՞րբ պիտի գա, ո՛վ Տեր, այն օրը վըսեմ.
Եղբայրությունն Մարդկության
Ե՞րբ իր շըղթան պիտի ձըգե սըրտե սիրտ՝
Մեծ համբույրովն՝ հաղթակա՜ն:

Անտարակույս, Անիից եկած, Սեբաստիայում հաստատված Բագրատունի իշխանական տոհմի զարմ, աշխարհի ցավին ու դավին անտեղյակ Բրգնիկցի Դանիել Չբուգքյարյանը, հարազտների համար՝ Տոնելը, դեռ մանկուց խորհրդավոր տեսիլներ էր հայտնաբերում հայրենի գետ Ալիսի ջրերի մեջ, երևակայությամբ սլանում էր մեծերից լսած դյուցազնավեպերի ճամփով: Ու՞ր էին տանում նրան «սրտին մեջ անուշ» պապի այդ զրույցները: Բանալիներ, որ այսօր էլ և՛ ընթերցողներին, և՛ գրականագետներին տանում են Վարուժանի ոտնահետքերով, ուղեկցում են ծննդավայր: Երկիր: Վարուժանի խոսքով. «Բրգնիկը էությանս հիմնաքարը կը կազմե: Իր մրրիկները հոգվույս մեջ անմահ են, և ծոթրինաբույր կավը առհավետ ուղեղիս ամենաջերմ փսորը պիտի հորինե» (ՆՄԿ -102):

Վարուժանը Պոլսում

Այս խոհերով Վարուժանը դարձավ Մխիթարյան նախակրթարանի սան: Պոլիսը անհանգիստ դիմավորեց ապագա բանաստեղծին և Թագուհի մորը: Գրեթե 10 տարի չի տեսել հորը և պարզվեց, որ նա բանտում է: 1986-ի խորացող հայատյացության օրերն էին: Բերայի նախակրթարանի սանը, որ  «Երազող էր ու հանդարտ: Պտի ցնցվեր ու արմատապես փոխվեր, դպրոցի պատուհանից տեսնելով սարսափահար ու մեռնող հայերին»,- «Սրտիս պարտքը» հուշերի գրքում գրում է նրա դասընկեր՝ Վահրամ Փափազյանը:

Եվ իսկապես, այն օրվանից փոխվեց Դանիելի վերաբերմունքը շուրջինների հանդեպ: Ավելին, նրա ներսը կայծակնահար էր: Վիշտն անափ էր, բրգնիկյան տեսիլներին պատկեր առ պատկեր ուրվագծվում էին ջարդի տեսարանները: Գնալով Բրգնիկն աղոտանում էր:Նույն օրերին  օդը և բանաստեղծի էությունը լցված էին  Դուրյանով.

Սիրտս մատեան մ ’է, բազմաթերթ, խոշոր,
Որու առաջին երեսին վրա ճիշտ
Արյուն արցունքով քանդակված է խոր՝
Կյանքիս այս երկու բառերն – սեր և վիշտ:

Գատը գյուղի վարժարանում դասավանդում էր ուսուցիչների ընտիր կազմ:Նրանցից մեկը առանձին էր Դանիելի համար: Խոսքը Արիստակես Քասգանտիլյանի մասին է. «Ոչ մեկ հայերենի վարժապետ իմ վրա այնքան ազդած չէ, որքան Դուք,- ուսուցչին հղած իր նամակում գրում է Դանիելը,- Մյուսներուն դասերը ինծի սովրեցուցին՝ գիտնալ, Ձերիններն՝ ստեղծել: Մյուսներն ես միշտ պիտի հարգեմ, բայց զՁեզ պիտի սիրեմ»(ՆՄԿ-48):[7] Ուսուցիչը տող առ տող քաջալերում  ու ներշնչում էր իր սանին: Եվ որպես «նոր Պեշիկթաշ» երաշխավորում է, որ Դանիելը ուսանի Վենետիկի Մուրատ-Ռափաելյանում:

Դանիել  Վարուժանն արդեն ձեռագիր ժողովածու ուներ «Ծաղկեփունջ կամ բրգնիկցիի մը նվագները» խորագրով. «Այս փնջիս ծաղիկներուն մեջ,- ընծայականում բացատրում է բանաստեղծը,- հոգիս ու սիրտս խառնած եմ, զի ծաղիկը շատ կըսիրեմ…»:

Արդ բաց, ո՛ ծաղիկ, նեկտարիդ ծրար,
Ըրե զիս արբշիռ հյութվ զովարար,
Որ թերևս մոռնամ վայրկյան մը՝ կենաց
Դաժանքն ու մարդուն խոլ քենն ու նախանձ:

