Զորավար Անդրանիկի փառքը

2006 թվական, Երևան, սեպտեմբեր: Հայոց մեծերի Պանթեոնին մերձ ճերմակափայլ առանձնատունը «պաշարված» էր: Մարդկանց հոսքը չէր դադարում: Գալիս ու գալիս էին նոր խմբեր: Զինվորականներ, մտավորականներ, պետական այրեր, դպրոցականներ, վետերաններ, երկրապահներ, Անդրանիկ զորավարի թոռներն ու ծոռները, զորապետին ապավինած տարագիրների ժառանգները: Զորավարի անունը կրողը ֆիդայատուն-թանգարանի բացումը պետք է լիներ: Անափ մի հպարտություն կար նրանց աչքերի մեջ: Չէ՞ որ, քիչ անց պիտի մտնեն ֆիդայատուն, առանց չափազանցության, պիտի հանդիպեն, խոնարհվեն Անդրանիկ զորավարին ու… մեր տարեգրության խենթերին:

Նրանց հուշարձաններն, արդեն, ասք ու զրույցներով հավաքվածների սրտում էին: Ուրեմն, Պանթեոնին մերձ հրապարակում բոլորն էին կրում  արյան հավաքական հիշողությունը: Նրանք համոզված էին, որ ոգեկոչումի տիրույթում են և մեր «սպառազեն քաջերը», «ընդ հուր,  ընդ ջուր և ընդ արյուն անցած մեր «սպառազեն քաջերը»՝ շողացող սաղավարտներով, ջահերով: Իրենց հաղթանակներով ու պարտություններով, մարտական հրահանգներով, պատգամներով, ավելին՝ իրենց փառքով ու իրենց ձոնված դարից էլ երկար ապրող երգերով: Այս տողերը գրում ու նորից եմ ապրում սարսուռը օրվա, երբ վերին մի հրամանով, այո, ծավալվեց Շերամի «…Իբրև արծիվը» և ծայրեծայր ալեկոծեց արդեն նեղ թվացող հրապարակը:

Իբրև արծիվ սավառնում ես լեռ ու ժայռ,
Թնդացնում ես երկինք, գետինք տենչավառ,
Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար,
Հսկա լերինք քեզ ապաստան, Անդրանի՜կ…

Մինչ օրս էլ դեռևս անցյալ դարասկզբին Շերամի ստեղծած երգը չի դադարում հմայել ու ալեկոծել մարդկանց: Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետ Վազգեն Առաջինի խոսքով. ամենաժղովրդական և ամենասիրելի երգերից մեկը՝ ի Հայաստան և ի Սփյուռս:

«Այդ երգի երաժշտության և մոգական ուժ ունեցող բառերի իմաստի խորքից հայ ժողովուրդը ոչ միայն հիշում է իր հերոսական անցյալը, այլև ապրում է իր ապագա անելիքի տեսիլքը»[1]:  Հիշատակենք, որ Անդրանիկ զորավարին ձոնվել են տասնյակ երգեր, փառաբանել են, բացահայտել  հայդուկապետի ազատատենչ ոգին, մարդասիրությունը, դյուցազնական ծագումը, ժողովրդի սրտից վիշտը վանելու և հավատ ներշնչելու նրա աստվածային կարողությունը: Ի վերջո, հանուն ազատության զենք վերցնելու գիտակցումը:

Նորից դառնամ այդ օրվան. Աշնանային զեփյու՞ռն էր, թե Շերամի սրտառուչ մեղեդին ու խոսքերն էին, որ մերթ երկյուղած, մերթ հզորացող ալեբախումով թունդ-թունդ արեցին մարդկանց հոգիները, և թանգարանի բացմանը մասնակից ներկաները, նորեն, ապրեցին անդրանիկյան անսպառ ու անվերջ ասքը: Ապա բացվեցին ֆիդայատուն-թանգարանի դռները, ամեն մտնողի իր պատգամներն էր հղում, և իր հայացքով շանթահարում էր Զորավարը: Իսկ հարևանությամբ հայոց Պանթեոնն է: Առհասարակ, Հայաստանի մայրաքաղաք մտնողի համար պատիվ է մտնել Պանթեոն, այսօր արդեն Կոմիտասի անունը կրող ինստիտուտ-թանգարան և, իհարե, Անդրանիկ զորավարի ֆիդայատուն-թանգարան:

