Փանոս Թերլեմեզյան

Փանոս Թերլեմեզյան

Ժողովրդական նկարիչը

Նկարչին փնտրելիս, նախ որոնիր նրան հայրենի եզերքում: Դասդասիր կտավներն ու վայելիր  արշալույսը, իրիկնապահի նինջը, երբ երկինքը հրդեհվում է հրավառ գույներով, ապա աչքերդ կկոցիր միջօրեի կիզող արևի շողերից: Երփնագրերի մեջ կարդա Փանոս Թերլեմեզյանի ապրած անդադրում օրերի տխրությունը, երբ ամեն ինչ գորշ է, մռայլ ու միակերպ: Վերջապես, կտավից-կտավ անցիր, թերթիր նրա մասին մենագրություններնու, հատկապես, Եղիշե Մարտիկյանի ուղեկցությամբ, հետևիր նկարչին՝ աշխարհի ճանապարհներին:

* * *

1903 թվական, Փարիզ, Լուվր…Առինքնող արտաքինով երիտասարդ նկարչին ամբողջովին կլանել է Ռեմբրանդտի կտավը: «Ս.Մաթևոս»-ի տվայտումները, կարծես, իրենն են: Գույները մռայլ են ու թանձր: Անթաքույց է նկարչի ներքին հրճվանքը: Նա հաղթահարել էր հանրահայտ կտավների ընդօրինակումի մի ամբողջ համաստեղություն: Առաջին տպավորությամբ, թվում էր, Տիցիանի, Վերոնեզի, Ռուբենսի, Դրյուդոնիև այլ կտավների մոտից, ասես, հենց նոր էին հեռացել աշխարհահռչակ նկարիչները: Եվ ահա, ավարտին է մոտենում Ռեմբրանդտի «Ս. Մաթևոս» կտավը: Վերջին վրձնահարված, վերջին շտկում, սուզումի վերջին ակնթարթ: Եվ հանկարծ, մի ձայն. դեմ առա դեմ կանգնած է ֆրանսիացի ճանաչված նկարիչ Կառոլյուս- Դյուրանը:

  • Դուք իսպանացի եք, անշուշտ:
  • Ոչ, հայ եմ:
  • Ավելի լավ, ուզում եմ գնել Ձեր արտանկարը մեր թանգարանի համար:
  • Անհնարին է,- պատասխանում է Փանոս Թերլեմեզյանը,- այն նախատեսված է Հայաստանի համար:

Այնուհետ, նկարիչը մերժում է նաև մեծահարուստ անգլիացի մի գնորդի:

Պատասխանը մեկն էր. Փանոս Թերլեմեզյան նկարչի սիրտը, միտքը, վրձինը աշխատում էր Հայաստանի համար:

Նկարիչը յուրացրել և խորացրել էր արդեն հին հունական, վերածնության շրջանի նկարիչների մոտեցումները և պատրաստվում էր Ժուլյենի ակադեմիայի հաշվետու ցուցահանդեսին:  Գունանկարչության մրցույթում 700 ուսանողների մեջ1904 թվականի առաջին մրցանակը շահում է Փանոս Թերլեմեզյանը: Նույն տարում նա ստեղծում է շատ ինքնատիպ կտավներ, այդ թվում «Հայ գաղթականը», «Հավատաքննիչը» և էլի շատ ամբողջական կերպարներ: Իրար հետևից մարմին էին առնում նրա հոգում խոր վերք թողած համիդյան ժամանակների տեսարանները: Միտքն ամբողջությամբ Արևմտյան Հայաստանում էր, ծննդավայրում և հենց այդ ժամանակ, երբ ավարտվեց ուսումնառությունը Փարիզում, նրան առաջարկեցին մնալ արվեստների մայրաքաղաքում: Փարիզը գերող էր, բոհեմական:Մտերմիկ անկյուն էր դարձել «Կոնցերտ ռուժ» փոքրիկ սրճարանը: Ընտիր հասարակություն, ովքեր քննարկում են արվեստի ամենատարբեր հարցեր, խնդիրներ, ուղղություններ: Հաջողությունները ուղեկցում են Փանոս Թերլեմեզյանին: Ակնհայտ է նրա տաղանդը: Նրա «Տղամարդու մերկ մարմինը», «Բանվորուհին ջրհորի մոտ» կտավները արվեստասերները առանձնացնում են փարիզյան հավակնոտ միաջավայրում: Ավելին՝նրան առաջարկեցին մնալ Փարիզում: Սակայն Փանոս Թերլեմեզյանը մերժեց: Եվ որպես երախտագետ հայորդի, օր առաջ էր ուզում լինել Էջմիածնում, որտեղ նրան էր սպասում Խրիմյան Հայրիկը, ում նշանակած թոշակով էլ կարողացավ ուսանել հանրահռչակ կրթօջախում: Հայտնի է, որ վերադարձից հետո նա վրձնեց «Խրիմյան Հայրիկ» կտավը, որը հայոց կաթողիկոսը ժամանակին նվիրաբերել է Վարագա վանքին: Բնականաբար, 1915-ին, շատ այլ արժեքների հետ հոշոտվել է նաև Թերլեմեզյանի այս աշխատանքը:

Կենսագրական մանրամասներ

Վանի Այգեստան կոչվող արվարձանում ծնված Փանոս Թերլեմեզյանին, համեստ, ընկերական մարդուն, վիրտուոզ նկարչին վարպետ էին կոչում: Մեծ էր նրա ժողովրդայնությունը: Նրան ճանաչողները գիտեին, որ նկարչի ներաշխարհում նաև հայրենիքի զինվորն է պարփակված, որ նա ապրել է ժամանակի բոլոր դառնությունները: Բավական է միայն ասել, որ գրաճանաչ է դարձել Վանի Տեր -Թոդիկյան հիմունքներով շարժվող տարրական դպրոցում: Շնորհով ծնված տղան, անգամ այդ պայմաններում, դասերի ժամին նկարում էր՝ անտեսելով ուսուցչի պատիժները: Ճիպոտի հարվածները անպակաս էին, մանավանդ, որ, ըստ ուսուցչի, նկարելը «անբարիշտ» գործ էր: Նա մի կերպ մատիտներ էր գտնում և նկարում, մերժում է, անգամ, մոր առաջարկը. դերձակություն սովորել՝ տան ապրուստը հոգալու համար: Որբացած տղան միայն մխիթարվում էր իր մատիտանկարներով:

Վանի կենտրոնական վարժարանը եղավ այն հարթակը, որտեղից մեծ կյանք պետք է նետվեր մրցակից չունեցող Փանոս Թերլեմեզյանը: Նրա արտանկարները՝ Արծրունի, Րաֆֆի, զարդարում էին դպրոցի պատերը: Հետո ինքը պաշտոնավարեց նույն դպրոցում և հայտնի դարձավ նաև Վանի ըմբոստ երիտասարդությանը ընդդեմ սուլթանական ռեժիմի ոգևորելու մեջ: եվ, երբ մի անգամ Մուշի Սուրբ Կարապետ վանքի բակում տեսնելով թուրք ժանդարմի կողմից մի հայ երիտասարդի հալածվելը, առանց երկմտելու հարձակվում ու արյունլվիկ է անում ոստիկանին: Հենց այս դիպվածն էլ պատճառ եղավ, որ նա լքեր հայրենի վայրերը, վտարանդի կյանք վարեր, որովհետև արդեն որոշել էր դառնալ հեղափոխական և չէր հանդուրժում, բառացիորեն, ոչ մի անիրավություն: Սակայն գալիս է մի շրջան, երբ հիասթափվում է իր և ընկերների բռնած գործից՝ տապալել միապետությունը: Եվ 1893-ի ընկերների հետ հասնում է Իրան, ապա՝ Թիֆլիս: Նրա կյանքում շրջադարձային պետք է լիներ մի սրճարանում տեսած Գևորգ Բաշինջաղյանի բնանկարը: Հանդիպում է մեծ նկարչին, սակայն պարզվում է, որ չի կարող կատարել Բաշինջաղյանի հանձնարարությունը, չէր տիրապետում նկարչական կանոններին: Եվ նկարելու սերը սրտում, դառնում է «Մշակ»-ի ցրիչը: Հետո Գևորգ Բաշինջաղյանի հանձնարարական նամակով էլ մեկնում է Պետերբուրգ՝ սովորելու գեղարվեստի ակադեմիայում: Եվ երջանիկ պատահականությամբ, Պետերբուրգ եկած Խրիմյան Հայրիկը համաձայնվում է ամսական 50 ռուբլի թոշակ տալ ուսանողին: Նրան հենց այդ շրջանում էլ սպասում էր բանտը, որովհետև թուրք ոստիկանների ձեռքն էր ընկել Փանոս Թերլեմեզյանի զայրալից նամակը ուղղված Պոլսի ընկերներին՝ «Պայքարել միապետության դեմ»: Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում ընդամենը 4 ամիս ուսանած Փանոս Թերլեմեզյանին կալանավորում են և նետում Էստոնիայի Ռևելի բանտը: Եվ հենց այս ցուրտ ու մութ պատերի ներսում էլ նա պետք է վրձներ իր լավագույն ինքնադիմանկարը: Ընդամենը մի փոքրիկ մատիտով և փշրված հայելու մի կտորի օգնությամբ: Սա արդեն ապացույց էր, որ Փանոս Թերլեմեզյան հայորդին չի ընկրկում, որ նրա վրձինը գնալով վարպետանում է:

Արկածալից, վտանգներով լի կյանքը, ի վերջո, նրան հասցնում է Մետեխի բանտ, հետո՝ Երևան, այնուհետ արտաքսվում է Իրան: Սակայն, միևնույն է, դառնացած նրա հոգին տենչում էր գեղեցիկի աշխարհը և 35 տարեկանում նա դառնում է Փարիզի գեղարվեստների մասնավոր՝ Ժուլյենի ակադեմիայի ուսանող՝ ապավինելով, դարձյալ, Խրիմյան Հայրիկի խոստացած թոշակին: Փանոս Թերլեմեզյանը աշակերտեց Ժան Պոլ Լորանսին և Բենժամեն Կոնստանին: Հենց նրանք էին Թերլեմեզյանին առաջարկում մնալ Փարիզում, սակայն 1904 թվականին նա արդեն Հայաստանում էր, Էջմիածնում: Հովհաննես Թումանյանի հետ շրջում էր լոռվա լեռնաշխարհում, վրձնում Թումանյանին, «Դսեղ գյուղը», «Լոռեցի հովիվը» անզուգական կտավը, «Սանահինի վանքի գավիթը», «Սանահին գյուղը», նրան ձգում էր Օշականը, Սևանը: Ծնունդ է առնում Արարատին նվիրված հայտնի շարքը: Փանոս Թերլեմեզյանի բնանկարները այսօր էլ գրավում են դիտողին, համոզելով, որ նկարչի համար կարևորը գաղափարն է:

Դիմանկարի վարպետը

Այս ասպարեզում էլ, ըստ արվեստաբանների, Փանոս Թերլեմեզյանը միօրինակ մոտեցում չուներ: Նա ընտրում էր կերպարին բնորոշ դիրք, շարժում, կեցվածք, որպեսզի ամբողջական դառնա մարդու նկարագիրը: Եթե Աճառյան, ուրեմն մեծ գիտնականը խորաթափանց հայացքով նայում է գրքի էջերին: Նրա Կոմիտաս վարդապետը հակված է խազերի տետրին, խորասուզված պեղում է հայոց երգի հնչերանգները: Հիշենք 1912 թվականին Կուտինայում արված Կոմիտասի դիմանկարը: Իսկապես, նկարիչը շարժվում է բոդլերյան ճշմարտությամբ. «Լավ պորտրեն մոդելի դրամատիկական կենսագրությունն է: Յուրաքանչյուր մարդուն հատուկ դրամայի հայտնաբերումը»: Այս սկզբունքով են ծնվել Արշակ Չոպանյանի, Ռոմանոս Մելիքյանի, Շիրվանզադեի, Ավետիք Իսահակյանի, Արմենակ Շահմուրադյան, Աքսել Բակունցի, Գիգո Շարբակչյանի, «Հայուհի» դիմանկարները:Նրա կերպարները հարազատ են , մտերիմ, դրսևորվում են տիպական իրավիճակների մեջ և, ամենակարևորը, արտահայտում են կամք ու հայկականություն:

Բնանկարի վարպետը

Իրատես նկարիչը չշեղվեց իր ընտրած ուղուց: Նա իր աչքով տեսավ իմպրեսիոնիզմի նվաճումները, սակայն չգայթակղվեց: Պարզապես յուրացրեց «գունային բծերի թրթիռը» և հրաժարվեց պղտոր գույներից և վրձինը ձեռքն էր առնում մի հավատամքով. «Ինձ համար արվեստում բոլոր սիստեմներից վեր է մի կաթիլ զգացումը»: Հենց այդ մեկնակետով էլ նա իր կտավներին հաղորդեց լույս, օդ, թարմ գույներ, սակայն երբեք չընդունեց տպավորապաշտներին հատուկ աշխարհըմբռնման անձնավորված կոնցեպտը: Նա ոչ թե կարևորեց այս կամ այն վայրկենական, անցողիկ տպավորությունները, այլև «մնայունը, օրինաչափը, էականը»:

«Իմ նպատակը արտաքին լուսանկարչական նմանողությունը չէ: Նկարիչը պետք է զգա, թե երբ պետք է շեշտի մթությունը, որտեղ քիչ ավելի ընդգծի կոնտուրը, որպեսզի իր մտքերը ցայտուն արտահայտվեն, որպեսզի կատարած գործը տպավորիչ լինի»:

«Փանոս Թերլեմեզյան» մենագրության հեղինակ Եղիշե Մարտիկյանը ընդգծում է. «Բնությունը անսպառ նյութ դարձավ նրա վրձնի համար: Լինի ծով, լի սար, լինի դաշտ: Ծառ, ձոր, գետ, ամենի մեջ նա տեսնում է հետաքրքիրը: Թերլեմեզյանի համար բնությունը լոկ արտանկարման առարկա չէ, այլ միջոց, որ արտահայտի իր ապրումները: Հենց այդ պատճառով էլ նրա բնանկարները, թեև իրականության պատկերն են արտահայտում, միաժամանակ դիտողին համոզելով, որ սա բնության բացարձակ ճիշտ արտացոլումը չէ, որ կտավները զտված են ավելորդ, երկրորդական տարրերից, մաղված բնության բնության խտացած պատկերներն են»[1]: Այս մոտեցումով Փանոս Թերլեմեզյանը ստեղծեց և՛ հայաստանյան, և՛ ստամբուլյան բնանկարների շարքը: Հիշենք «Բոսֆորը օրվա տարբեր ժամերին», «Ռումելի Հիսարը», «Անհայտ հերոսի դամբարանը», կամ «Իտալական էտյուդները», «Փարիզը», «Լամանշի ափերը», Իշխանաց կղզուն նվիրված շարքը, ամերիկյան շարքը, հատկապես՝ «Նիագարայի ջրվեժը», «Ֆրեզնոյի փողոցները», «Կալիֆոռնիան» և «Խաղաղականի ափերը»: Տպավորիչ են նաև նկարչի նատյուրմորտները, հին ու նոր Երևանի ձմեռները:

* * *

Թերլեմեզյանի զրույցը աշխարհի հետ գունապնակի ու վրձնի զորությամբ եղավ: Ճակատագրով իրեն բաժին հասած տառապանքից ծնվեցին ու հյուսվեցին բնանկար, նատյուրմորտ, դարերի փոշին կրող ճարտարապետական կոթողներն անմահացնող հորինվածքները, դիմանկարները, հազար ու մի էտյուդներ, որոնցով լռակյաց ու մենակյաց Փանոս Թերլեմեզյանը հաղորդվեց ու շարունակում է հաղորդվել աշխարհի ու մարդկանց հետ:

Նրա Արարատները անապական են, ընդելուզված երփնագրերը՝ զրնգուն, արբեցնող, օրհնված: Դիտում ես կտավները, թերթում նրան նվիրված մենագրություններն ու աշխատությունները ու համոզվում, որ ի վերուստ էին ցնորքն ու ցավը բնապաշտ նկարչի հոգում: Եվ ցավը մեղմելու մի ճանապարհ կար. Նկարել հենց ցավի գույնը՝ խեղդելով, ամեն պատրանք պարուրելով կանաչի շռայլ երանգներով, իրիկնամուտի շառագույնի բոսորով, արտասովոր ծիածանով՝ Բոսֆորից՝ Լա Մանշ, Սևանից՝ Իշխանաց կղզի, Խաղաղականի ափերը, Նիագարա, Տաթևի լեռներ, Ֆրեզնոյի պարտեզներն ու, վերջապես, «Պատերազմի արհավիրքները» վրձնելիս: Ամեն անգամ տարբեր, ամեն անգամ նոր ու համոզիչ:

«Այդ  հույզերով են տոգորված մեծ եղեռնը վերապրողի շատ կտավներ.«Գաղթողները ողբում են իրենց հայրենիքը, «Մայրը որոնում է դիակների մեջ իր որդուն» աշխատանքները: Տառապանքից խենթացած մոր սևաֆիգուրն ուրվագծվում է գորշ մոխրագույնով լուծված տեսարանի համապատկերին: Նկարչի վրձինն անկարող է պատկերել սահմռկեցուցիչ իրականությունն ինչպես կա: Տեսարանի դժգնությունը լրացնում է պատկերների անավարտ, էսքիզային բնույթը: Խավարի և հուսալքության մթագնած երանգներ է կրում հայերնիքի կորստի մեծ ցավն արտահայտող վրձնի լայն քսվածքներով առանձնացող այս աշխատանքը»[2]:

Տասական թվականներին Թերլեմեզյանին դարձյալ գրավում են ճարտարապետական կոթողները՝ «Բայազետ սուլթանի մզկիթը», «Սիրո տաճար», «Գոյ մզկիթը», երբ արդեն ռեալիստ նկարիչը պատկերը, բնանկարներն օծում է լույսով և օդով: 1919 թվականին, կարելի է ասել, որ Թերլեմեզյանը երկրորդ անգամ է անդրադառնում այդ կոթողների պատկերմանը: Այս անգամ արդեն հակվելով տպավորապաշտությանը հատուկ լույսի թրթիռներին: Փանոս Թերլեմեզյանին ձգում էր Իտալիան, Ամերիկայի ափերը: Ամերիկան եղավ այն հանգրվանը, որտեղից տարագիր նկարիչը, հատուկ հրավերով, վերադարձավ հայրենիք(1923թ):Մինչ վերադարձը Փանոս Թերլեմեզյանը հայրենի երկրին կտակեց իրբոլոր կտավներն ու ողջ դրամական հարստությունը: Սկսվեց Փանոս Թերլեմեզյանի ստեղծագործության խորհրդային շրջանը:Դարձյալ գերիշխողը հայկականն էր: Նրան ձգում էին Գորիսը, Ղափանը, Արզնին, Ձորագեսը, Ալավերդին: Հայկական լեռնաշխարհի այդ անկյուններում Թերլեմեզյանը վրձնեց,  առհասարակ, մուրճ և մանգաղի հաղթանակը:

Վանի ինքնապաշտպանություն մարտիկը

Թերլեմեզյանը, 1915-ին Վանի ինքնապաշտպանական մարտերի անմիջական մասնակիցն էր ու դեպքերի կիզակետում: 1916 թվականին նա իր տեսածն ու ապրածը հրատարակեց «Վան-Տոսպ» տարեգրքում՝ «Ժողովրդին ենք պարտական» խորագրով: Հոդվածում նա հանգամանորեն ներկայացնում է ինքնապաշտպանական մարտերը՝ ուրվագծելով անձնազոհ ժողովրդի մարտական ոգին ու արիությունը: Ըստ Փանոս Թերլեմեզյանի, Վանի ինքնապաշտպանությունը աշխարհազորային, ժողովրդական պատերազմ էր. «Այդ կռվի պանծալի օրերուն՝ գյուղացին գիշեր ու ցերեկ խրամատներ կը փորէր, մի քանի գյուղացի քահանաներ առյուծաշունչ երիտասարդության կողքին կը կռվեին: 4-5 տարեկան երեխաներ տեսա, որ գետինը քչփորելով թշնամու գնդակները կը հանէին հողերու մեջեն ու մեզ կը բերեին»: Հայտնի են Փանոս Թերլեմեզյանի հրապարակախոսական շնչի հոդվածները, մանավանդ՝ «Կացությունը Կովկասի մեջ» գրվածքը: Հայտնի են նրա հուշագրությունները և, մասնավորապես, կարելի է առանձնացնել 1923-ին «Հայաստանի կոչնակ» շաբաթաթերթում տպված Թերլեմեզյանի արվեստի տեսական խնդիրներին վերաբերող հոդվածը: Մերի Կիրակոսյանը իր  մենագրության մեջ ընդգծում է. «Առաջին հատվածում Թերլեմեզյանը ժխտում է «արվեստը արվեստի համար»հայտնի տեսակետը, խորհելով, որ արվեստը պետք է հասանելի և հասկանալի լինի հասարակ մարդուն: Թերլեմեզյանը ընդգծում է. «Արվեստի նպատակը կյանքի զանազան հույզերը, մոմենտները բյուրեղացած ձևով արտահայտելու մեջ կը կայանա… Օժտված արվեստագետը իրերն այնպէս օպէկթիվ կէրպով և տաղանդով կը դասավորէ, որ մենք կառաջնորդուինք գալ այն եզրակացության ինչ-որ հեղինակը կը պարտադրէ»[3]:

Փանոս Թերլեմեզյանը շատ էր փափագում, որ արտերկրում ստեղծագործող արվեստագետները վերադառնան հայրենիք: Նա սեփական փորձով գիտեր, որ «Ինքնուրույն հայ արվեստը միայն հայրենի հողին կրնա բողբոջիլ ու ծլարձակել… Այլևս մեր Երուսաղէմը հայ երկիրը պիտի ըլլա և մենք ուխտավորներ այդ սրբավայրին»[4]: Հայտնի են նրա Սուրեն Ստեփանյանի, Գաբրիել Գյուրջանյանի, Փուշմանի, Եղիշե Թադևոսյանիարվեստը վերլուծող հոդվածները: Փանոս Թերլեմեզյանին հրապուրել է նաև գրականությունը, մանավանդ թարգմանչական գործը: Քանի որ տիրապետում էր մի քանի լեզուների, այդ թվում պարսկերենին, Հովհաննես Թումանյանի քաջալերանքով, հայերեն է թարգմանում պարսից բանաստեղծ Բաբա Թահեր Օրիանի քառյակները, որը լույս է տեսնում «Գեղարվեստ» հանդեսում 1908-09 թվականներին:

Փանոս Թերլեմեզյանի կյանքի շատ այլ մանրամասներ կարելի է բացահայտել կարդալով Եղիշե Մարտիկյանի և Մերի Կիրակոսյանի մենագրությունները: Բացահայտումներից մեկը հետևյալն է՝ նա մտավորականների այն խմբի մեջ էր՝ Կոմիտաս, Վարուժան, Սիամանթո, Կոստան Զարյան, Սերովբե, Հակոբ Սիրունի, ովքեր նպատակադրվել էին տարեգիրք հրատարակել «Աստեղատան» ծրագրերի շրջանակում: Սակայն հայտնի է, որ ծրագիրը անավարտ մնաց: Իսկ 1916 թվականի գարնանը Թերլեմեզյանը մեկն էր նրանցից, ովքեր (Սուրենյանց, Սարյան, Թադևոսյան, Լևոնյան և այլք) նախաձեռնեցին հայ նկարիչների միության հիմնադրումը: Թերլեմեզյանի կենսագրության էջերը վկայում են, որ նա ապրել է հարուստ և հայանպաստ մի կյանք: Որպես տիպական օրինակ կարելի է հիշատակել նաև Պոլսի հայ արվեստի տան ստեղծումը:

Փանոս Թերլեմեզյանը և Կոմիտասը

«Կոմիտասը մի մեծություն էր, որ լուսատու գիսավորի նման մեր մշակույթի երկնակամարով անցավ, բայց թողեց լուսավոր մի հետք, որը երբեք չի ջնջվելու»[5]:

Նրանք բարեկամացան Բանկալտիում և որոշեցին բնակվել մի տան մեջ: Կոմիտասի աշխատասենյակը վերին հարկում էր: Կոմիտասը և Թերլեմեզյանը միասին շատ են շրջել: նրանց բնակավայրը դարձել էր մշակույթի կենտրոն: Այնտեղ էին լինում նաև թուրք և օտարազգի պաշտոնյաներ: Հայտնի է մի դրվագ: Նրանց էր այցելել սուլթանի արարողապետը և խնդրում է Կոմիտասին որևէ բան երգել: Կոմիտասը գերմաներեն երգում է Շուբերտի ստեղծագործություններից մեկը: «Թուրք դիվանագետը,- իր գիտական ուսումնասիրության մեջ շարադրում է Մերի Կիրակոսյանը,- չկարողանալով զսպել իրեն, ձեռքը խփում է սեղանին և ասում. «800 տարվա պետություն ենք և այսպիսի մի արվեստագետ չունեցանք»[6]: Անշուշտ, ակնարկները ընդհանրական պատկերացում են տալիս արվեստագետի մասին, մենք նույնպես չենք կարող չխուսափել շրջանցումներից, սակայն կա մի դրվագ, որ, պարզապես, մոգական ուժով է ձգում: 1912 թվական, Թերլեմեզյանը և Կոմիատսը Քյոթահիայում են, կոմպոզիտորի ծննդավայրում: Տրամադրող էր բնությունը, բլրի եզրին գտնվող անտառը, որտեղ վրանում մեկ ու կես ամիս ապրում են հայ երկու մեծերը: Ստեղծագործական բուռն օրեր էին երկուսի համար էլ և պիտի ծնվեր «Կոմպոզիտոր Կոմիտասի դիմանկարը» կտավը: Անդորրի մեջ, հայրենի հողում, արմատները ձգած ծառին հենված, խոկումների մեջ է Կոմիտասը: Հանճարեղ երգահանն ու բանահավաքը: Քյոթահիան աստեղային պահ պարգևեց նկարիչ Փանոս Թերլեմեզյանին: Դա այն շրջանն էր, երբ ամեն օր խոցում էին Կոմիտասին, վկայակոչելով, որ նա «եկեղեցու սեղանը փոխելով թատրոնների բեմերի հետ անպատվություն է բերում, թե նա պղծում է կրոնական սքեմը»[7]: Փանոս Թերլեմեզյանը, հակառակ իրավիճակին, ոգևորված է ընկերոջ և հայ մտավորականի հաջողություններով, նրա հոգեթով երգերով[8]: «1914 թվականի հունվարի 1-15 Փարիզում տեղի է ունենում երաժշտական կոնգրեսը: Կոմիտասը կարդում է երկու դասախոսություն և ներկաների դատին է հանձնում մեկ համերգ: Այդ օրերին նրան ունկնդրելու էին գալիս գրեթե բոլոր դեսպանները, երաժշտության կորիֆեյները, որքեր ոտնկայս ողջունում էին Կոմիտասին և պահանջում, որ նրա բոլոր գործերը հրատարակվեն: Եվրոպական և արաբական թերթերը գովեստի խոսքեր են շռայլում: Թերլեմեզյանը գտնվում էր Պոլսում և Կոմիտասի կողմից ստանում է 18 էջից բաղկացած մի նամակ, որը ներկայացնում էր մեծ երգահանի տպավորությունները կոնգրեսից և համերգից»[9]: Սակայն Պոլսում Կոմիտասին սպասում էին սրերով և նա, ստիպված, «Ազատամարտի» էջերում գրում է. «Ես տարիների աշխատանքով գծել եմ իմ ուղեգիծը, ուրկե ընթացել եմ մինչև այսօր և պիտի ընթանամ ասկե ետքն ալ՝ որքան ատեն ուժ կա երակներուս մեջ: Ոչ մի խոչնդոտ չի կրնար կասեցնել զիս իմ առաքելության մեջ, որուն նվիրականության ես համոզված եմ բոլոր սրտովս»: Ջերմ էր ու ընկերական Թերլեմեզյանի և Կոմիտասի բարեկամությունը: 1921 թվականին Կոմիտասն արդեն Փարիզի Վիլ-Ժյուիֆի հիվանդանոցում էր: Թերլեմեզյանը չէր կարող Ֆրանսիայում լինելով չայցելել հիվանդ ընկերոջը: Խոսում են աշակերտներից, հայ և եվրոպական երաժշտությունից, Թերլեմեզյանը հանկարծ ասում է. «Կոմիտաս ջան, մի բան երգիր ինձ համար»: «Չէ, հիմա ես ինձ համար եմ երգում և այն էլ շատ կամաց»: Մի կես ժամ հետո Կոմիտասը հանկարծ մռայլվում, խռովում, հեռանում է. «Գնաց, երեսը կպցրեց պատուհանի ապակուն ու էլ չխոսաց»: Փանոս Թերլեմեզյանը վերջին անգամ Կոմիտասին պետք է այցելեր 1928 թվականին:

Թերլեմեզյանի և Կոմիտասի փարիզյան հոգեբուժարանում հանդիպումները ներշնչել են Գուրգեն Մահարուն և ծնվել է «Երգ մահու և անմահության» դրամատիկ ստեղծագործությունը: Տիպական են Փանոսի խոհերը. «Մի՞թե դուք կարծում եք, որ Կոմիտասը, իսկական Կոմիտասը այստեղ է… Ո՛չ, այստեղ Կոմիտաս չկա: Իսկական Կոմիտասը վաղուց ապրում է Հայաստանում, Երևանում, իսկ այստեղ այդ լուսավոր մարդու ստվերն է միայն, սարսափելի ստվերը… Հազար ափսոս… Մի ամբողջ ակադեմիա, հնչյունների մի ամբողջ աշխարհ: Հազար նզովք և հազար ափսոս…»[10]:

Հ.Գ. Ուշադրություն դարձրե՞լ եք… Կոմիտասի անունը կրող թանգարան ինստիտուտի սրահներում, որքան էլ մարդաշատ լինեն, իշխում է լռությունը: Ներկաներն անշշուկ են անցնում մասունքից-մասունք, ցուցանմուշից-ցուցանմուշ և երկյուղածորեն են մոտենում ժողովրդական նկարիչ Փանոս Թերլեմեզյանի վրձնած «Կոմիտասի դիմանկարը» գլուխգործոցին:Հետո գնում են խոնարհվելու հայոց պանթեոնի բնակիչներին: Մի քանի քայլ և կհասնենս Թերլեմեզյանի անունը կրող կրթօջախ:

– Անշուշտ, ճակատագիր է: երկու անբասիր հայ, երկու մեծանուն շարունակում են փոխկանչի մեջ մնալ,- ասում է Փանոս Թերլեմեզյանի անվան քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանը, անմիջապես հրավիրելով նկարչի տուն, վաղամեռիկ, տաղանդաշատ, թերլեմեզյանցի, նախկին տնօրեն Նարեկ Առուշանյանի անհատական ցուցահանդեսին,- Նրանք՝ մեր մեծերը, անձնական երջանկություն չունեցան, ջերմ, ընտանեկան օջախից զուրկ ապրեցին, սակայնբոլոր թերլեմեզյանցիները, կրթօջախի գոյության օրվանից, նրանց զավակներն են, ժառանգներն ու նրանց արվեստը կրող ժառանգորդները: Նրանք գիտեն, որ թերլեմեզյանցի լինելը պատիվ է ու պարտավորություն: Ավելին, որ մեր մեծերը վերևներից հսկում են մեր երթը:

Արփեն  Մովսեսյան

Օգտագործված գրականություն

Գուրգեն Մահարի, Երկերի ժողովածու, հատոր V, Երևան «Խորհրդային գրող» հրատ., 1989

Մերի Կիրակոսյան «Փանոս Թերլեմեզյանի կյանքը և ստեղծագործությունը», Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2014

Եղիշե Մարտիկյան «Փանոս Թերլեմեզյան», Երևան, Հայպետհրատ. 1941

Եղիշե Մարտիկյան «Փանոս Թերլեմեզյան», Երևան, Հայպետհրատ., 1964

[1]«Փանոս Թերլեմեզյան» Եղիշե Մարտիկյան, Հայպետհրատ. 1941, էջ 33

[2]Փանոս Թերլեմեզյանի կյանքը և ստեղծագործությունը» Մերի Կիրակոսյան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2014, Երևան, էջ 96

[3]Նույն տեղում, էջ 128,129

[4]Նույն տեղում, էջ 129

[5]Փ.Թերլեմեզյան «Կյանքիս հուշերը»

[6]Փանոս Թերլեմեզյանի կյանքը և ստեղծագործությունը» Մերի Կիրակոսյան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2014, Երևան, էջ 60

[7]Փ.Թերլեմեզյան «Կյանքիս հուշերը»

[8]Փանոս Թերլեմեզյանի կյանքը և ստեղծագործությունը » Մերի Կիրակոսյան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2014, Երևան, էջ 96

[9]Նույն տեղում, էջ 63

[10]Գուրգեն Մահարի, Երկերի ժողովածու, հատոր V, Երևան «Խորհրդային գրող» հրատ., 1989, էջ 427-28

Leave a Reply