Դանիել Վարուժանը Վենետիկում

Վենետիկը շրջադարձային եղավ: Նրա հուզաշխարհում արդեն անծանոթ երկրի  գույներն էին, Վենետիկի «մեծ ջրանցքին դյութիչ երկայնքը»: Եվրոպական գրողներին սերտելով, նա ճանաչեց հեղափոխության ոգին: Նրա ալեկոծված հուզաշխարհը չէր ձերբազատվում 96-ի զարհուրանքից: Դանիել Չիբուգքարյանին դեռ հետապնդում էին սպանդի աղաղակները, որոնք երբեմն-երբեմն խլանում կամ առավել ուժգին էին տրոփում վենետիկյան պատկերների գունեղ լաբիրինթում: Անգամ, երբ Գենտի համալսարանի ուսանող էր, դարձյալ մտքերով այնտեղ էր՝ Վենետիկում: «Վերջապես չեմ կրնար զսպել Վենետկո վրա խորհելու և գրելու բաղձությունս, այնքան միտքս տարածված և հաստատված է անոր բազմաճյուղ ջրանցքներուն մեջ, ինչպես վիթխարի խարիսխ մը…Վենետիկը մոռնալ՝ ինծի համար կնշանակե մոռնալ քերթողական արվեստս, բոլոր գույները երգիս…ահավասիկ, այդ երգող գույներն էին, որ Վենետիկը մուսաներու քաղաքը կը’ընեն»[9]: Հարկավոր է ընդգծել, որ Սուրբ Ղազարի ուսումնական վարչությունը թոշակ նշանակեց, և Դանիել Վարուժանը հնարաորություն ունեցավ ուսանելու Բելգիայում:ՈՒստի պատահական չէ, որ Վարուժանը իր առաջին գիրքը՝ «Սարսուռներ»-ը, խորին երախտիքով,ձոնեց Մուրատ և Ռափաել հայրենասերների անմահ հիշատակին: Թեև ժողովածուն կիսով չափ կրճատվեց, Մխիթարյան Հայրերը ընտրողաբար էին մոտեցել, խուսափելով աշխարհիկ և ըմբոստ տրամադրություններ արտահայտող բանաստեղծություններից: Այնուամենայնիվ, «Սարսուռներ»-ը լայն արձագանք ունեցավ:

«Բրգնիք գեղը մեզ լավ բանաստեղծ տվավ»,- գրեց Արփիար Արփիարյանը:

Հետո պիտի հորդեր վարուժանյան երգը, Չարենցի բնորոշմամբ «ամպրոպի որոտի պես թափով». ծնվեր «Ցեղին սիրտը»: Սակայն մինչ այդ սիրտ կեղեքող մի ցնցում ևս պետք է ապրեր բանաստեղծը: Առաջին սեր,որի հայելին «Տրտունջք» բանաստեղծությունն է: Այն հեղինակը ձոնում է Եղիա Տեմիրճիպաշյանին, իսկ իր այս գաղտնիքը վստահում է միայն ընկերոջը՝ Դանիել Ճիզմեճյանին:

Ա՜խ, բանաստեղծ, ինչպես քեզ պատմել եղերգը սերիս.
Հիշելը զայն՝ վերըստին արյունիլ է ինձ համար:
Ամայության մեջ հոգվույս հընչեց մըռունչ մը’ այն ատեն,
Որուն անմահ արձագանգն է այս քերթվածն, Եղիա:
Կինը լըքեց զիս հավետ, և աղմուկն իր քայլերու վիշտս հեգնելով
Հեռացավ փողոցներուն ընդմեջեն:

Ամիսներ շարունակ մենակության, լքվածության դառն զգացումը հանգիստ չի տալիս նրան: «Մինակ եմ, մինակ եմ, մինա՜կ, կը հասկնաս, solo e soletto! Արցունքներուս հետ մինակ, երազներուս հետ մինակ, երկու ամբողջ տարի է, որ անձնասպանության գաղափարին հետ կ’ապրիմ…» (ՆՄԿ -128): Սակայն Դանիել Ճիզմեճյանը իր քաջալերող նամակներով ոգևորում է ընկերոջը՝ Վարուժանին: Եվ, ի վերջո, սթափված բանաստեղծը այլևս մխրճվում է Հայրենիքի ճակատագրի մասին խոհերի մեջ ու ծնվում է  «Ցեղին սիրտը» շարքի  հենք՝բանաստեղծի երդում-վճիռը. «Ու ես խաչիս վրայեն, խաչված մարդուն նայեցա»: Դանիել Վարուժանի սիրտը խոցոտված էր Կիլիկիո արյունոտված յաթաղանով: Նրան մտահոգում էր երիտթուրքերի սահմանադրությունը, հայրենիքի անորոշ ապագան նոր երգեր էր ծնում: Դանիել Վարուժանն այլևս վրեժխնդիր մի քուրմ էր և պարտավոր էր գրել «Նեմեսիս» քանդակային բանաստեղծությունը.