Վայելուչ առանձնատան երկու հարկերի պատերի ներսում մեր ազատագրական պայքարի պատմությունն է՝ մասունք-մասունք, նմուշ-նմուշ: Նրանց վեպեր, բանաստեղծություններ, կտավներ, երգեր են ձոնվել: Եվ, եթե այս պահերին մեկ դար մտովի ետ գնանք ու մասնակցենք Ֆրեզնոյում Արարատ գերաեզմանատանը հողին հանձնվող Զորավարի թաղմանը, երբ շրջապատում տարածվել էին Շոպենի «Մահվան քայլերգ»-ի հնչյունները, վկան կդառնանք այն երանելի պահի, երբ Անդրանիկի զինակիցները առաջարկում են երգել «Իբրև արծիվը»: Եվ հազարավոր հուղարկավորողների կարծիքով իրենց ձայնն անպայման հասնում էր Տարոն աշխարհ, արևմտյան Հայաստանի բոլոր բնակավայրերը, Առաքելոց վանք, թնդացնելով լեռ ու ժայռ: Ետ՝ Ֆրեզնո  բերելով հայ դյուցազունի բաղձանքը. «…Առաքելոց վանքում կուզեմ մեռնիլ և թաղվիլ Թարգմանիչներու  գերեզմաններու ոտքը, ո՛չ որպես անոնց քով պառկելու արժանիքով մեկը, այլ, որպես պահակ զինվոր մը այդ մեծ մարդկանց, դրված այն ազգին հող մը, որ անոնց վառած ջահին շնորհիվ, դարերով պահած է ինքզինքը» (1917 թվական): Եվ եկավ ժամանակն ու Զորավարին վայել շուք ու պսակով նրա տարագիր աճյունը ամփոփվեց հայոց Եռաբլուրում: Այսօր նա, կարծես, շարունակում է իր հավերժական զրույցը զինվորների հետ և ամեն անգամ, երբ խոնարհված բարձրանում ենք բլուրն ի վեր, կարծես, լսում ենք Զորավարի ձայնը. «Սիրելի զինվորներս: Հիմա, որ ձեր կատարած գործերուն շատ համեստ կերպով նկարագրված պատմությունը մամուլին կհանձնեմ, չեմ կրնար հարգանքի և հիացումի երկու խոսք չըսել ձեր անունին, երբ կմտաբերեմ ձեր կատարած զոհաբերումներն ու հաղթանակները:

…Բարձր բռնելով հայ զինվորին և հայ ցեղին արժանապատվությունը: Մեծ համբերությամբ կրեցիք ձեր չարչարանքները և մեծ հավատքով տարիք ձեզի հանձնված գործը: Ես չլսեցի տրտունջքի ոչ մեկ բառ, ցավի ոչ մեկ արտահայտություն: Մերկ էինք, անոթի օրերով, ձմռան ցուրտը, բուքն ու քամին, ձյունն ու անձրևը, կարկուտին հետ, ծեծեցին ձեզ, բայց դուք արհամարհեցիք զանոնք, թշնամիին գնդակներուն հետ: Ձեր այս կեցվածքը քաջալերեց զիս, ուրախացուց սիրտս, և կրցին շահիլ փառավոր հաղթանակներ Հայ անունին համար: 6000 վերստ ճամփա կտրեցինք Կովկասի ճակատի վրա՝ խոչնդոտներու և դժվարությանց կուրծք տալով:

Ինկան մեզմե շատերը: Անոնց աճյունները խառնվեցան մայր հողին: Խունկով ու աղոթքով օրհնված ու սրբացած քար մը չդրին անոնց վրա, աղոթք ու սաղմոս չկարդացին, այլ միայն հովը սուլեց՝ փայփայելով անոնց սև ու սիրուն վարսերը…

Սիրելի զինվորներս: Սա մի քանի տողերս իբր հարգանքի և գնահատանքի նշան ձեզի կթողում, իբր կտակ և սրտաձոն ապրողներուդ, և իբր տապանաքար անթաղ և անշիրիմ զինվորներուս…

Անդրանիկ

Պատմությունն է հավաստում, որ Անդրանիկ զորավարի դասերը իր հաղթանակներն ու պարտություններն են, իր ուրախ և տխուր օրերն են: Զորավարն է խոսում. «Տխուր պահս՝ 1907-ին, երբ Գեորգին (Գեորգ Չաուշին) մահվան լուրը հասավ ինձի: Ուրախ պահս՝ 1904-ին, երբ Մշո դաշտին մեջ սբ. Հովհաննեսի վանքին տակ գտնված Գոմերու կռիվը կմղեի տասնևյոթ զինվորներու հետ 1800 թուրք և քուրդ ուժերուն դեմ (1500 կանոնավոր զինվորներ էին): Այս կռվին մեջ մեզի հետ էին երկու հայ կիներ, որոնք դիրքեր կշինեին մեզ համար և Խասգյուղացի տեր Քերովբե բեյն, որ զենքը ձեռքին կկռվեր թշնամիին դեմ: Երբ երկաթե կամքով և մաքուր հայրենասիրությամբ այս փոքրիկ խումբը կկռվեր, հաղթանակը շահելով, այդ պահը իմ ամենաուրախ օրն էր»:

Անդրանիկ իր կրած բյուր ցավերի մեջ զորավարը մի ցավ էլ ուներ՝ Արցախի ազատագրումը: Հայտնի է նաև նրա կոչը: Մեջբերենք մի քանի միտք. «Ղարաբաղցիներ և Գանձակիցներ, չհաջողեցանք մըտնել ձեր պատմական երկիրը: Տարեք իմ ողջույններս ձեր քաջ ժողովրդին և իմ կողմեն ըսեք, որ երբեք գլուխ չծռեն մեր ցեղին ոսոխին առջև: Հայրենիքը մեր կուռքն է այսօր. պետք է երկրպագենք անոր սրբազան սեղանին առջև և ուխտենք պաշտպանել հերոսաբար… »:

Անդրանիկի դասերը սերտելիս պետք է հատկապես յուրացնել նրա համոզմունքը. «Ես ազգայնամոլ չեմ, ես ճանաչում եմ միայն մի ազգ՝ բոլոր ճնշվածների ազգություն:

Ես ոչ մի կուսակցություն չեմ ճանաչել, ես կճանաչեմ հայ ժողովուրդը և նրա ազատության համար կկռվեմ»: Տպավորիչ է և այս պատգամը. «Երբ իրիկունը գլուխներդ բարձին դնեք, որ քնանաք, մի քիչ մտածեցեք ազգի մասին: Այնուհետև մտածեք ձեր հարևանի մասին, հայ լինի նա, թե թուրք լինի, ռուս լինի, վրացի լինի, ով կուզի լինի, և բարի մտածեցեք…Աշխատեցեք, որ ապագա սերունդին և ապագա պատմությանը լավ բան տաք և ոչ անեծք »:

Սակայն Անդրանիկի կերպարին մոտեցողը չի կարող չհիշատակել նրա վերջին խոսքը. «Գործս կիսատ մնաց»:

Մի խտացում ունի Շահան Շահնուրը. «Հայ ժողովուրդը իր պատմության ընթացքին նվաճած էր չորս գագաթներ.-«Սուրբ Մեսրոպ, Կոմիտաս, Կաթողիկե և Անդրանիկ»: Անդրանիկ զորավարին մեծարել են ու երկրպագել: Նրան և իր ժամանակակիցների բույլը՝ Աղբյուր Սերոբ և Նիկոլ Դուման, Դրաստամատ Կանայան համարել են հեղափոխության և հերոսության մարմնացումներ:

1917 թվականին «Արմյանսկի վեստնիկ»-ը գրել է. «Անդրանիկը հայկական Գարիբալդին է: Մեր արյունաշաղ գրականության և հեղափոխության պատմության մեջ Րաֆֆին և Անդրանիկը իրար արժանի հայր և որդի են, և կեցցե՛ այն հալածված ժողովուրդը, որը ծնում է այդպիսի փառապանծ զավակներ»:

Անդրանիկ զորավարը զենքի մարդ էր, նրա ջոկատը հուր ու կայծակի պես մասնակցեց 1915 թվականի Դիլմանի հայտնի ճակատամարտին: Ռուսական հրամանատարությունը բարձր գնահատեց Անդրանիկի ներդրումը, որը միայն կարող էր անել իր երկիրը սիրող, նրա ազատության համար մարտնչող մարտիկը: Մարտադաշտում նա մեզ համար «Հայոց Իլյա Մուրոմեցն էր»,- գրեց գեներալ Չերնոզուբովը:

Անդրանիկը և՛ հաղթանակեց, և՛ պարտվեց: Օրինակ, երբ ընկավ Էրզրումը, ապա՝ Կարսը, Միքայել Վարանդյանը ցավով արձանագրեց. «Այսպիսի պայմաններու մեջ Անդրանիկի տեղ Նափոլեոն Պոնափարթն անգամ լիներ Հայկական բանակի գլուխ, հավանականորեն պիտի չկարենար փրկչի դեր խաղալ, պաշտպանել հայոց բերդաքաղաքը- ոչ Էրզրումը և ոչ ալ հետագային Կարսը»:

Ճակատամարտից-ճակատամարտ, խոհից-խոհ անցնելով անհնարին է ընդգրկել Անդրանիկի ապրած կյանքը մի շղթայի մեջ: Եվ, միաժամանակ, անհնարին է խուսափել ժամանակակիցների ու հետայդու գնահատականներից: Օրինակ, Անդրանիկ Չելեպյանը իր «Զորավար Անդրանիկ» կենսագրական ակնարկում ընդգծում է, որ. «Հայոց պատմության մեծագոյն հերոսներէն Անդրանիկը օժտուած էր զորաւոր ներգիտակցությամբ եւ ունէր քաղաքական բացառիկ զգայութիւն եւ անսովոր հեռատեսութիւն: Դէպքերը շիտակ գնահատելն ու գալիք դէպքերը բնազդօրէն նախատեսելը բնատուր ձիրքերէն մէկն էր հայոց դիւցազնին»:

Այսօրվա և հետագա ուսումնասիրողներին անպայման հետաքրքրելու է, թե, ի վերջո, որտեղի՞ց էր ուժ առնում Անդրանիկ զորավարը, երկնայի՞ն էր, թե՞ երկրային: Եվ ինչու՞ էր անխոցելի: Այս ճանապարհին անհնարին է շրջանցել արշակ Չոպանյանի կարծիքը. «Անդրանիկ հայության կենդանի սուրն է,- գրում է Արշակ Չոպանյանը,- ազգին իրավանց անպարտելի պաշտպան, թշնամվույն մշտական սարսափ: Անդրանիկ մեր օրերու Վարդանն է, եւ մինչդեռ հին Վարդանը իր ազգապահպանման հոյակապ պայքարի համար արդեն պատրաստ բանակ մը ուներ, ազգային կռվին այս նոր սպարապետը՝ ազատագրական այս հսկա պատերազմի ընթացքին, ինքն իր իսկ անունին եւ օրինակին հմայքովը ստեղծեց իր բանակը:

…Հայ ազգը անոր մեջ կտեսնե իր լավագույն հատկությանց մաքուր ու հրաշալի հայելին…Անդրանիկ մեր պայքարն է…»:

Եվ, եթե «Վարդան Մամիկոնյան ինկավ այդ դաշտին վրա՝ փրկելով իր ժողովուրդի իդեալը, իսկ Անդրանիկ ապրեցավ և հաղթեց, ապրեցավ և մղեց ուրիշ ճակատամարտեր և տեսավ Հայոց աշխարհի ազատության արշալույսը, որուն համար նա ըրած է խոշորագույնը:

Անդրանիկի ճակատամարտը Ավարայրի դաշտին վրա կը բանա նոր դարաշրջան մը մեր նորագույն պատմության մեջ, որ նախահարձակ շողն է մեր ազատության մեծ օրվան:

Անդրանիկի հարվածող զորամասի աջ թևը կը տարածվեր Ավարայրի դաշտեն մինչև Վարդան Մամիկոնյանի գերեզմանը:

Վահան Թոթովենց (Խոյի մոտ տված ճակատամարտի արթիվ)

Փոթորկալից, հերոսական մի ուղի է Զորավարի ապրածը: Շապինգարահիսարից ձգվող բազմագույն ու դժվարին մի ճանապարհ է քարտեզագրում նրա կենսագրությունը: Եվ ամենուր Անդրանիկ Անդրեասյանի խոսքով. «Մնում է մարդ, հերոս, կենդանի առասպել, հավերժական խորհրդանիշ»: Որովհետև նա իսկապես անմնացորդ նվիրվեց իր գործին, իր ժողովրդին, հայրենիքին: Ուստի և, պիտի դառնար բանահյուսական կերպար:

«Մի ըսեք, թե Անդրանիկ մեռած է, այն կսավառնի հայ որբերու հոգիներին մեջ: Մեր բոլորին սրտին մեջ: Մեր բոլորին սրտին մեջ կքնանա Անդրանիկը: Պիտի պահենք անոր միշտ ծաղիկներուն մեջ »:

Մ.Քյուրքճյան (հայ որբերի միության կողմից)

Նույն բանն է հաստատում Ավետիք Իսահակյանը իր զրույցներում. «Անդրանիկի մեջ միֆական ինչ-որ բան կար: Ժողովրդի հոգու գանձերը կային. դա մեր հայկական Գարիբալդին էր, որ իր կյանքը դրել էր Հայրենիքի զոհասեղանին: Իսկ «Կավկազսկի կրայ» թերթը զորավարի մասին գրում էր.«Հայ ժողովրդի համար Անդրանիկն առասպելական, անվեհեր հերոս է: Նրա մասին ժողովուրդը երգ է հյուսում, նրա սխրանքները հիցմունքի և պատկառանքի զգացմունքներ են առաջ բերում: Նրա ժողովրդականությունը անսովոր է»:

  • Բացառիկ մի օրինակ. «Անդրանի՜կ: Էնի մարդ չէր: Աստծո հրեշտագն էր: Տերն էր ղրկեր էնոր՝ հայի փրկության տուռ պանալու: Էնքան փափուկ սիրտ, որ էդ երկաթե մարդ ուներ, անհավատալի էր: Ձեռի պատառը կիսում էր զինվորի ու որբի հետ, էնոնց հետ խնդում, էնոնց հետ լալիս»:

Անդրանիկ օրհնված էր ու անխոցելի:

Իր մղած բազում կռիվների ընթացքում Անդրանիկը, անշուշտ, վիրավորվել է, սակայն այդ մասին չի ասվել, մնացել է ժողովրդին անհայտ: Հավանաբար զորավարը տեղյակ է եղել իր մասին պատմվող զրույցներին, սակայն չի փորձել ժխտել. թող հավատան և՛ բարեկամները, և թշնամիները:

Անդրանիկն իր վիպական նախորդների նման վաղ է զրկվել ծնողներից (իրականությունն այն է, որ նա երեք տարեկան էր, երբ մահացավ մայրը, իսկ հայրն ավելի ուշ է մահացել): Անդրանիկը մեծանում է և հասակ է առնում օտար, բայց քաջ ու կտրիճ տղամարդկանց միջավայրում, որը և որոշակի ազդեցություն է գործում հերոսի բնավորության կազմավորման վրա: Ըստ մի զրույցի, Անդրանիկին խնամում են նրա հոր բարեկամ քրդերը: Մի շարք պատումների համաձայն Անդրանիկին պահում մեծացնում է Սերոբը և ռազմական մկրտություն տալիս: Սերոբի հետ է առնչվում նաև Անդրանիկի անվան ծագումը: Նրա անունը բնավ էլ Անդրանիկ չի եղել, այլ, ըստ պատումի, եղել է Նորայր: Սերոբն այնքան է սիրել նրան, որ ընդունել է իբրև անդրանիկ զավակի, իսկ քաջության համար՝ իբրև ջոկատի առաջին, անդրանիկ զինվորի՝ անունը կնքել Անդրանիկ:[10]

Բանավոր զրույցը հաղորդում է, որ պատանի Անդրանիկի հորը սպանում են քրդերը, երբ նա փորձում է պաշտպանել արտը ջրելու իր իրավունքը: Անդրանիկը հոր զենքը վերցնելով՝ գնում և շարունակում է ջրելը: Նորից հայտնվում են քրդերը, որոնց նա սպանում է և փախչում Ռուսաստան: Իսկ մի այլ զրույցի համաձայն թուրքերը ծեծում, արյունլվա են անում Անդրանիկի հորը: Վերջինս նույն եղանակով լուծում է հոր վրեժը, որի պատճառով բանտ է ընկնում: Ընկերները կազմակերպում են նրա փոխուստը:

Անդրանիկի կերպարը բացահայտելու համար պետք է անպայման կարդալ Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը», պետք է հասկանալ, թե ինչու՞ է վիպական հերոսների կյանքում կարևորվում ձիու դերը: Խաչիկ Դաշտենցն է վկայում, որ ձին նախ տրվում է իբրը նշան երախտագիտության: Ով ընթերցել է վեպը, թող վերհիշի, որ Ձին պետք է մկրտվեր հայկական ավազանում: Դաշտենցն այդ նպատակով օգտագործում է մի գեղեցիկ զրույց սասնա Գելիգյուղի «Պայթող աղբյուրի» մասին: «Պայթող աղբյուրի» ջրերում հրեղեն ձիեր են ապրում: Ի դեպ, այդ աղբյուրի ջրերից, ըստ մի բանավոր ավանդության, ծնունդ է առել վիպական Քուռկիկ Ջալալին: Հրեղեն ձիերին քչերն են տեսնում: Մի անգամ այդ բանը հաջողվել է Գելիգյուղի Մոսե տան նահապետներից մեկին, իսկ ազատագրական պայքարի տարիներին Մոսե Իմոյին է բախտ վիճակվում տեսնել ու զրուցել «Պայթող աղբյուրի» հրեղեն ձիերից մեկի հետ: Սա Իմոյին խորհուրդ է տալիս իր բաշին դրած ձեռքով երեք անգամ խփել ասորի ցեղապետի նվիրած մտրուկի մեջքին: Մոսե Իմոն կատարում է հրեղեն ձիու պատգամը, բայց շփոթվում և երկու անգամ է խփում: Նույնիսկ ոմանք Մոսե Իմոյի մատնահետքերն են տեսել ձիու մեջքին: Մտրուկը հրեղեն է դառնում, բայց ոչ՝ անմահ: Իսկ նրա հեծյալը երբեք չի պարտվել: Այսպիսով, ժողովրդի բանաստեղծական-վիպական մտածողությունը լուծում է ձիու հրեղենության և սովորականի միջև եղած հակասությունը ևս:

Եվ պատահական չէ, որ ըստ կենսագիրների Հերոսի ձին հասնում է հեռավոր Ամերիկա, մասնակցում իր տիրոջ թաղմանը, ապա անսալով իր ջրային էության կանչին, «չէ՞ որ նրան ևս փոխանցվել էին ջրածին հրեղեն նժույգի հատկանիշները», գնում խառնվում է օվկիանոսի փրփրադեզ ալիքներին:

Ավելի իրական է «Սպիտակ ձիավորի» պատումը: Հերոսը տարիներ շարունակ հայտնի է եղել իբրև Սպիտակ Ձիավոր: Իսկ Սպիտակ Ձիավորի վիպական կերպարը գալիս է դեռևս 5-րդ դարից. դա Մուշեղ Մամիկոնյանն էր, որի վեհանձնության առաջ գլուխ խոնարհեց անգամ Շապուհ արքան՝ գինու գավաթի վրա փորագրել տալով նրա պատկերը՝ ճերմակ ձի հեծած: Գինեխումի ժամանակ Շապուհը նայում էր գավաթին ու կրկնում. «Ճերմակաձին գինի արբցե»:

«Լեգենդը լեգենդ,- շարունակում է Մ.Գալշոյանը,- բայց իրողություն է, որ Անդրանիկի հայտնվելուց հետո գյուղում սպիտակ ձիերը շատացան, և տարիներ հետո գյուղի բոլոր ձիերը ճերմակ էին »:

Ընթերցող բարեկամ, կարծում եմ, զգում ես, որ ընկղմվել եմ Անդրանիկի ասք-պատումների մեջ և չեմ կարողանում, այո, ազատվել սրբազան այդ պաշարումից: Ուրեմն, տեղափոխվենք հյուսիսային Արցախ, Մարտունաշեն գյուղ, ուր 1991 թվականի ապրիլի 30-ին հերոսաբար զոհվեց Սիմոն Աչիքգյոզյանը: Նա ծանր վիրավոր վիճակում ապահովեց բնակչության հեռանալը դեպի անտառներ, իսկ ինքը կռվեց մինչև կյանքի վերջին վայրկյանը: Սիմոնին հերոսական ոգի էր տվել մեծ զորավարը: Նրանց ընտանիքում պահպանվել է մի թանկ ավանդություն զորավարի հանդեպ անձնազոհության մասին: Իսկ ժամանակին Սիմոնի բռնակոթցի պապը զոհվել էր հենց գյուղի եկեղեցում՝ իր մարմնով պաշտպանելով այդտեղ գտնվող Անդրանիկին՝ թուրքական դավադիր գնդակից:

Աշխարհը գիտե, որ Անդրանիկ զորավարի կերպարը հիացնում էր և՛ յուրայինին, և՛ օտարին: Շատ դրվագներ կարող ենք հիշատակել այս առնչությամբ: Ըստ օտարների նա «փաշա» էր, ըստ յուրայինների՝ անորսալի թռչուն: Ահա, թե ինչ է պատասխանում թուրք պաշտոնյային սասունցի ծերունին, ումից պահանջում էին բռնել Անդրանիկին. «Դրանք թռչուն են, էֆենդի, ինչպե՞ս բռնենք: Ֆիդային սահման չունի: Հարյուր աշիրի միջով կանցնեն, հազար սարով կգնան կթառեն իրենց ուզած սարին: Վաղն էլ կթռչեն կերթան ուրիշ սարեր»:

Անդրանիկը հեռանում է

Իր իղձերի կատարումը թերի թողած՝ Անդրանիկը հեռացավ Հայրենիքից և զինվորներից բաժանվելիս սրտահույզ խոսքերով դիմեց նրանց. «Ես հայր չեղա ընտանեկան հարկի տակ, իմ ընտանեկան հարկը Հայաստանի երկինքը եղավ: Իմ մարտական կյանքը ես սկսեցի հայդուկությունից: Գնացի Սասուն, մտա մի մութ գոմ և սկսեցի զենքերի փչացած մասեր նորոգել: …Իմ բարձը Սասունի լեռները եղան: …Այդքան տարվա մեջ ես չտեսա ոչ մի զինվոր, որ իր բնական մահով մեռներ: …Մերկ ու անոթի մնացինք օրերով: Ձմռան ցուրտը, բուքն ու քամին, ձյունն ու անձրևը կարկուտի հետ ծեծեցին մեզ: Բայց դուք արհամարհեցիք թե՛ թշնամու գնդերը, և թե՛ բնության արհավիրքը: Ձեր այդ կեցվածքը քաջալերեց զիս ու մենք շահեցինք փառավոր հաղթանակներ: …Դուք սովորական մարդիկ չեք, այլ հրեղեն մի սերունդ, որ ժայթքեց Սասնո այդ առասպելական լեռան տակից: Այս խոսքերը ես ձեզ թողնում եմ իբրև սրտաձոն՝ բոլոր ապրողներին, և տապանագիր՝ մեռած զինվորներիս համար »:

Մինչդեռ Անդրանիկը նպատակադրվել էր օր առաջ Կիլիկիա գնալ, այնտեղ հայերից բանակ կազմել և պայքարել Կիլիկիայի ազատագրման համար, սակայն եվրոպական տերությունների, առաջին հերթին Ֆրանսիայի ու Անգլիայի բռնած դիրքը թևաթափ արեց մեծ զորավարին, և ժողովրդի վաղեմի իղձը, այս անգամ, դարձյալ չկատարվեց:

Անդրանիկը, տառապանքի ու վշտի խոհերի տակ ծանրացած, դեռևս չիրագործած, փայփայած երազանքները, որոշում է հեռանալ, այո, իր այնքա՜ն սիրելի հայրենիքից և դիմում է «Հայոց փառքի ու կործանման վկա» լեռանը՝ Մասիսին. «Լուր արա ամնեքին քո անհասանելի բարձունքից՝ իմ կռիվը չի ավարտվել, ես դեռ կռվելիք ունեմ…Գնում եմ ոչ թե դեպի անհայտություն, ինչպես քո վիհերում կործանված հայոց գահերը, այլ դեպի նոր պայքար: Գնում եմ ժողովելու ազգիս ցիրուցան բեկորները՝ նորից գրկվելու մեր ցեղի թշնամիների հետ, մեր ցեղի գոյության համար…»:

Անդրանիկ զորավարի կերպարը անհնարին է տարանջատել Հովհաննես Թումանյանից: Անուններ, որ թե՛ իրենց ժամանակին, և թե՛ մինչ օրս՝ գաղափար են: Վահան Թոթովենցն է հիշում, որ մի անգամ ընկերոջ հետ մտնում է Թումանյանի մոտ այն պահին, երբ վերջինս ուշադիր լսում էր Անդրանիկի պատմություններից մեկը.