Օ՛ն, Նեմեսիս, իջիր մե՜ր մեջ, մեզ ըրե
Վահա՛ն լանջքիդ մարմարե.
Սու՛րը թևիդ անխընա:
Զի մենք ծարավ ենք արյա՜ն,
Արյա՜ն, արյա՜ն, Նեմեսիս:

Ուրեմն, ընթեցող որպես, այս ապրումներին հարկ է, որ «Ձոն»-ը գումարենք.

Եղեգնյա գըրչով երգեցի փառքեր.
-Քեզի ընծա՜, իմ հայրենիք-
Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր…
-Քեզի ընծա՜, հին հայրենիք-
Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր.
Ընդ եղեգան փող լու՛յս ելաներ…

Եվ իր՝ բանասըեղծիպես, պետք է կանգնենք  Անիի ավերակներու մեջ.

Ողջու՜ն, Անի, գերեզմանոց, ուր կը փըտին ոսկորներն հաղթ Անցյալին.
Ողջու՜յն, անի, օրորան,
Ուր փլուզի տակ, կարիճի սև արյունով
Մեր Ապագան կը մեծնա,
Ողջու՜յն, Մեռե՛լ, Մա՛յր, ողջու՜յն…

Միայն այստեղից նա կարող էր տեսնել «վաղվան բողբոջները, կարմիր-կարմիր կակաչներ, կարմիր հողը՝ բերված Հայրենիքի դաշտեն», որ զինում են բանաստեղծի բռունցքը, ամրացնում «վաղվան հավատքը», որ «լեռներուն վրա մըռընչեն, մեր Մեռելները բոլոր, Միահամուռ ոստումով պիտի կանգնին գերեզմանին մեջ իրենց:Պիտի սպասեն վարդահեղեղ գալուստին, Արշալույսի մը՝ որուն, հավատացե՛ք ինձ Մայրեր, ես ոտնաձայնը կ’առնեմ…»[15]:

Թերթում ես Վարուժանի «Ընտրանին», թերթում, բոցավառվում ես ու դառնապատիր ապրումներով մտնում ես ուրիշ մի աշխարհ, կորուսյալ մի ժամանակ՝ հեթանս Աստվածների ժամանակը.

Մեռան բոլոր մեծ աստվածները,
Իրենց բագիններուն վըրա մամուռը կ’աճի…

Հետո Դանիել Վարուժանին դեպի Հիսուս տանող խաչի ճանապարհն անցնում է Գողգոթայի ծաղիկների միջով: Այս ճամփով է նա մոտենում ցորյանի ծովերին, որ համտեսի հացին երգը, ընդունի արտերու հրավերը, տեսնի մշակներին, հերկերը, տափանների առաջին ծիլերը, գարնան անձրևն ու հունձքը հասուն արտերուն.

Հովե՜ր կ’անցնին.-
Ու ցորյաններս հուշիկ հուշիկ կ’արթըննան.
Իրենց խորքեն կը հոսի դող մ’անսահման:
Գեղադալար կողերն ի վար բըլուրին
Ծովե՜ր կանցնին…

Շարունակենք  թերթել Վարուժանի կենսագրության էջերը: Անդիմադրելի է:ՈՒզում ես պատմել Բրգնիկում արդեն մանկավարժ Դանիել Վարուժանի ու նրա վիպական սիրո, ամուսնության, զավակների, նրանց ճակատագրի մասին: Ու դարձյալ խճճվում ես վարուժանյան խորագրերի թավուտում: Ընդառաջ է գալիս բանաստեղծն իր «Խաչբուռ»-վ, «Անդաստան»-ով: Գալիս է  Անահիտ, Վահագն, Վանատուր Աստվածների ուղեկցությամբ: Բագինին վրա:Եվ նրա պես, նրա հետ Հայրենիքի ոգին ենք փնտրում: Մասունքի պես «Հացին երգն» ենք ըմբոշխնում, բաժանում աշխարհի հողվորներին, վարուժանյան «Անդաստան»-ի երիզած կողմերով.