  • Թուրս քաշեցի ի վրա…,- ասաց Անդրանիկը և կանգ առավ:

Նա ուներ այդպիսի սովորություն: Այդ պաուզան երբեք չէր դանդաղեցնում պատմությունը, այլ ընդհակառակը, ավելի խորացնում էր, կարծես, կանգ էր առնում, ժամանակ էր տալիս, որ լսողը ընդգրկի պահը:

Բայց Թումանյանը չհամբերեց և սկսեց գոռալ.

  • Խբի՛ր, խբի՛ր…

Մի օր, սեղանի շուրջը, Թումանյանն առաջարկում է խմել Անդրանիկի կենացը և ինքն է վերցնում առաջին խոսքը:

  • Սրանից 20 տարի առաջ,- ասում է Թումանյանը,- կար երկու նշանավոր բան՝ Խրիմյան Հայրիկը և իմ «Շունն ու կատուն», 20 տարի է անցել, բայց էլի նշանավոր բան կա- իմ «Շունն ու կատուն» և Անդրանիկը, խմում եմ երկու նշանավորներից մեկի՝ Անդրանիկի կենացը:

Ընդհանուր ծիծաղից հետո Անդրանիկը պատասխանում է.

  • Կանցնեն տարիներ, ոչ ես կլինեմ, ոչ էլ Թումանյանը, բայց կլինի մի նշանավոր բան՝ «Շունն ու կատուն», խմենք նրա կենացը:

Այս պահին սրբապղծություն կլինի հայոց երկու մեծերի անանձնական բարեկամության հայտնի դրվագները շրջանցելը:

1917 թվականի վերջերին, երբ Անդրանիկը կազմավորում էր իր զորամասը՝ թուրքական զավթիչների դեմ նոր կռիվներ մղելու համար, հայոց մեծ բանաստեղծը, հաղթահարելով անձնական վիշտը, անմիջապես արձագանքում է զորավարի կոչին.«Սիրելի Անդրանի՛կ, ահավոր մոմենտի առջև ամեն մարդ պետք է ընդհանուրի սեղանին բերի ինչ-որ ունի և կարող է՝ թե վերահաս վտանգը կանխելու և թե բաղձալի խաղաղությանը հասնելու համար:

Ես չորս տղա ունեմ, չորսն էլ երկրի կառավարության, Ազգային խորհրդի և Քո տրամադրության տակ են, իսկ չորս աղջիկս էլ պատրաստակամ գնում են թիկունքի աշխատանքներին, ինչի որ ընդունակ կլինեն:

Ես էլ, անշուշտ, սրանից թանկ ոչինչ չունեմ, հետևաբար ոչինչ չեմ խնայել, միայն թե կարողանանք բոլոր ազնիվ ժողովուրդների և ազատասեր ոգիների հետ միասին ետ մղել վերահաս վտանգը և պաշտպանել ամենքիս սրբազան իրավունքներն ու ազատությունները: Ես անսասան հավատարիմ եմ քո՝ շատ փոթորիկների մեջ ձեռք բերած փորձությանը, վառ հայրենասիրությանն ու ազատասիրությանը, այլև բնական մարդասիրությանն ու զինվորական բարձր տաղանդին և պատրաստ գալու, երբ որ կկոչի Քո եղբայրական ձայնը:

Համբուրում եմ հերոսական ճակատդ»:

Անդրանիկի պատասխանը չի ուշանում. Օ Ժամանակներ, օ բարքեր…

Դրվատալից և ուսանելի է Անդրանիկ և Ավետիս Ահարոնյան բարեկամությունը: Թե՛ Թումանյանը և, թե՛ Ավետիս Ահարոնյանը անտարբեր չէին Անդրանիկի հասցեին հնչող զրպարտությունների նկատմամբ: Նրանք Զորավարի հոգևոր հենարանն էին ու մխիթարողը: Զորավար, ով իր ամբողջ կյանքի ընթացքում նայել է մահվան աչքերին, նայել է սառնասիրտ ու աներկյուղ: «Նրա ծանր ոտքերի տակ ժայռերն են տնքացել,- գրում է Ավետիս Ահարոնյանը,- Անդրանիկը կարոտ էր մտերիմ խոսքի և գուրգուրանքի: Այդ մտերիմ բարեկամը եղավ ու մնաց Հովհաննես Թումանյանը»: Նաև Ավետիս Ահարոնյանը, ավելացնենք մեր հերթին: Այդ նրանք պատնեշեցին Անդրանիկի կերպարը բոլոր բամբասանքներից: Ինչպես հայտնի է Անդրանիկն իր հարվածող զորամասով չմասնակցեց Սարդարապատի ճակատամարտին ու մնաց Դսեղում: Անդրանիկի զորամասը ենթարկվում էր Հայկական կորպուսի հրամանատար գեներալ Թ.Նազարբեկյանին, վերջինս Անդրանիկին հրամայել էր նահանջել դեպի Դսեղ, որպեսզի կանխի Վրաստան մտած թուրքական զորքերի ներխուժումը Լոռի: «Ի սեր Աստծո, ի սեր Քրիստոսի, ի սեր նահատակներուն և Հայրենիքին, – խնդրել էր Թ.Նազարբեկովը,- պահես Լոռին և չի թողուս, որ թշնամին մեր կռնակը անցնի»:[15] Նազարբեկյանը անառարկելիորեն հավատում էր ու բարձր էր գնահատում Անդրանիկ Զորավարի կարգապահությունը, ռազմական մարտավարությունն ու տաղանդը