…Արևելյան, արևմտյան, հյուսիսային, հարավային կողմն աշխարհի
Խաղաղություն, բերրիություն, առատություն, պտղաբերում թող ըլլա,
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝ սիրերգությու՜ն թող ըլլա…

Աշխարհի բոլոր կողմերում մեզ նաև Դանիել Վարուժանն է ուղեկցում: Բանաստեղծին տեսնում ենք աշխարհի մեծերի կողքին, անցյալ դարասկզբի գրական ասուլիսներում, հմայվում ենք նրա արձակ էջերով, հրապարակախոսի կրքով: Սակայն ինչ էլ, երբ էլ մեջբերենք, դարձյալ չենք կարող բացել, բացահայտել ողբերգական Դանիել Վարուժանի ոչ կյանքի, ոչ էլ ստեղծագործության ծալքերը բոլոր, որովհետև ամեն անգամ բառը- բառին, նախշը նախշին նոր կուտակում ենք հայտնաբերում, և նահանջում են մինչ այդ եղած բոլոր պատկերացումները: Ապա մեկեն,անսպասելի, անակնկալ հոգիդ լցվում է կոմիտասյան պատարագով ու տարածվում է Պոլսից դուրս՝ Չանղրրից դեպի Այաշ գնացող դժոխային ճանապարհի վրա: Երբ, բառացիորեն մերկ (այո, այո), Ռուբեն Սևակին, Դանիել Վարուժանին և նրանց երեք ընկերներին կապեցին ծառերից ու կենդանի անդամահատեցին… Իսկ երեկոյան նահատակների ազնվական հագուստներով ոճրագործները զբոսնում էին Պոլսի փողոցներում:

Օ՜, մարդկային արդարություն… Ահա, թե ինչու, մեկ դար անց էլ Շիրազի հանգույն լուսնի վրա մահեր ենք նշմարում ու խլանում  Չանղըրից եկող մարդկային ձայներից, որոնք պիտի որսար 1915-ի ապրիլին ծնված առյուծաբաշ Շիրազը.

Աստղերն այն օրից ասուպներ դարձած՝
Թռան ու մեռան իրար գրկի  մեջ,
Եվ դարեր ցավը երկնքում մնաց,
Ցրեց աստղերի դաշնությունը պերճ:

Նահատակները: Նրանք սուրբ են:Այո, նրանց հիշատակի առջև պետք է ծնկաչոք խնկարկել: Նրանց պետք է որոնել հավերժության, «աղբյուրը լուսին» գնացողների, հասուն արտերում հունձք ժողովողների մեջ.

Կամ կքշեմ վաղվան հույսով
Արևն առած ճակտիս վրա:
Հորիզոնը, անհուն լույսով,
Իմ աչքերուս մեջ կլողա…

Ահա, ահաանբեկանելի ընթացքով դեպի մեզ է սուրում վարուժանյան ևս մի բանաձև. «Պատրաստ եղեք Արշալույսին՝ որ կու գայ…»:

Ուրեմն, վարուժանյան քերթողությունը, նույնպես, ոտքի հանեց ու սպառազեն հայությանը առաջնորդեց դեպի Արցախյան ազատամարտի ճակատները: Վարուժանը գիտեր, Վարուժանը լսում էր. «Արշալույսի մը ոտնաձայնը…»: Եվ այսօր էլ «բիբերու մեջ» Հայրենիքի պատկերը,  շանթահարելով ուղիղ  մեզ է հասնում նրա անշփոթելի ձայնը.

Ու պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի.
-Ձեզի ընծա՜, հայ մարտիկներ-
Գրիչըս եղավ անթրոց սըրտերու հընոցի…
-Ձեզի ընծա՜, քաջ մարտիկներ-
Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ:

Օրհնյալ, Եղեգնյա գրչով, եկողներիս հար, սա կտակեց Դանիելը Վարուժան:

Արփեն Մովսեսյան

Օգտագործված գրականություն

Շիրազ «Երկեր», հատոր 2, Սովետ. Գրող, 1982թ

Դանիել Վարուժան «Ընտրանի», ՀԳՄ հրատ.,  Երևան2011թ

Վազգեն Գաբրիելյան «Դանիել Վարուժան. Կյանքը և գործը», «Զանգակ -97», Երևան2009թ.

Դանիել Վարուժան «Հացին երգը», «Ոսկան Երևանցի» հրատ., Երևան2009թ.

Հովհաննես Այվազյան «Գրականության կենսահաստատ ուժը», «Լուսակն» հրատ., Երևան 2010թ.

Դանիել Վարուժան «Ընտրանի», Երևան, ՀԳՄ հրատ., 2011թ, էջ 8

Վազգեն Գաբրիելյան «Դանիել Վարուժան. Կյանքը և գործը», Երևան «Զանգակ -97», 2009թ, էջ 13

Դանիել Վարուժան «Ընտրանի», Երևան, ՀԳՄ հրատ. 2011թ, էջ 140-141

Շիրազ «Երկեր», հատոր 2, Սովետ. Գրող, 1982թ., էջ 7

Leave a Reply