Տարիներ հետո խոսելով Անդրանիկի կյանքի ու գործի մասին Ավ.Ահարոնյանը նշում է.«Այնքան բախտավոր ռազմական աստղի տակ ծնված հերոսը մեռավ, անշուշտ, խորապես դժբախտ,- շարունակում է Ահարոնյանը,-…Զարհուրելի է մահը, երբ նա գալիս է հուսաբեկության ու դառնության փոշիները ցանելով հերոսի անցած դյուցազնական ճամփաներին: Չավարտած կյանքի ու գործի վրա թառող մահը տասնապատիկ ավելի դաժան է ու անգութ:

…Դժբախտ մեռավ Անդրանիկ»:

Հանդիպման վայրը՝ Ֆիդայատուն

Անդրանիկ զորավարի մասունքներից պահպանվում են նաև Հայաստանի պատմության թանգարանում: Վերջին խոշոր ձեռքբերումներից մեկը Զորավարի սուրն է, որը տարիներ առաջ պատմության թանգարանին նվիրեց հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Զորավարի մասունքներից, հավատացած եմ, որ ի Հայաստան և ի Սփյուռս, դեռևս, պահպանվում են շատ հայ գերդաստաններում: Մեզանից մեկը՝ Բեգլարյան ընտանիքը, հատկապես Իլյիչ Բեգլարյանը իր պարտքը համարեց շարունակել անդրանիկապաշտ իր քեռու սկսած գործը: 30-ականներին գաղտնի պահվող նրա փոքրիկ հավաքածոն, որի գլխավոր նմուշը «Հայաստան» օրաթերթի համարներից մեկն էր, այսօր արդեն համալրվել է հարյուրավոր ցուցանմուշներով, որոնցից յուրաքանչյուրը լույս է սփռում, երբեմն նոր էջ է բացում անդրանիկյան հերոսապատումի անդաստանում:

Ինչևէ: Սիրով փնտրեցեք և գտեք Պանթեոնի հարևանությամբ գտնվող այս սրբազնատունը: Եվ հավատացեք, թանգարանից դուրս կգաք պինդ ու ամուր, պատրաստ սխրանքի հայրենիքի, երկրի, կողքինի համար: Պետք է դրվատել և Հայաստանի սփյուռքի նախարարության դերակատարությունը ամեն տարի Հայ Մեծերի մի բույլ մատաղ սերնդին, հայությանը ներկայացնելու ճիգը, սփյուռքահայ պատանիներին դեպի Պանթեոն, դեպի Կոմիտասի անունը կրող թանգարան-ինստիտուտ, դեպի Ֆիդայատուն ուղղորդելու ջանքը: Ապրենք մեր Մեծերի դավանած արժեքներով և սերնդեսերունդ փոխանցենք ու արժանի լինենք վերին ճշմարտությանը. «որդիներ կան, ովքեր ազգի անունով են ներկայանում, և որդիներ, որոնց անունով ազգն է ներկայանում»: Եվ որպեսզի մերը դարձնենք անդրանիկների կենսագրությունը, իբրև ազգ ներկայացնող զավակների առհավատչյա, պետք է, ուղղակի, շարունակենք կարդալ նմանների ու Անդրանիկի մասին պատմող գրքերը, աշխատությունները: Շարունակենք լսել նրանց ձոնված երգերը: Ու չհարցնենք, ինչպես Շավարշ Միսաքյանն է գրում «ովքե ՞ր են այդ անմշակ երգերի հեղինակները»: Պարզապես տեսնենք նրանց ճակատամարտերի մեջ, գրոհելիս, և մեր աչքերի առջև նրանք իսկապես կկանգնեն ամբողջական ու ավարտուն, ինչպես Հայոց Գարիբալդին՝ Փառապանծ Անդրանիկը Զորավար …

Արփեն Մովսեսյան

«Նաիրի», 1979թ., հոկտեմբերի 31

Անդրանիկ, 1994թ., Երևան «Առաջընթաց», էջ 36,37

Անդրանիկ, 1994թ., Երևան «Առաջընթաց», էջ 53

Հ. Այվազյան «Եղեռնի գրական արձագանքները և Զորավար Անդրանիկի կերպարը», Երևան «Վան արյան» հրատ., 2000թ., էջ 125

Leave a Reply